Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԿ ՕՐ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ



Փոխգնդապետ Գ. Իշխանյանը ծնունդով Մարտունու շրջանի Գիշի գյուղից է։ Միջնակարգն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ և ուսմանը զուգընթաց, 1991թ. ԼՂՀ Մարտունու շրջանի ջոկատներից մեկի կազմում, մասնակցել է մի շարք ռազմական գործողությունների։ Պատերազմի ավարտից կամ ավելի ճիշտ հրադադարի հաստատումից հետո մնացել ու ծառայության է անցել նախ որպես վաշտի հրամանատար, այնուհետև՝ գումարտակի հրամանատարի տեղակալ, գումարտակի հրամանատար։ 1998թ. բարձր առաջադիմությամբ ավարտել է ակադեմիական կուրսերը, ապա եւ 2002-2004թթ. Մոսկվայի համազորային ակադեմիան։ Ծառայել է բացառապես սահմանամերձ զորամասերում։ Ամուսնացած է, ունի երկու դուստր։

Զորամասի հրամանատարի պաշտոնակատար, փոխգնդապետ Գ. Իշխանյանը մեզ ընդունեց իր աշխատասենյակում։ Գործին տեղյակ զինվորականի համբերատարությամբ նա լսում էր ծառայության պետերի` միմյանց հաջորդող զեկույցներն ու գլխով հավանության նշան անում, ինչը նշանակում էր, որ գոհ է հանձնարարությունների թե՛ կատարումից և թե՛ ընթացքից։ Երբ փոխգնդապետ Գ. Իշխանյանին ներկայացրինք մեր այցի նպատակը, նա անմիջապես իր մոտ հրավիրեց ԱՀՏԱ գծով հրամանատարի տեղակալի պաշտոնակատարին և կարգադրեց զորամասի փորձառու սպաներից մեկի ուղեկցությամբ կազմակերպել մեր այցը առաջնագիծ։ Մինչ դիրքեր մեկնելը հընթացս հասցրինք մի քանի հարց ուղղել նրան։ Պարզվեց, որ զորամասում պատրաստության ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները կատարվել են անշեղորեն և ճիշտ ժամանակին։

-Պատրաստության ծրագրով նախատեսված մարտական հրաձգությամբ վաշտային ու գումարտակային զորավարժությունները արժանացել են «լավ» գնահատականի։ Զորամասը մասնակցել է վերադաս հրամանատարությամբ անցկացված շտաբային զորավարժությանը, ստացել «լավ» գնահատական։ Ամփոփիչ ստուգումները ընթացքի մեջ են։ Նախապատրաստական փուլում նախատեսված են ինժեներական, ամրաշինական աշխատանքներ մարտական, հրետանու կրակային դիրքերում, հրամանատարական դիտակետերում, ծրագրված է կատարել նաև տնտեսական աշխատանքներ ուսումնանյութական բազայի լրակահավորման և մասնակի նորոգումների համար։ Կապիտալ վերանորոգման մեջ են զորամասի բաղնիքն ու մեկ զորանոց. աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ։

♦♦♦

Նախորդ գիշեր տեղացած հորդառատ անձրևի հետևանքները նույնիսկ մեկ օր անց զգացնել էին տալիս. դիրքեր տանող ճանապարհի որոշ հատվածներ զինվորական «ՈՒազիկը», ինչ խոսք, հաղթահարում էր վարորդի` պայմանագրային զինծառայող, շարքային Անդրեաս Ներսիսյանի փորձառության շնորհիվ։ Մայոր Գ. Պետրոսյանը իջավ մեքենայից և ընդառաջ գնաց մոտեցող զինվորին։ Դիրքի ավագի օգնական, շարքային Սևակ Հարությունյանը զեկուցեց.

-Պարոն մայոր, ջոկը մարտական հերթապահությունն իրականացնում է հաստատված գրաֆիկի համաձայն, մարտավարական իրադրությունն անփոփոխ է։ Օրվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի խախտում չի գրանցվել։

Ինքս էլ ակամա զգաստ կանգնած լսում եմ զինվորի վարժ զեկույցը և չեմ կարողանում թաքցնել ուրախությունս. լավ է՝ հրադադարը չի խախտվել, մեր դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր չեն արձակվել։ Մտածում եմ. ուրեմն հակառակորդի քթին առել է՝ մեր զինվորները զգոն են, և որ հրադադարի խախտման ցանկացած փորձ դատապարտված է…

Եվ քանի որ հերթափոխի ժամն էր, ցանկություն հայտնեցինք տղաների հետ գնալու մարտական հենակետ, ներկա գտնվելու հերթափոխին։ Մինչ այդ, ինչպես եւ կարգն է, փոխարինողները` շարքայիններ Հովհաննես Ղազարյանն ու Տիգրան Շահբազյանը, ավագի ներկայությամբ լիցքավորման վահանակի մոտ լիցքավորեցին իրենց ամրակցված զենքերը։ Սահմանի այս հատվածում մեր և հակառակորդի դիրքերի միջև հեռավորությունը 300 -350 մետր է, և ուղիղ մեր դիմաց ադրբեջանական բնակավայրն է։

Ողջ գիշեր տեղացած հորդառատ անձրևը տեղ -տեղ վնասել էր հողային պատնեշը։

-Մի քիչ եղանակը կարգավորվի, վաղը ևեթ ամեն ինչ կվերականգնենք,- վստահեցրեց հերթափոխի պատասխանատուն և անցավ իր պարտականությունների կատարմանը։

Սահմանի պահպանությունը իրականացվում է ինչպես ժամկետային զինծառայողների ուժերով, այնպես էլ պայմանագրայինների ներգրավմամբ։

Մյուս հենակետի ավագը պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Լեմբերտ Աբրահամյանն է։ Ինչ խոսք, պայմանագրայինների ներկայությունը առաջնագծում միշտ էլ ոգևորիչ, գոտեպնդող գործոն է եղել ժամկետային զինծառայողների համար։

-Փորձառու պայմանագրայինների կողքին ժամկետայիններն իրենց ավելի համարձակ ու վստահ են զգում,- կարծես մտքերիս ընթացքը կռահելով՝ հանկարծ նկատեց հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած ակնառու խիզախության ու անձնական արիության համար ԼՂՀ նախագահի հրամանագրով «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրված մայոր Գ. Պետրոսյանը։

Դիտորդ, շարքային Գրիգոր Գալստյանն ասաց, որ գիշերային դիտարկման ժամանակ շարժվող լույսեր է նկատել և այդ մասին զեկուցել հենակետի ավագին, ապա և իր կատարած նշումներն ու գրառումները գրպանից հանելով` ցույց տվեց փոխգնդապետ Պետրոսյանին: Փորձառու սպան ուշադիր աչքի անցկացրեց և աչալուրջ ծառայության համար շնորհակալություն հայտնեց զինվորին։

-Ինչ տղաներ են, ոչինչ չի վրիպում աչքներից` օրվա որ ժամին ասես, եղանակային ինչ պայմաններ էլ լինեն,- ասաց սպան:

Խաղաղ ծառայություն մաղթելով խաղաղության պահապաններին` ցած իջանք դիրքերից։

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #28 (995) 18.07.2013 – 24.07.2013, Ազգային բանակ


18/07/2013