Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԶԻՆՎՈՐ ԼԻՆԵԼԸ ՄԵԾ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ Է»



Քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Ազգային ժողովի բոլոր 5 գումարումների պատգամավոր, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ քաղաքական-հասարակական ակտիվ աշխատանքով է զբաղված: Նրա գործունեությունը արժանիորեն գնահատել են ե՛ւ մեր երկրի, ե՛ւ միջազգային կառույցները. բազմիցս պարգևատրվել է, նաև` ՀՀ նախագահի կողմից, ինչի վկայությունն են «Մխիթար Գոշ», «Մարտական գործողությունների մասնակից», «Մարշալ Բաղրամյան», «Արցախի մայրերի երախտագիտություն» մեդալները: Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում Հ.Նաղդալյանի հետ մեր թղթակցի հարցազրույցը:

-Տիկին Նաղդալյան, նախքան բուն զրույցին անցնելը, կցանկանայի համառոտ ներկայացնեիք` որտե՞ղ եք ծնվել, ի՞նչ միջավայրում մեծացել, դաստիարակվել, կրթվել:

– Ծնվել եմ Երեւանում, երիտասարդ մասնագետների ընտանիքում, որը շուտով նշանակում է ստացել և մեկնել Երևանից: Հայրս մասնագիտությամբ լեռնային ինժեներ էր, աշխատում էր հանքարդյունաբերության ոլորտում, եւ նրա աշխատանքի բնույթի հետ կապված` երկար տարիներ ապրել ենք Ռուսաստանում, եղել ենք Ռուսաստանի տարբեր քաղաքներում, այնտեղ էլ դպրոց հաճախեցի: Ծնողներս խստապահանջ էին, բայց նաեւ անսահման բարի: Հայրս բացառիկ անձնավորություն էր, գիտելիքների շտեմարան էր ու նաև մեծ հումորի տեր, կարգուկանոն սիրող ու հավասարակշիռ: Տանը գիտելիքի և կրթության կուլտ էր, ամեն ինչ դրա շուրջն էր, ամեն երեկո՝ մի հետաքրքիր թեմա, օրիգինալ խնդիր կամ հարց: Նրա ներկայությամբ ուզածդ հարցի լուծումը հեշտ էր թվում, հանգիստ տոնով կասեր՝ «րպռփՈր ՐՈջոպՐպՎրÿ»: Տարիներ հետո ծնողներս որոշեցին վերադառնալ Հայաստան, եւ դպրոցն այստեղ ավարտեցի: Սովորել եմ Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում, տնտեսագիտության թեկնածու եմ:

– Արցախյան շարժման ժամանակ ինչո՞վ էիք զբաղվում:

– Այն ժամանակներում, երբ սկզբնավորվում էր Արցախյան շարժումը, ես էլ, ինչպես յուրաքանչյուր հայ մարդ, իմ պարտքն էի համարում ուժերի ներածին չափով ամեն ինչ անել «վասն Հայրենյաց»: Լուսահոգի ղեկավարիս՝ Կոոպերատիվների հանրապետական միության նախագահ Ալբերտ Հովհաննիսյանի հետ միասին վերլուծություններ էինք կատարում, առաջարկություններով հանդես գալիս, թե ինչպիսին պետք է լինեն Հայաստանի պետական կառավարման, տնտեսական համակարգերը, անցումը դեպի շուկայական տնտեսություն և այլ շատ անհրաժեշտ բաներ: Ստեղծվում էր «Արցախ» հայրենակցական միությունը, և ես էլ ակտիվորեն մասնակցել եմ կազմակերպչական աշխատանքներին: Ազգամիջյան բախումները դարձել էին հաճախակի, եւ մենք էլ բազմաթիվ հայորդիների հետ միասին, երբ դեռ չունեինք բանակ, և նոր-նոր էին սկսում կազմավորվել անգամ առաջին ջոկատները, մասնակցել ենք մեր պաշարված գյուղերի՝ Գետաշենի, Մարտունաշենի ինքնապաշտպանության կազմակերպմանը, մասնավորապես՝ ապահովում էինք տրանսպորտային կապը, զենք□զինամթերքը և այլն: Վարձակալությամբ Ռուսաստանից բերված ինքնաթիռները և ուղղաթիռները մեծ գործ էին կատարում արդեն այդ ժամանակ ու հետագայում նաև Ստեփանակերտում:

