Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՎԱԳ ՌԱՖԻԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ



Ավագ Ռաֆիկ Նահապետյանը դասակի հրամանատար է: Դասակը լավագույններից է զորամասում և հիմնականում հրամանատարի շնորհիվ: Ռաֆիկը քսան տարեկան է. սովորել է մայրաքաղաքի 106 միջնակարգ դպրոցում, որն էլ ավարտելուց հետո ընդունվել է ճարտարապետաշինարարական համալսարանի քոլեջ, որից հետո զորակոչվել է բանակ` հրետանային ուսումնական զորամաս: Վեց ամիս անց նա կրտսեր սերժանտի կոչումով տեղափոխվել է մարտական զորամաս և նշանակվել ջոկի հրամանատար: Հրամանատարությունը նկատելով մարտական պատրաստության ծրագրով նրա առաջադիմությունը, զինվորական ստորաբաժանում ղեկավարելու ընդունակությունները, կրտսեր սերժանտին ներգրավում է ավագի դասընթացներում: Ստանալով համապատասխան գիտելիքներ ու հարստացնելով փորձը՝ նա հաջողությամբ է ղեկավարում նաև իր հրամանատարության տակ եղած դասակը:

-Սպառազինությունը հիմնականում բաղկացած է հակատանկային զինատեսակներից: Պարապմունքներն անցկացնում ենք վարժասարքերի միջոցով ու փոխարինիչներով, իսկ հաստիքային արկերով (հրթիռներով)` միայն զորավարժությունների, առանձին ստուգումների ժամանակ: Որպես դասակի հրամանատար` մասնակցել եմ երեք զորավարժությունների, վերջինը` ապրիլ ամսին: Բոլոր դեպքերում էլ հրամանատարությունը գոհ է եղել արդյունքներից: Գոհ եմ դասակի բոլոր զինվորներից, մանավանդ՝ ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Գառնիկ Թումանյանից եւ նշանառու-հրաձիգ, շարքային Խաչիկ Վարդանյանից: Ասեմ նաև, որ հրաձգության` ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ ստուգողականից դասակի զինվորներն ստանում են միմիայն բարձր` «լավ» ու «գերազանց» գնահատականներ:

Ծառայության պայմանների, զորամասի մասին ավագ Ռ. Նահապետյանն ասաց.

-Իմ կարծիքով՝ ես ծառայում եմ մեր բանակի ամենալավ զորամասում:

Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ
Լուսանկարները` հեղինակի

Խորագիր՝ #27 (994) 11.07.2013 – 17.07.2013, Ազգային բանակ


11/07/2013