ՆՇՎԵՑ ՌԱԶՄԱԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՕՐԸ
ՀՀ զինված ուժերում ֆիզիկական պատրաստության դերը բարձրացնելու, զորամասերում ռազմակիրառական մարզաձևերը մասսայականացնելու, մարզաբազաները կատարելագործելու, զորքերում առողջ ապրելակերպ քարոզելու և մարզական շարժման մեջ մեծ թվով զինծառայողներ ներգրավելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի` 2012թ հունիսի 20-ի հրամանով յուրաքանչյուր տարվա հունիս ամսվա վերջին կիրակի օրը ՀՀ զինված ուժերում սահմանվել է ՌԱԶՄԱԿԱՆ ՍՊՈՐՏԻ օր, որը տոնականորեն նշվում է զինված ուժերի բոլոր ստորաբաժանումներում մարզական միջոցառումների տեսքով: Յուրաքանչյուր տարի այս տոնը մեծ հանդիսությամբ նշվում է նաև ՊՆ վարչական համալիրում, որին մասնակցում է ՊՆ կենտրոնական ապարատի ողջ անձնակազմը:
Տոնական միջոցառման բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով և շնորհավորանքով ելույթ ունեցավ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, կատարվեց առաջնությունների վիճակահանություն: Թիմերը բաժանվել էին ըստ պաշտպանության նախարարի և գլխավոր շտաբի պետի տեղակալների ենթակայության վարչությունների և բաժինների` պայմանական ՊՆ 1, 2, 3 և 4 ու ԳՇ 1, 2, 3, և 4 թիմերի: Այս տարվա ծրագրով նախատեսվել էին վոլեյբոլի և ֆուտբոլի առաջնություններ, որոնց մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ.
ՎՈԼԵՅԲՈԼ
1-ին տեղ` ԳՇ-1 թիմը` ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչական ապարատ, ԶՈՒ ԳՇ պետի և ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ս. Գալստյանի ենթակայության վարչություններ և բաժիններ,
2-րդ տեղ` ԳՇ-4 թիմը` ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լ. Մնացականյանի ենթակայության վարչություններ և առանձին բաժիններ,
3-րդ տեղ` ԳՇ-2 թիմը` ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Է. Ապրիամովի ենթակայության վարչություններ և առանձին բաժիններ:
ՖՈՒՏԲՈԼ
1-ին տեղ` ՊՆ-3 թիմը` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանի ենթակայության վարչություններ և բաժիններ,
2-րդ տեղ` ՊՆ-2 թիմը` ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ. Տոնոյանի և պաշտպանության նախարարի ենթակայության վարչություններ և բաժիններ,
3-րդ տեղ` ԳՇ-2 թիմը` ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Է. Ապրիամովի ենթակայության վարչություններ և առանձին բաժիններ:
Այս տարվա մրցումների առանձնահատկությունն այն էր, որ թիմերի կազմում ընդգրկվեցին և իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան խաղերին պաշտպանության նախարարի և գլխավոր շտաբի պետի տեղակալներ ու բազմաթիվ գեներալներ ու գնդապետներ:
Մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվեցին գավաթներով և խրախուսվեցին պատվոգրերով, պարգևատրումը կատարեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը:
ԱՐՄԱՆ ԴԱՎԹՅԱՆ
Խորագիր՝ #26 (993) 4.07.2013 – 10.07.2013, Ազգային բանակ