-Հենց այդ տարիներին էլ ստեղծվում, կայանում էր մեր բանակը…

-Բանակն ստեղծվեց մեր երկրի եւ ժողովրդի համար ծանր ժամանակներում, մեծ զոհողությունների գնով ու ամենահայրենասեր, ամենանվիրյալ մարդկանց անսահման սիրո եւ նվիրումի շնորհիվ: Հրաշքի նման էր բանակի ստեղծումը:

Ցավով պետք է նշեմ, որ այսօր բանակի հանդեպ սիրո պակաս եմ զգում, արտահայտված վախ, բացասական վերաբերմունք: Որոշ լրատվամիջոցներ ասես բանակի նկատմամբ չարացած լինեն, կարծես անհամբեր սպասում են որեւէ միջադեպ լինի, որ չարախոսեն, չարախնդան, ցեխ շպրտեն: Իհարկե, խաղաղ ժամանակ առավել ցավալի է ամեն մի կորուստը: Ցավը միայն այդ ընտանիքինը չէ, այլ մեր հասարակության յուրաքանչյուր անդամինը: Ուզում եմ նաեւ առանձնակի հարգանքով նշել Սեյրան Օհանյանի վերաբերմունքը, անհատական մոտեցումը յուրաքանչյուր զոհվածի հարազատին, նա իր վերաբերմունքով հնարավորինս փորձում է մեղմել որդեկորույս ծնողի անսահման վիշտը՝ խորությամբ ապրելով այդ ցավը՝ որպես գերատեսչության ղեկավար, որպես հրամանատար, որպես սովորական հայ մարդ …

Ցավալի են բոլոր կորուստները, բայց զգացմունքների գիրկն ընկնելու փոխարեն անհրաժեշտ է խորամուխ լինել, վերլուծել, հասկանալ դեպքերի բուն պատճառներն ու հանգամանքները: Բանակ են գալիս տարբեր բնավորության, տարբեր հոգեկերտվածքների տեր երիտասարդներ, եւ նրանց համակեցությունն արդեն իսկ խնդրահարույց է: Ինչպես աշխարհի բոլոր բանակներում, այնպես էլ հայկական բանակը, ցավոք, չի կարող ապահովագրված լինել արտակարգ դեպքերից եւ պատահարներից: Սակայն պետք է անել հնարավորը` դրանց թիվը նվազեցնելու, խաղաղ պայմաններում մարդկային կորուստները բացառելու համար: Կուզենայի շեշտել` անչափ կարեւոր է ամեն դեպքին համարժեք գնահատական տալը:

– Ի՞նչ հատուկ քայլեր է ձեռնարկում Ազգային ժողովը` բանակի հետ կապված խնդիրները լուծելու առումով:

– Պետք է նկատել, որ 5-րդ գումարման Ազգային ժողովը այս իմաստով բավականին ակտիվ է: Ազգային ժողովում բազմաթիվ քննարկումներ են լինում, լսումներ, կլոր սեղաններ: Աժ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, հանձնաժողովի մյուս անդամները հետեւողական են գոյություն ունեցող խնդիրները վերհանելու, բարձրաձայնելու, լուծում փնտրելու և գտնելու հարցում: Հանձնաժողովի նախաձեռնությամբ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, լրագրողների, հայ եւ օտարերկրյա փորձագետների մասնակցությամբ տեղի են ունենում բանակ-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդմանն ուղղված աշխատանքներ: Դրանց հիման վրա կմշակվեն եւ կներդրվեն նոր մեխանիզմներ: Ես այսօր նկատում եմ նաեւ առաջընթաց: Հասարակությունն այժմ ավելի իրազեկված է. պաշտպանության նախարարությունն առավել թափանցիկ քաղաքականություն է վարում, քննարկվում են բանակում նկատվող մտահոգիչ խնդիրները, բարձրաձայնվում են թերությունները: Նկատենք վատը եւ արմատախիլ անենք միասին, բայց նաեւ չմոռանանք բարձրաձայնել դրականը, լավը:

