Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

…ԵՎ ԿԻՐԱԿԱՆԱՆԱՆ ՔՈ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ



ԱՇՈՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
պահեստի մայոր

Ես այն տղաներից եմ, որ դեռ փոքրուց երազել են զինվորական դառնալ… Ձեռքս ընկած ամեն ինչ զենք էր՝ եթե կարճ փայտ էր, ատրճանակ էր, եթե երկար՝ ձի… Ապրում էի իմ երազանքով և անհամբեր սպասում, թե երբ կմեծանամ, որ բանակ գնամ, զինվոր դառնամ, իսկական զենք ձեռքս առնեմ… Մի օր էլ, չգիտեմ ինչքան սպասելուց հետո, տասնութս վերջապես լրացավ… Տասնութս լրացավ, բայց ճակատագիրը երես թեքեց ինձնից: Առաջին իսկ բուժզննման ժամանակ զինկոմիսարիատի բժիշկները պարզեցին, որ ձախ ձեռքիս մատները ավելի կարճ են աջ ձեռքիս մատներից, ու ես շարային ծառայության համար պիտանի չեմ… Իմ բոլոր խնդրանքները, աղաչանքները, թե ես աջլիկ եմ, զենքը աջ ձեռքի մատներով են կրակում, որ աջս կրկնակի ուժեղ է, արդյունք չտվեցին, ինձ ազատեցին զինվորական պարտադիր ծառայությունից: Իմ ընկերները բանակ գնացին, իսկ ես մնացի տանը: Դեռ պատանի, ես ստացա իմ կյանքի առաջին և ամենամեծ հարվածը՝ զրկվեցի մանկությանս երազանքը իրականացնելու՝ զինվոր դառնալու հնարավորությունից…

«Պիտանի չէ զինվորական ծառայությանը» խոսքերը ես չէի կարողանում մոռանալ: Անգամ հիշում էի Սպիտակի երկրաշարժի օրերին, երբ օգնում էի փլատակների տակ մնացած աղետյալներին, մեքենայով տարբեր կարգի փրկարարական օգնություն էի կազմակերպում: Հեռակա կարգով դեռ վիճում էի զինկոմիսարիատի բժիշկների հետ. «Բա ո՞նց եմ այս ձախ ձեռքիս մատներով բահ բռնում, քար բարձրացնում, այսքան գործ անում, չե՞ք տեսնում՝ աջիս հավասար աշխատում է, դեռ մի բան էլ ավելի…»: Բայց ինքս ինձ հետ խոսելուց, տալուց-առնելուց ոչինչ չէր փոխվում, ո՛չ իմ վիրավորանքն էր մեղմանում, ո՛չ էլ սիրտս էր հովանում… Եվ ես անիծում էի իմ ճակատագիրը…

Ես այն ժամանակ դեռ երեխա էի, դեռ շատ բան չէի հասկանում, դեռ ծանոթ չէի, չէի կարդացել բրազիլացի գրող Պ. Կոելոյի այս խոսքերը, թե՝ եթե մի բան շատ ես երազում, շա՜տ-շա՜տ, ապա ամբողջ աշխարհը միավորվում է, որ դու քո երազանքին հասնես… Ես դեռ չգիտեի, որ ճակատագիրն ինձ՝ Առինջ գյուղում ծնված տղայիս իր մանկության երազանքը իրականանալու ծանր, դաժան ու դժվարին հնարավորություն է ընձեռելու… Արցախյան պատերազմն սկսվելուն պես, ես զենք ձեռքս առա ու մեկնեցի հայրենիքս պաշտպանելու…

Դեռ մի կարգին զինված էլ չէինք, ձեռքներիս զենքերը հիմնականում ինքնաշեն էին… Բայց ես այդ ինքնաշեն զենքը ցուցադրաբար միայն ձախ ձեռքովս էի բռնում, որ բոլորը տեսնեն, որ ոչինչ, ոչ մի բժիշկ, ոչ մի որոշում ու թուղթ, ֆիզիկական ոչ մի թերություն չեն կարող ինձ արգելել իրականացնելու իմ երազանքը… Զենքը ձախ ձեռքիս մատներով ամուր բռնած՝ կռվեցի Երասխավանում, հետո տեղափոխվեցի Նոյեմբերյանի Ոսկեպար գյուղ… Արդեն դասակի հրամանատար էի… Իմ հրամանատարությամբ գործող ջոկատը, որի անդամների թիվն արդեն հիսունից անցել էր, մարտական լրջագույն փորձության ենթարկվեց Կրասնոսելսկի Վահան գյուղի ինքնապաշտպանության ժամանակ: Մենք մարտական փորձառություն, կորով, վճռականություն էինք ձեռք բերում մարտից մարտ՝ մեր ընկերների թանկագին կյանքերի գնով… Կոռնիձոր, Խնձորեսկ, Հադրութ, Ասկերան, Աղդամ, Լաչին… Վիրավորվում եմ Քարին տակում. արկի պայթյունի ալիքը ինձ մի քանի մետր հեռու է շպրտում կանգնած տեղիցս… Աչքերս բացում եմ զինվորական հոսպիտալում՝ երրորդ օրը միայն… Իսկ երբ շուրջս հավաքված տղաները կատակում են. «Զենքը գրկած էիր մեռնում», ես ինքս էլ փորձում եմ կատակել. «Ձա՞խ ձեռքով»: Մի շաբաթ անց արդեն շարքում էի, ընկերներիս կողքին… Իմ դեղն ու ճարը, իմ բժիշկը նրանք էին, իմ հիվանդասենյակն ու հոսպիտալը նրանց կողքին էր…

Այս ճանապարհով են անցել հազարավոր հայ կամավորականներ, զինվորներ… Ես այդ դաժան, բայց հերոսական ճանապարհին տեսա ու համոզվեցի, որ, այո՛, թեև մենք փոքրաթիվ ազգ ենք, բայց հպարտ ու քաջ, որ մեր ուժը մեր հավատի ու մեր միաբանվածության մեջ է… Նաև տեսա ու հասկացա, որ մարդ արարածը շատ հզոր է, որ ոչինչ չի կարող նրան հաղթել, եթե ինքը չի ուզում պարտվել, և որ ոչինչ չի կարող նրան արգելել հասնելու իր երազանքին…

Ես այդ երջանիկներից մեկն եմ:

Պատրաստեց ԱՍՏՂԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԸ

Խորագիր՝ #27 (994) 11.07.2013 – 17.07.2013, Ճակատագրեր


11/07/2013