Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐՏԿՈՑՈՒՄ (ՎԱՇՏՈՒՄ) ՇԱԲԱԹՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ԿԱՐԳԸ



Սկիզբը՝ նախորդ համարում

Զորքերի ծառայություն և զինվորական կարգապահություն

Զորքերի ծառայությունը շաբաթվա ընթացքում կազմակերպվել է համաձայն սահմանված ղեկավար փաստաթղթերի / ԶՈՒ Համազորային կանոնադրություններ, ԶՈՒ ԶԾ և ԶԾԱԱ մեթոդական ձեռնարկ, ԶԾ ուղեցույց…/ եւ վերադաս հրամանատարության հրամանների ու կարգադրությունների:

Շաբաթվա ընթացքում ըստ վերակարգի գրաֆիկի՝ անձնակազմն ընդգրկվել է ներքին վերակարգում:

Թե՛ հերթապահները և թե՛ օրապահները իրենց պարտականությունները կատարել են բարեխղճորեն` համաձայն ԶՈՒ ՆԾԿ պահանջների, սակայն որոշ փոխարինող օրապահներ անվստահ են կատարել հերթապահի պարտականությունները: Նկատվում է որոշակի կաշկանդվածություն ավագ պետերին զեկուցելու ժամանակ:

Ոչ բոլոր հերթապահներն են կարողանում ճիշտ գրառումներ կատարել զենքի և զինամթերքի բացթողման գրքերում: Օրինակ՝ կրտսեր սերժանտ Շահվերդյանը, մարտի 5-ին լինելով մարկոցի հերթապահ, զենքի և զինամթերքի բացթողման գիրքը լրացրել է ջնջումներով և առանց ինքնաձիգի տեսակը նշելու:

Շաբաթվա արդյունքներով՝ մարտկոցի լավագույն հերթապահ է համարվում 2 ԿԴ 1-ին հաշվարկի հրամանատարխ կրտսեր սերժանտ Թաթոսյանը:

Մարտի 4-ին մարտկոցն ստանձնել է ներքին պահակային ծառայությունը: Պահակային ծառայությունն անցել է առանց արտակարգ դեպք ու պատահարի: Համաձայն ստուգումների վերաբերյալ արված գրառումների և պահակապետերի զեկույցների՝ պահակախումբը ծառայությունը կատարել է ԶՈՒ ԿուՊԾԿ պահանջներին համապատասխան: Սակայն զորամասի վերահսկիչ խմբի տված «Հարձակում պահակատան վրա» ներմուծականով, շարքային Բադիկյանը և շարքային Գրիգորյանը գործել են անվստահ:

Պահակային ծառայությունից աչքի է ընկել շարքային Թովմասյանը, որի համար հայտարարվում է «Շնորհակալություն»:

Լեյտենանտ Բարխուդարյանին` մինչ հաջորդ պահակային ծառայության ստանձնումը` անցկացնել լրացուցիչ պարապմունք մարտական պատրաստականությունից եւ հատուկ ուշադրություն դարձնել շարքային Բադիկյանի ու շարքային Գրիգորյանի վարժվածությանը:

Ընթացիկ շաբաթում մարտկոցում արտակարգ պատահար չի գրանցվել: Սակայն տեղ են գտել կարգապահական խախտումներ, որոնց հետևանքով մարտկոցի կարգապահության ցուցանիշը նախորդ շաբաթվա համեմատ ընկել է: Այսպես, օրինակ` շարքային Բաբայանը մարտի 1-ին առանց թույլտվության բացակայել է մարտկոցի տարածքից, որի հետևանքով հաջորդ պարապմունքին ներկայացել է 25 րոպե ուշացումով: Շարքային Բաբայանին նման արարքի համար հայտարարվել է «Նկատողություն»: Մարտի 1-ին շարքային Սայադյանը երեկոյան անվանականչի ժամանակ շարքում կանգնած է եղել թափթփված վիճակով, դրանով իսկ խախտելով ինչպես հագուստի կրման կարգը, այնպես էլ կարգապահության կանոնները: Քանի որ նմանատիպ պահվածքի համար շարքային Սայադյանը նախկինում ստացել էր «Նկատողություն» և հետևություն չի արել, այս անգամ նրան հայտարարվել է «Խիստ նկատողություն»:

Շաբաթվա ընթացքում մարտկոցի կարգապահությունը գնահատվում է «բավարար»:

Զորքերի բարելավում

Զորանոցում մեծ ուշադրություն է դարձվել անկողնային պարագաների մաքրությանը, կողապահարանների համալրվածությանը և դասավորվածությանը` նկատի ունենալով համայցի ժամանակ զորամասի հրամանատարի արած դիտողությունները: Շաբաթական բաղնիքը կազմակերպվել է ըստ գրաֆիկի:

Զորամասի հրամանատարի 2013թ. թիվ 20 հրամանի պահանջներով զորամասում անցկացվել են ջոկերի ներդաշնակման ստուգողական պարապմունքներ: Պարապմունքների արդյունքներով՝ նշվում է`

-լավագույն դասակ` ՄԿԴ,

-լավագույն հաշվարկ` 1 ԿԴ 3-րդ հաշվարկ` հրամանատար, սերժանտ Պոդոսյան,

– լավագույն հաշվարկի հրամանատար` 1 ԿԴ 3-րդ հաշվարկի հրամանատար, սերժանտ Պոդոսյան,

– լավագույն նշանառու` 1 ԿԴ 2-րդ հաշվարկի նշանառու, շարքային Գաբոյան,

– լավագույն հաշվարկի համար` 2 ԿԴ 1-ին հաշվարկի համար, շարքային Հարությունյան:

Հաջորդ շաբաթվա կարևոր խնդիրներն են.

– կատարելագործել ենթակա անձնակազմի հմտությունները և ունակությունները՝ համաձայն ճամբարային հավաքների պլանի, ուշադրություն դարձնել նրանց դաշտային վարժվածության և մարտավարական խնդիրների ճիշտ կատարմանը,

– դասակի հրամանատարին` հետեւել անձնակազմի դիմացկունության և ուժային որակների բարձրացմանը, սպորտմասսայական միջոցառումների ժամանակ N2 և N5 վարժություններից կազմակերպել ստուգարքներ,

– մարտկոցի անձնակազմին՝ խիստ կերպով պահպանել և իրականացնել օրվա կարգացուցակով նախատեսված միջոցառումները, խստագույնս պահպանել տեխնիկայի և սպառազինության հետ վարվելու անվանգության կանոնները, մշտապես կարգապահություն պահպանել ինչպես շարքում, այնպես էլ առօրյա ծառայության ընթացքում:

Այսպիսով՝ բոլորիս ցանկանում եմ անփորձանք ու կանոնադրային ծառայություն և խոսքը փոխանցում պարոն ——————յանին

Դիվիզիոնի 4-րդ մարտկոցի

հրամանատար

կապիտան Ն.Հայրապետյան

Խորագիր՝ #28 (995) 18.07.2013 – 24.07.2013, Ռազմական


18/07/2013