Անթաքույց հպարտությամբ եմ ուզում խոսել հենց այդ մասին: Օրերս ՀՀ Ազգային ժողովի եւ Հայաստանում ՌԴ դեսպանատան հովանու ներքո մեր երկրում անցկացվեց Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի եւ Տուրիզմի հայկական ինստիտուտի կողմից կազմակերպված գիտարշավը, որի ակտիվ մասնակիցներն էինք նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության կանանց խորհուրդը և երիտասարդական թևը:

Գիտարշավի առաջին մասը, որը կրում էր «Ճանաչիր հայրենիքդ եւ պատմիր նրա մասին» խորագիրը, ընդգրկում էր Հայաստանի տարածքով երկօրյա շրջագայություն գնացքով: Այս ուղեւորությանը, ի թիվս երիտասարդական եւ բուհական կազմակերպությունների ներկայացուցիչների, մասնակցում էին նաեւ ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի եւ ՀՀ ՊՆ մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի կուրսանտները՝ ՍԿՈԲ կենտրոնի ավագ դասախոս, փոխգնդապետ Արթուր Ավետիսյանի եւ 3-րդ ուսումնական վաշտի հրամանատար, մայոր Սամվել Պարզյանի ղեկավարությամբ: Ոչ միայն ես, այլև բոլոր ներկաները հիացած էին մեր պատմությանն ու մշակույթին կուրսանտների քաջատեղյակությունից: Ես նաեւ որպես մայր, որպես կին էի հետեւում ամեն մանրուքի. ինչպես են կոկիկ դասավորում համազգեստը, որչափ քաղաքավարի են, կիրթ: Նրանք նշաձողը շատ բարձր պահեցին: Այս գիտարշավը մեկ այլ տեսանկյունից էլ եմ անչափ կարեւորում. տարբեր բուհերի ուսանողներ, որ վաղը պետք է համալրեն բանակը, շփվեցին, տեսան մեր ապագա սպաներին, նաեւ հասկացան, թե ինչքան բան ունեն նրանցից սովորելու, օրինակ վերցնելու: Անկեղծորեն հպարտ եմ մեր բանակի համար և անգամ նամակ գրեցի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որտեղ հայտնեցի մեր խորին շնորհակալությունը. այս կուրսանտները պատիվ կբերեն յուրաքանչյուր բանակի:

Բանակ-հասարակություն փոխադարձ կապն ու վստահությունը իրապես անչափ անհրաժեշտ է, եւ ՀՀԿ կանանց խորհուրդը նմանաբնույթ բազմաթիվ ծրագրեր է իրագործում. հաճախ ենք կազմակերպում բարձր դասարանների դպրոցականների այցեր զորամասեր, որ ապագա զինվորը գնա-տեսնի բանակն իր աչքերով, տեսնի ինչպիսին է զինվորական առօրյան, որտեղ է քնում զինվորը, որտեղ սնվում և ինչ է ուտում, ինչով ապրում: Նմանատիպ այցերի շնորհիվ նա ներսից կճանաչի բանակը ու կթոթափի վախը, տագնապը, անորոշությունը: Նաեւ կազմակերպում ենք ապագա զինվորների ծնողների, հատկապես մայրերի այցեր զորամասեր: Ծնողը եւս պետք է տեսնի, թե ինչ զորամասում է ծառայելու իր որդին, ով է լինելու նրա հրամանատարը: Բանակը մեր խաղաղության երաշխավորն է, եւ մեր խաղաղությունն ապահովելու համար բանակ ենք ուղարկում մեզ համար ամենաթանկ մարդկանց՝ մեր որդիներին: Ուզում եմ նաեւ ծնողական նույն հոգատարությունն ու սերը տածենք եւ մեր բանակի հանդեպ. նա մեր նորանկախ պետության զավակն է:

