Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ



Սկիզբը՝ նախորդ համարում

ՀՀ օրենքը հստակ ամրագրում է, որ պահակախմբում ծառայության նախապատրաստումն անցկացվում է 3 փուլով:

Նախապատրաստման առաջին փուլ. պահակախմբերի անձնակազմի ընտրությունն ու բաշխումը պահակակետերի և հերթափոխների միջև պահակակետերի ցուցակի համաձայն` կատարում են անձամբ գումարտակի (դիվիզիոնի) հրամանատարները` շտաբի պետի, հրամանատարների ԱՀՏԱ գծով տեղակալների, վաշտերի հրամանատարների և ավագների, ինչպես նաև գումարտակի սերժանտական կազմի անմիջական մասնակցությամբ` նկատի առնելով զինծառայողների ծառայության տարին, փորձը, գործնական, բարոյական և ֆիզիկական հատկանիշները, ինչպես նաև պահպանվող օբյեկտի կարևորությունն ու տեղաբաշխումը (դիրքը):

Զորամասի մարտական դրոշի պահպանության համար ընտրվում են առավել կարգապահ զինվորներն ու սերժանտները:

Նախապատրաստման երկրորդ փուլում` (վերակարգին անցնելու նախորդ օրը) ինքնապատրաստության ժամերին (օրվա կանոնակարգով նշված) պահակային ծառայության անձնակազմի և հերթապահ ստորաբաժանման հրամանատարի հետ պահակախմբի տեսական պատրաստության դասարանում ստորաբաժանման հրամանատարի ղեկավարությամբ անցկացվում է ՀՀ ԶՈՒ Կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագրքի դրույթների, պահակակետերի ցուցակի, անվտանգության համապատասխան հրահանգների ու պահանջների ուսումնասիրման պարապմունք` պահպանվող օբյեկտների ռելիեֆային էլեկտրաֆիկացված մանրակերտի վրա, ճշտելով պահակակետերի ժամապահների հատուկ պարտականություններն ու գործողությունների տարբերակները, ինչպես նաև պահեստային խմբերի և հերթապահ ստորաբաժանման փոխգործողությունների կազմակերպման հարցերը` պահպանվող օբյեկտների վրա հնարավոր հարձակումը հետ մղելիս:

Պահակապետն անձամբ կազմում է պահպանող օբյեկտների, հերթափոխի կամ պահակատան վրա հնարավոր հարձակման հետմղման և հրդեհի դեպքում պահակախմբի մարտական հաշվարկը` պահակապետի հրահանգին, զորամասի պահպանության ու պաշտպանության պլանի քաղվածքին համապատասխան: Պահակապետի օգնականը և պահակադիրները, յուրացնելով իրենց պարտականությունները, օգնում են պահակայիններին կողմնորոշվելու այս կամ այն օբյեկտի պահպանության առավել բարդ հարցերում, հարձակման, հրդեհի, աղետների և այլ դեպքերում պահակայինների և ժամապահների գործողություններին վերաբերող հարցերում:

Ստորաբաժանման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալը հրահանգավորում է պահակային անձնակազմին, ճշտում դաստիարակչական աշխատանքի պլանը և տալիս (բաժանում) մարտական թերթիկների բլանկները: Պարապմունքների վերջում ղեկավարը տեղանքի մանրակերտի և դիդակտիկ նյութերի օգտագործմամբ, հարցման միջոցով համոզվում է, որ անձնակազմը յուրացրել է կանոնագրքի համապատասխան դրույթները, ժամապահների ցերեկային և գիշերային երթուղիները, հրդեհաշիջման, կապի, ազդանշանային միջոցներից օգտվելու կանոնները, պահպանվող օբյեկտների տեղակայման վայրերը, դրանց անվանումները, ինչ կնիքներով (դրոշմներով) են դրանք կնքվում, և քանիսն են դրանք յուրաքանչյուր օբյեկտում, զենքի կիրառման, պահակակետում հրդեհի ծագման, օրինախախտին ձերբակալելիս ժամապահի գործողությունների պահեստային խմբի և հերթապահ ստորաբաժանման հետ փոխգործո-ղությունների, ինչպես նաև պահակապետի հետ կապ պահպանելու կարգը:

Նախապատրաստման երրորդ փուլն անցկացվում է պահակային ավանում, պահակային ծառայության անցնելու օրը` օրվա կարգացուցակով նշված ժամերին:

Պահակային ծառայության անցնելու օրը զորամասի շտաբի պետը պահակախմբի և հերթապահ ստորաբաժանման (նրան փոխարինողի) փոխգործողությունները կազմակերպելու համար սահմանված ժամին անձամբ հրահանգավորում է պահակապետին և հերթապահ ստորաբաժանման հրամանատարին, դիտարկում է պահակակետերի տեղեկագիրը և հաստատում մարտական հաշվարկը:

Հերթապահ բժիշկը /բուժակը/ պահակախմբի բուժզննում է կատարում. սկզբում զորամասի բուժկետում` պահակախմբերի անձնակազմի բուժզննման հաշվառված մատյանում կատարելով համապատասխան գրանցում, իսկ հետո օրվա վերակարգի փոխարինման ժամանակ` նշում կատարելով պահակակետերի տեղեկագրում:

Շարունակելի

Հ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
գնդապետ

Խորագիր՝ #29 (996) 25.07.2013 – 31.07.2013, Ռազմական


24/07/2013