ԶԻՆՎՈՐԻ ԱՐԴԱՐ ՎԱՍՏԱԿԸ
Ավարտված ուսումնական փուլը գնդապետ Կ. Սերոբյանի հրամանատարությամբ գործող մոտոհրաձգային զորամասի համար բավական հաջող էր: Ստորաբաժանումներն ամբողջությամբ կատարեցին ուսումնական ծրագրով նախատեսված միջոցառումները` տեսական ու գործնական պարապմունքները, ճամբարային հավաքները, մարտավարական զորավարժությունները: Զորամասի հրամանատարությունը կարևորում է հատկապես այն իրողությունը, որ թե՛ հրետանավորները և թե՛ հրաձգային ու զրահատեխնիկական գումարտակների ստորաբաժանումներն ու առանձին զինծառայողները բարձր արդյունքներ ցույց տվեցին կրակայինից, մարտավարությունից, մարտավարամասնագիտական պատրաստությունից:
Հունիսի կեսերին նախատեսված հերթական ճամբարային հավաքն էր անցկացնում հրաձգային գումարտակներից մեկը: Երբ այցելեցինք ճամբար, պարապմունքները ղեկավարում էր շտաբի պետ, մայոր Կ. Նավասարդյանը:
-Չենք բավարարվում միայն ծրագրով նախատեսված պարապմունքներով: Կազմակերպում ենք արշավներ, ռազմերթեր, իրականացնում ենք հատուկ առաջադրանքներ փոքր ստորաբաժանումների` ջոկերի ու դասակների կազմերով, որոնք նպաստում են զինվորների մտածողության, ինչպես նաև արագաուժային, ֆիզիկական ունակությունների զարգացմանը, նպաստում հայրենաճանաչողությանը,-ասաց մայոր Նավասարդյանը:
Նախ հետևեցինք ականանետային դասակի զինվորների պարապմունքին. դասակի հրամանատարն ավագ լեյտենանտ Նարեկ Պողոսյանն էր: Հաշվարկներից մեկը առանց մարտական կրակի խնդիրներ էր կատարում հրանոթով: Հաշվարկի հրամանատար, սերժանտ Գևորգ Սարգսյանը, հաշվարկի համարներ, նշանառու շարքային Տարոն Գևորգյանը և հաշվարկի համար, շարքային Սևակ Չթեյանը լավագույնս դրսեւորելով իրենց մասնագիտական հմտությունները, հրանոթը մարտական կրակի նախապատրաստեցին ընդամենը քսան վայրկյանում, այն դեպքում, երբ գերազանց գնահատական ստանալու համար պահանջվում է քառասունհինգ վայրկյան:
-Այս զենքով մարտական կրակ շատ ենք կատարել՝ մանավանդ ապրիլ ամսին անցկացված զորավարժության ժամանակ,- ասաց հաշվարկի հրամանատարը:
Իրենց կարողությունները ցուցադրեցին ՀԱՆ-17-ի զինվորները: Ստանալով հրամանը՝ նրանք շատ արագ զենքը տեղադրեցին ուր որ նախատեսել էին և պատրաստվեցին կրակի: Սովորաբար այս զենքն օգտագործողներն իրենց մասնագիտությունը ձեռք են բերում ուսումնական զորամասում, այնուհետեւ մշտական տեղակայման զորամասում նշանակվում են որպես ջոկի (հաշվարկի) հրամանատարներ և տեղում ուսուցանում են իրենց օգնականներին: Այդ առումով, կարելի է ասել, իրենց լավ են դրսևորում դասակի հրամանատարի տեղակալ, ավագ սերժանտ Գեղամ Գևորգյանը, ավագ սերժանտ Խաչատուր Խեչումյանը, շարքայիններ Վաղինակ Հովհաննիսյանը, Նարեկ Ենգիբարյանը: Իսկ հակատանկային դասակի հրամանատար, ավագ Արտաշես Ալեքսանյանը, որ բանակ էր եկել պետական ճարտարագիտական համալսարանն ավարտելուց հետո, ակնհայտորեն տիրապետում էր զենքի օգտագործման բոլոր նրբություններին և աչքի էր ընկնում ստորաբաժանումը ղեկավարելու վարպետությամբ:
Մասնագիտական զրույց ունեցանք նաև «ֆագոտ» դասակի հաշվարկի հրամանատար, կրտսեր սերժանտ Էդուարդ Արզումանյանի, հաշվարկի համար, շարքային Սարգիս Աբգարյանի, «մետիս» հաշվարկի հրամանատարներ, կրտսեր սերժանտներ Արմեն Ավետիսյանի, Ժորա Պողոսյանի, շարքայիններ, գնդացրորդ Դավիթ Կարապետյանի, նռնականետորդ Ռոման Ապրիկյանի, վարորդ Սրետան Գասպարյանի հետ, համոզվեցինք, որ նրանք իրենց ամրացված զենքերին տիրապետում են կատարելապես: Այդ ընթացքում զենքով և առանց զենքի շարային վարժություններ էին կատարում կապիտան Ա. Թովմասյանի հրամանատարությամբ գործող վաշտի զինվորները:
-Կարող եմ վստահեցնել, որ այստեղ` ճամբարում, ողջ անձնակազմը շատ լավ է աշխատում: Առաջադրանքները ջանասիրաբար են կատարում հատկապես դասակների հրամանատարները, ինչը կարևոր է նրանց մարտավարական ունակությունների զարգացման համար: Գովեստի են արժանի ավագ լեյտենանտներ Ա. Մուրադյանը, Հ. Ավագյանը, լեյտենանտ Կ. Արիստակեսյանը,-ավելացրեց մայոր Կ. Նավասարդյանը:
Նկատելի էր, որ գումարտակի կազմում շատ են բարձր կոչում (սերժանտ, ավագ սերժանտ, ավագ) ունեցող զինվորները: Զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Հ. Պետրոսյանը պարզաբանեց.
-Մենք շատ ուշադիր ենք այդ հարցում: Եթե զինվորները լավ են ծառայում, մենք էլ պարտավոր ենք ժամանակին տեսնել ու գնահատել նրանց ծառայությունը, ինչը նաև ոգևորիչ գործոն է, ամենակարևորը՝ իրենց արժանի վաստակն է: Հակառակ դեպքում ժամանակին զինվորին, զինծառայողին կոչում չշնորհելը պարտականությունների կատարման տեսանկյունից կդիտվի որպես թերացում:
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուսանկարները` հեղինակի