– Դուք բազմազավակ մայր եք, ունեք երկու աղջիկ եւ երեք տղա: Ինչո՞վ են զբաղվում Ձեր տղաները, կցանկանայի՞ք, որ նրանք զինվորական դառնային:

– Ավագ որդիս սովորում է մագիստրատուրայում, մյուս որդիս էլ այս տարի է դիմել մագիստրատուրա, եւ եթե չընդունվի, կզորակոչվի բանակ: Փոքր որդիս է անչափ կլանված զինվորական գործով: Գրքեր է կարդում հետախույզների, չեկիստների մասին:

Գիտեմ, բոլոր տղաներն էլ որոշակի տարիքում նման հակումներ ու հետաքրքրություններ են դրսեւորում: Կանցնի՞ դա, որպես տարիքին բնորոշ առանձնահատկություն, թե՞ կիրեղենանա, ժամանակը ցույց կտա: Երբեւէ չեմ ընդդիմանա զավակներիս մասնագիտության ընտրությանը, կարեւորն այն է՝ սիրեն իրենց գործը եւ լինեն լավ մասնագետներ:

-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ արդեն աղջիկներն են ընդունվում ռուհեր:

-Կարծում եմ, նրանց ներկայությունը որոշակիորեն կկանխարգելի կոնֆլիկտային իրավիճակները: Ես նաև տեսել եմ, թե ինչ մասնակցություն են ունեցել Արցախյան պատերազմին մեր հայ կանայք, և անսահման բարձր եմ գնահատում դա:

-Տիկին Նաղդալյան, Դուք բավական երկար ժամանակ աշխատել եք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում՝ որպես Հայաստանի պատվիրակության անդամ: Այնքան էլ վաղուց չէ , որ ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնի կողմից Ձեզ շնորհվեց ԵԽԽՎ պատվավոր անդամի կոչում եւ պարգեւատրվեցիք մեդալով: Եվրախորհուրդը միջազգային կարևոր ատյան է, որտեղ մեր երկրի շահերի պաշտպանության համար նույնպես պետք է պայքարել: Հաջողվո՞ւմ է դա Ձեզ` դիվանագետ-զինվորին:

– Իսկապես, միջազգային կառույցներում աշխատող մեր պատվիրակությունների անդամներին իրականում կարելի է համեմատել զինվորի, մարտիկի հետ. ամեն մեկս իրեն զգում է, ինչպես առաջին գծում, եւ ամեն մեկս զինվորի նվիրվածությամբ ու պատասխանատվությամբ է կատարում իր գործը: Մեր նպատակն էլ նույնն է, ինչ զինվորինը` պաշտպանել մեր երիտասարդ պետության անվտանգությունն ու անկախությունը: Ես եղել եմ ԵԽԽՎ միգրացիայի եւ փախստականների հանձնաժողովի կազմում, բազմաթիվ խնդիրներ եմ առաջադրել` կապված ԼՂ հակամարտության կարգավորման, փախստականների կարգավիճակի հստակեցման հետ:

– Որքան հիշում եմ, Դուք որոշակի տարաձայնություններ եք ունեցել ԵԽԽՎ այն ժամանակվա նախագահ Մ. Չավուշօղլուի հետ:

-ԵԽԽՎ-ում բավական վաղ էր, որ ստեղծվեց ԼՂ հարցերով ժամանակավոր հանձնաժողով, որը եւ ոչ մի արդյունավետ աշխատանք չէր կատարում (մենք այդ հանձնաժողովը համարում էին մեռելածին երեխա): Չավուշօղլուն իր նախագահության ավարտին որոշեց ևս 2 տարով երկարաձգել այդ հանձնաժողովի աշխատանքը: Մենք փորձեցինք բացատրել ԵԽ պատվիրակներին, որ ոչ մի հույս չենք կապում այս հանձնաժողովի հետ, եւ դա կծառայի միայն որպես հարթակ լուտանքներն ու մեղադրանքները բազմապատկելու համար: Այդ ժամանակ ես տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահն էի և ԵԽԽՎ բյուրոյի անդամ ու բյուրոյի նիստի ժամանակ այնպես խոսեցի, իսկ ավելի կարևոր էր, որ առանց դադարի այնքան խոսեցի (տիկին Նաղդալյանը ծիծաղում է – Ա.Ա.), մինչեւ ժամանակն սպառվեց, եւ բյուրոն այլեւս չհասցրեց երկարաձգման մասին որոշում կայացնել, և հենց այդպես էլ հանձնաժողովը լուծարվեց:

