Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐՏԿՈՑՈՒՄ (ՎԱՇՏՈՒՄ) ՇԱԲԱԹՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ԿԱՐԳԸ



Մեթոդական օգնության նպատակով ներկայացնում ենք ՊԲ-ում ԶԾ փորձի փոխանակման ժամանակ ներկայացված «Մարտկոցում (վաշտում) շաբաթվա արդյունքների ամփոփման կարգի» օրինակելի տարբերակը` մարտկոց (վաշտ), դասակ օղակի հրամանատարների համար:

Նախքան տարբերակը ներկայացնելը ավելորդ չենք համարում հիշեցնել, որ արդյունքների ամփոփումն անցկացվում է.

– ջոկերում (անձնակազմ, հաշվարկ), դասակներում՝ ամեն օր` ինքնապատրաստության ժամերին կամ օրվա վերջում:

Արդյունքների ամփոփումներին պարբերաբար կարող են մասնակցել վաշտի, գումարտակի հրամանատարները (նրանց տեղակալները), զորամասի հրամանատարը (տեղակալները, ծառայությունների և զորատեսակների պետերը)` դասակների, ջոկերի հրամանատարների զարգացման մակարդակը, վերլուծությունների կատարման ունակությունները և անձնակազմի խրախուսման ընթացքը վերահսկելու, ինչպես նաև լավագույն զինծառայողներին առանձնացնելու համար,

– վաշտերում (մարտկոցներում)` ամեն շաբաթ, ուրբաթ օրը` ետճաշյա ժամերին:

Արդյունքներն ամփոփելու համար զորամասի հրամանատարի տեղակալը 2-3 օր առաջ կազմում է վերահսկման աղյուսակ` ընդգրկելով զորամասի հրամանատարի տեղակալներին, ծառայությունների և զորատեսակների պետերին, գումարտակների (դիվիզիոնների) հրամանատարներին և նրանց տեղակալներին (եթե նրանք ընդգրկված չեն` գումարտակի (դիվիզիոնների) հրամանատարն իր որոշմամբ տեղակալներին բաշխում է ըստ վաշտերի, մարտկոցների) և ներկայացնում զորամասի հրամանատարի հաստատմանը: Սահմանված ժամին նշված անձինք ներկայանում են վաշտ (մարտկոց) և մասնակցում արդյունքների ամփոփմանը:

Հրամանատարն ամփոփում է արդյունքները, որից հետո կազմվում է երկու զեկուցագիր. վաշտի հրամանատարը` գումարտակի հրամանատարին, իսկ մասնակցող պետը` զորամասի հրամանատարին,

– մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների արդյունքների ամփոփումը կատարվում է շաբաթվա ընթացքում (բացառությամբ ուրբաթ և շաբաթ օրերի), հրամանատարի որոշմամբ:

«Մարտկոցում (վաշտում) շաբաթվա արդյունքների ամփոփման կարգ»

Բացման` ներածական խոսք

Պարոնայք սպաներ, սերժանտներ և զինվորներ, ամփոփում եմ մարտկոցի մարտական պատրաստականության, մարտական պատրաստության, զորքերի ծառայության, զինվորական կարգապահության շաբաթվա արդյունքները:

Մարտական պատրաստականություն

Շաբաթվա ընթացքում ամեն օր մարտկոցում ճշտվել է մարտական հաշվարկը` ընթերցվել երեկոյան անվանականչին: Ստուգվել է անձնակազմի պարտականությունների իմացությունը տագնապի ազդարարման դեպքում:

Մարտական պատրաստություն

Համաձայն մարտական պատրաստության պլանի, անցկացվել են դասացուցակով նախատեսված պարապմունքները լրիվ:

Ըստ առարկաների պարապել ենք`

– Մարտական պատրաստությունից՝ Թեմա 3. «Հաշվարկը հարձակվելիս»: Պարապմունքներն անցկացվել են հաշվարկների կազմով: Հիմնականում բոլոր հաշվարկների հրամանատարներն իրենց ենթակա անձնակազմին ուսուցանել են ճիշտ, և հաշվարկների համարները ձեռք են բերել անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ: Հաշվարկների հրամանատարները, սակայն, անելիքներ դեռեւս շատ ունեն ճիշտ և արդյունավետ պարապմունքներ կազմակերպելու համար, որի հիմնական պատճառը փորձի պակասն է:

Պարապմունքների արդյունքներով՝ լավագույն հաշվարկը համարվում է` 1 ԿԴ 3-րդ հաշվարկը, հրամանատար` սերժանտ Պոդոսյան, քանի որ միայն սերժանտ Պոդոսյանն է մեթոդապես ճիշտ կազմակերպել պարապմունքները:

Համեմատաբար թույլ կողմերով ներկայացվում է 2 ԿԴ 3-րդ հաշվարկը, հրամանատար` կրտսեր սերժանտ Բաղդասարյան: Կրտսեր սերժանտ Բաղդասարյանը, պարապմունքների սկզբնական շրջանում գտնվելով բուժկետում, ուստի եւ ուսուցման մասնագիտական առումով ետ է մնացել մյուսներից:

Այժմ ԿԴ-ի մասնագիտական և տեխնիկական պարապմունքների մասին զեկույցի համար խոսքը տրվում է լեյտենանտ Բարխուդարյանին:

– Մասնագիտական պարապմունքներից անցկացվել է. Թեմա 1. «Հաշվարկի համարների աշխատանքը և տեղավորումը»: Պարապմունքների ժամանակ անձնակազմին՝ բացատրվել է մասնագետների տեղավորումը հրանոթի մոտ: Ուսուցանվել է նաև N2 «Մարտի» և N13 «Ավարտ» նորմացույցների կատարումը: Հաշվարկի անձնակազմին՝ ըստ իրենց պաշտոնների մանրամասն բացատրվել են` «Մարտի» և «Ավարտ» նորմացույցները կատարելու ժամանակ կատարելիք իրենց գործողությունները, դասակների անձնակազմերը թեման յուրացրել են, սակայն վերջին զորակոչի զինծառայողների որոշ մասը հետ է մնում նորմացույցների պահանջներից:

Պարապմունքների արդյունքով՝ լավագույն հաշվարկ է ճանաչվում` 1 ԿԴ 2-րդ հաշվարկը, հրամանատար` սերժանտ Մելքոնյան, քանի որ շաբաթվա ընթացքում միայն 2-րդ հաշվարկում է նկատվել դրական առաջխաղացումը:

Համեմատաբար թույլ ցուցանիշներ ունի 1 ԿԴ 1-ին հաշվարկը, հրամանատար` սերժանտ Շահվերդյան:

– Տեխնիկական պատրաստությունից՝ Թեմա 1. «Հրանոթի կառուցվածքը»: Պարապմունքի ժամանակ անձնակազմին մանրամասն ուսուցանվել է հրանոթի կառուցվածքը և ՄՏԲ-ն, որպեսզի վերջին զորակոչի զինծառայողները հնարավորինս հեշտ յուրացնեն տվյալ թեման:

Պարապմունքների ժամանակ վարորդներին բացատրվել է մեքենաների կառուցվածքը, շահագործման կարգը, անվտանգության պահանջները…

Դասակի և ջոկերի պարոնայք հրամանատարներ, առավել մեծ ուշադրություն դարձրեք թերացող զինծառայողների մասնագիտական գիտելիքների բարձրացման վրա:

Շարունակելի

Խորագիր՝ #27 (994) 11.07.2013 – 17.07.2013, Ռազմական


11/07/2013