Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱՍՏԱԿԱԾ ՀԱՆԳԻՍՏ



Կապիտան Դերենիկ Շագոյանին այլեւս չենք տեսնի պաշտպանության նախարարության վարչական համալիր մտնելիս: Նա իր պարտքը հայրենիքի հանդեպ ամբողջությամբ կատարեց եւ այժմ արդեն անցնում է վաստակած հանգստի: Քիչ է պատահում, որ զինվորականը նույն տեղում ծառայի ավելի քան քսան տարի:

Ծնվել է 1958թ., մայրաքաղաքին կից Դավիթաշեն գյուղում, մանկավարժի ընտանիքում, մինչդեռ երբեք եւ ոչ մի դեպքում չի մոռանում, որ էությամբ ու արմատներով ապարանցի է: Սովորել է էլեկտրամեխանիկական տեխնիկումում և մինչև ԽՍՀՄ-ի փլուզումն աշխատել է ջրային տնտեսությունում: Արցախյան շարժման տարիներին անընդհատ շփվել, ինչ-ինչ հանձնարարություններ է կատարել «Սասունցի Դավիթ» երկրապահ կամավորական ջոկատի տղաների հետ, եղել է սահմանում.

-Չէ, կռիվներին չեմ մասնակցել, ու ամոթ կլինի, որ ինձ երկրապահ կամ ազատամարտիկ կոչեմ,- ասում է Շագոյանը:

Պաշտպանության նախարարության վարչական համալիրի պարետային ծառայության անցագրային բյուրոյում ծառայության է անցել 1993թ. հունվարին, մեկ տարի անց նշանակվել է անցագրային բյուրոյի պետ: 1997թ. Սպայական դասընթացներին մասնակցելուց հետո ստացել է սպայական կոչում:

-Սկզբում պայմաններ չկային, մի փոքր վագոն-տնակ էր, մարդիկ դժվարությամբ էին համակերպվում հրամաններով, օրենքներով շարժվելու իրողությանը: Կռվող տղաները գալիս էին սահմանից և զարմանում էին, որ նախարարություն մտնելու համար պետք է անցագիր ներկայացնեն: Պատահել է՝ վրաս զենք են պահել, սպառնացել: Երբ անցագրային կետի քարե շինությունը կառուցվեց, նախարարություն ելումուտը ինչ-որ չափով կարգավորվեց, բայց էլի բարդություններ կային: Փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը հրամայել էր ոչ ոքի բացառություն չանել, շարժվել օրենքով: Նախարարությունը դեռ կազմավորման ընթացքում էր, շատերին չէինք ճանաչում: Եվ նախարարի օգնական պարոն Միքայել Հարությունյանին թույլ չտվեցինք անձնական օգտագործման մեքենայով ներս մտնել, հետո էլ պահանջեցինք, որ անպայման անցագրային կետով անցնի, եւ երբ հնազանդորեն կատարեց մեր պահանջը, հրահանգեց, որ ծառայության պետի` Հրայր Քոչարյանի հետ իր մոտ բարձրանանք: Երբ գնացինք, նախ հետաքրքրվեց, թե ով ենք, որտեղացի ենք, ոնց ենք ապրում, քանի երեխա ունենք: Հետո գովեց, որ հրամանները ճիշտ ենք կատարում, բայց նաև նախատեց, որ աշխատողներին չենք ճանաչում:

Սպարապետ Վազգեն Սարգսյանը տարածքում ման գալու, ինչ-որ բաներ անձամբ ճշտելու սովորություն ուներ, երբեմն էլ հյուրերին ճանապարհելիս գալիս էր մինչև անցագրային կետ ու առիթն օգտագործելով, ստուգում էր մեր աշխատանքը, ճշտում էր, թե հանձնարարություններն ինչպես ենք կատարել, ու միշտ բարկանում էր, երբ հատկապես ինձ տեսնում էր դաշտային համազգեստով. «Շագոյա՛ն, դու և քո աշխատողները պետք է արևի պես շողշողաք, մարդիկ առաջինը ձեզնով են մեր բանակի մասին կարծիք կազմում»,- ասում էր: Ես գիտեի, թե Սպարապետն ինչ է ուզում, բայց այն ժամանակ հրամանով միայն բարձրաստիճան սպաներն իրավունք ունեին ամենօրյա հագուստ կրելու: Նախարարի հերթական դիտողությունից հետո խնդիրը պարզաբանեցի Անդրանիկ Հակոբյանին, և նա հարցը կարգավորեց. ստացանք ամենօրյա հագուստ: Մինչև 2000թ. հինգ պետ եմ ունեցել: Երկու-երեք ամիս աշխատելուց հետո մարդիկ տեղափոխվում էին այլ ծառայության, և գործն ամբողջությամբ մնում էր ինձ վրա: Ես գոհ եմ իմ ճակատագրից, հպարտ եմ մեր երկրի անկախությամբ, մեր հզոր բանակով:

Կապիտան Դերենիկ Շագոյանը պարգևատրվել է «Վազգեն Սարգսյան», «Դրաստամատ Կանայան», «Անբասիր ծառայության» առաջին, երկրորդ և երրորդ աստիճանի, ինչպես նաև Ազգային բանակի քսանամյակին նվիրված հոբելյանական մեդալներով, խրախուսվել է բազմաթիվ պատվոգրերով: Նրա ծառայությունից գոհ են ինչպես նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները, ծառայողները, քաղծառայողները, այնպես էլ մեր քաղաքացիները: Ազգային բանակում են ծառայում, աշխատում նաև նրա ընտանիքի անդամները: Կինը` տիկին Սվետլանա Խաչատրյանը, քաղծառայող է և աշխատում է ՊՆ քարտուղարությունում, որդին` կապիտան Արարատ Շագոյանը, զինվորական կրթություն է ստացել Ռուսաստանի Դաշնությունում և այժմ զորամասերից մեկի ՎՔՆ ծառայության պետն է, դուստրը` Լիլիթ Շագոյանը, էքսկուրսավար էր «Մայր Հայաստան» ռազմական թանգարանում, չորս ամիս առաջ է ամուսնության պատճառով զորացրվել:

-Պաշտպանության նախարարությունն իմ ծառայությունը երկարաձգեց այնքան, որքան օրենքը թույլ էր տալիս, որքան հնարավոր էր, ինչի համար շնորհակալ եմ բոլորին,- ասաց վաստակաշատ ու երախտապարտ կապիտան Դերենիկ Շագոյանը:

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Խորագիր՝ #29 (996) 25.07.2013 – 31.07.2013, Ճակատագրեր


24/07/2013