-Իսկ ինչպե՞ս էին զարգանում մեր եւ Ադրբեջանի պատվիրակության անդամների հարաբերությունները:

– Ադրբեջանցիները միշտ փայլում են զրպարտանքի ժանրում, ամենաֆանտաստիկ մեղադրանքները հնչեցնում մեր հասցեին: Ու այդ կեղծ, ստահոդ լուրերը հերքելու համար հաճախ պահանջվում են թե՛ մեր, թե՛ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից երկար ժամանակի տրամադրում, ուժեր, ֆինանսական միջոցներ, մինչև պարզվի, որ հերթական հերյուրանքն էր:

Մեր պատվիրակությունը ժամանակին շատ կարեւոր քայլ կատարեց՝ ադրբեջանցիներին առաջարկեց երկուստեք դադարեցնել փոխադարձ մեղադրանքները՝ այս կերպ նպաստելու երկու պատվիրակությունների միջեւ վստահության մթնոլորտի ստեղծմանը, սակայն ադրբեջանական կողմը չարձագանքեց, եւ մենք միակողմանիորեն դա կիրառեցինք: Եվրոպայի պատվիրակները բարձր գնահատեցին մեր այս քայլը, տեսնելով, թե իրականում ով ով է:

– Իսկ ադրբեջանցիները շարունակում են զրպարտանքների տեղատարափը` մասնակից դարձնելով անգամ օտարազգիներին: ՀՀ-ում կազմակերպված համաեվրոպական համաժողովի ժամանակ Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուն «Մարդու իրավունքների պահպանումը եւ պաշտպանությունը «սառեցված հակամարտությունների» տարածքում» թեմայով զեկույցի մեջ անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը, Հայաստանն անվանեց ագրեսոր, իսկ հայերին մեղադրեց ցեղասպանության մեջ: Մեր ընթերցողին կհետաքրքրի, թե Դուք ինչպե՞ս հակադարձեցիք ակնհայտորեն Ադրբեջանի պատվերը կատարող այդ տիկնոջը:

– Ես դահլիճ մտա այն պահին, երբ օմբուդսմեն տիկինը համարյա ավարտում էր ոգևորված և զրնգուն ձայնով իրեն տրամադրած տեքստի ընթերցանությունը, որից հետո ձայնին անտարբեր տոնայնություն հաղորդելով՝ որոշեց մի քանի բառ էլ ասել Մոլդովայում մարդու իրավունքի վիճակի մասին, բայց իր ողջ ժամանակը սպառվել էր հայերիս մասին խոսելով: Ակնհայտ էր բոլոր ներկաների համար, որ սա արդեն իր համար երկրորդական թեմա էր: Կարծում եմ՝ տիկնոջ Հայաստան այցի և այդ ելույթի ողջ ինտրիգը հենց հայ-ադրբեջանական թեման հնչեցնելն էր: Որպես Մոլդովայի օմբուդսմեն նա կարող էր իր ելույթի հիմնական ժամանակը և հիմնական թեմատիկան նվիրել իրենց երկրում առկա մարդու իրավունքների պաշտպանությանը կամ խնդիրներին, կամ էլ թե չէ Մերձդնեստրյան հակամարտությանը և ոչ թե Լեռնային Ղարաբաղին: Մինչդեռ բոլորովին այլ պատկերի ականատես եղանք: Բնականաբար, մեզ հատուկ ժողովրդավար կեցվածքը, հանդուրժող վերաբերմունքը և նաև տանտիրոջ դաստիարակվածությունը թույլ չէին տալիս, որ պատասխանը հնչեցվեր ավելի ծավալուն, մանրամասն և անհրաժեշտ շեշտադրումներով (թեև կուզեի ավելին ասել): Իր ելույթից հետո ձայն վերցրի և արձագանքիս մեջ հիմնականում շեշտը դրեցի այն հանգամանքի վրա, որ սա բացարձակ պատվեր է, կարծում եմ՝ վճարովի: Այդ մասին խոսում էր նաև այն փաստը, որ տիկինը նախապես ձայնագրիչը միացրել էր, որպեսզի ձայնագրի իր խոսքը: Նորից եմ ուզում փաստել, որ այդ վարքագիծը բացարձակ սադրանք էր և հարիր չէր օմբուդսմենի կերպարին: Իմ խոսքում նշեցի, որ բացի նրանից, որ նրա ելույթում ասվածը պատվեր է, նաև բացարձակ սուտ է. ուսումնասիրություններ են արված, որոնք հիմնված են փախստականների թվի մասին Կարմիր խաչի տեղեկատվության վրա, ինչպես նաև այլ տեղեկատվության, որը ոչ մի աղերս չուներ այդ տիկնոջ հնչեցրած թվերի հետ:

-Դուք բազմազբաղ կին եք, բազմազավակ մայր: Ասում են ՝ այս դեպքում ինչ-որ մի բան պետք է զոհաբերվի աշխատանքին:

-Երիտասարդ տարիքից սովորել եմ քիչ քնել, իմ հաշվին, ինձնից խնայելով աշխատել եմ ամեն ինչ հասցնել: Երբ պատասխանատվությունդ մեծ է, պարտավոր ես կազմակերպված գործել, գնահատել ժամանակը:

– Հայտնի կին ղեկավարներից ու՞մ եք համարում Ձեր կուռքը:

– Կուռքեր չունեմ, բայց սիրում եմ կարդալ հայտնի քաղաքական գործիչների, այդ թվում և առավելապես կին քաղաքական գործիչների գործունեության մասին, ոչ միայն իրենց մասին գրվածները, այլև իրենց իսկ գրածները: Օրինակ՝ դարի թերևս ամենաերևելի կնոջ՝ Մարգարեթ Թեթչերի գրքերը, որոնք հաճախ դասագրքային արժեք ունեն: Եթե թերթեք իմ գրադարանի այդ գրքերը, հաճախ այնտեղ կնկատեք նշումներ, ընդգծումներ՝ համաձայն եմ կամ բանավիճում եմ:

– Ասում են՝ կին ղեկավարները կոշտ բնավորություն ունեն, «չոր», «երկաթյա»:

– Կոշտ եմ դառնում ու երկաթյա, երբ որեւէ սխալ եմ տեսնում, երբ խախտվում է օրենքը, երբ հանիրավի վիրավորում են իմ ժողովրդին, մնացած ժամանակ ես սովորական հայ կին եմ:

– Ի՞նչ կմաղթեք սահմանին կանգնած հայ զինվորին` որպես սովորական հայ մայր եւ որպես կին քաղաքական գործիչ:

– Ամեն հանդիպումը խրամատում կանգնած հայ զինվորի հետ ինձ համար մի նոր բացահայտում է: Ուզում եմ դիրքում անվախ ու աներեր կանգնած զինվորին ասել` տղա՛ս, միշտ հիշիր՝ հայրենիքը վերացական արժեք չէ, հայրենիքը քո մայրն է, քո քույրն է, քեզ համար թանկ ու հարազատ մարդիկ են, ու դու պաշտպանում ես նրանց խաղաղությունը, քո հողուջրի, քո տան խաղաղությունը: Մեծ առաքելություն է զինվոր լինելը: Բարի ծառայություն քեզ, զինվո՛ր, բարի վերադարձ, տղա՛ս…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #28 (995) 18.07.2013 – 24.07.2013, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


18/07/2013