Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՇՆԱՄՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ



Սկիզբը` նախորդ համարներում

ՍՏՐԱՏԱԳԵՄՆԵՐԸ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Չինացի անվանի գրող և գիտնական Լին Յույտանը գրել է. «Չին ժողովուրդը երևի թե կընդունի քրիստոնեական ուսմունքի միայն մի մասը, այն է` լինել աղավնու նման հեզ և օձի նման իմաստուն»: Այնպես որ՝ չինացիները թշնամական կամ անհասկանալի վարքը վերլուծում են ստրատագեմների տեսանկյունից: Հաճախ դա կարող է ճիշտ լինել, սակայն ստրատագեմական տրամաբանությանն անծանոթ օտարերկրացիների հետ շփվելիս դա կարող է և հանգեցնել թյուրըմբռնման: Երևի այստեղ է թաքնված «հանելուկային Չինաստանի» մասին հին պատկերացման արմատներից մեկը:

36 ստրատագեմների իմացությունը արևմտյան մարդու համար կարող է բանալի լինել, որը կբացի չինական ստրատագեմական մտածողության դարպասները:

Հին Չինաստանում դրված էր ստրատագեմության և բարոյականության հարաբերակցության հարցը: Կոնֆուցիական գիտնականները քննադատում էին չինական առաջին կենտրոնացված պետության ստեղծող Ցին Շի-Խուանդիին (մ.թ.ա. 259-201թթ.) այն բանի համար, որ նա «լսում էր բազմաթիվ մարդկանց առաջարկած ծրագրերը, կիրառում էր վեց սերունդների նվաճումները, ինչի շնորհիվ շերամի որդի նման խժռում է վեց թագավորություն, ոչնչացնում տեղի տիրակալներին և տիրում Երկնատակին (Չինաստանի անվանումներից մեկը – Ն.Մ.): Նա հենվում էր նենգ ծրագրերի վրա, ինչը հանգեցնում է անկեղծության ու վստահության վերացմանը… Որպես հետևանք՝ երկրում սկսվում է հսկայական անհամաձայնություն, ինչը պայմանավորված էր տիրակալի նենգությամբ ու կեղծիքով»:

Ցին Շի-Խուանդիի պատասխանն իր ընդդիմադիրներին շատ բնորոշ էր իրեն. կայսրը հրամայում է մի քանի հարյուր գիտնականի կենդանի թաղել, իսկ նրանց գրքերը` այրել։ Ինչպես ասում են` և ոչ մի ստրատագեմ: Մինչդեռ ճակատագիրն այս չարագործությունն անպատասխան չի թողնում. քնած կայսեր ականջի մեջ ասեղ են խրում, և նա մահանում է առանց բռնության կամ թունավորման հետքերի:

Այդուհանդերձ, ստրատագեմության բարոյականության խնդիրը մնում էր: Այն լուծվում էր պատմական գիտությամբ և գեղարվեստական գրականությամբ` ամեն անգամ ելնելով մեկ ընդհանուր չափանիշից. եթե հերոսը գործում էր պետության շահերից ելնելով և ժողովրդի բարեկեցության համար, ապա դասվում էր դրական կերպարների շարքը: Եվ ընդհակառակը, չարագործները, բռնակալները կազմում էին «բացասական» ստրատագեմները, որոնք, միևնույն է, ուսումնասիրվում էին և գրանցվում պատմության մեջ:

ԲԱՎԱՐԱՐ ԹՇՆԱՄՈՒԹՅԱՆ ՍՏՐԱՏԱԳԵՄ

Յուրաքանչյուր հասարակություն ունի իր թշնամիները` արտաքին և ներքին, որոնց առկայությունն էլ երկու տեսակ հետևանք է առաջացնում.

– թշնամիների դեմ պայքարի մեջ են մտնում,

– թշնամու դեմ պայքարի համար հասարակությունը կարող է փոխվել՝ փոխելով մինչ այդ ընտրված ուղին, սեփական կառուցվածքը:

Այսինքն` կախված այն բանից, թե ինչպիսին է թշնամին, և ինչ վատ հետևանքների կարող են բերել նրա գործողությունները, հասարակությունը կարող է ավելացնել թնդանոթների (քարե կացինների, թրերի, արբանյակ-լրտեսների) արտադրությունը, զոհեր մատուցել իր աստվածներին (ավելացնել հարկերը, միակուսակցական համակարգ ներդնել, համընդհանուր զինապարտություն հայտարարել), կատարելագործել պետական իշխանության ինստիտուտները և ղեկավար ապարատը: Եթե միջոցները լինում են ժամանակին և վտանգին համարժեք, իսկ ունեցած ռեսուրսները` բավարար, ապա հասարակությունը կարող է հաջողությամբ դիմագրավել թշնամուն:

Այնինչ, կա մի խնդիր. հարցը չի կարող լուծվել միայն ղեկավարների խելացիությամբ և իրազեկվածությամբ: Պետք է հասարակությունը գիտակցի գոյություն ունեցող կամ մոտեցող վտանգը: Պատմության մեջ շատ օրինակներ կան, երբ թշնամիներով շրջապատված երիտասարդ պետությունը հաջող պատերազմներ է մղել՝ հսկայական տարածքներ գրավելով: Բայցևայնպես, նրանցից մեծ մասի դեպքում ծագել է նույն խնդիրը. երբ վերացել են բոլոր թշնամիները, իսկ նոր պատերազմների սպառնալիքը դարձել է անիրական, մի քանի սերնդի ընթացքում ռազմատենչությունն անհետացել է, հասարակությունը` հետընթաց ապրել:

6-րդ դարում Չինաստանի տարածքում եղած առաջին պետությունների միջև անվերջ պատերազմների հետևանքով երկիրը միավորվում է Սուն արքայատոհմի իշխանության ներքո: Որոշ ժամանակ անց թշնամիների բացակայությունն սկսում է տալ իր պտուղները: 12-րդ դարում Հյուսիսային Չինաստանը զավթում են ճուրճըն քոչվոր ցեղերը: 13-րդ դարում Չինաստանը գրավում են թաթար-մոնղոլները: Այդ ընթացքում նրանք ոչնչացնում են 35 մլն մարդու: 1368թ. չինացիները թոթափում են թաթար-մոնղոլական լուծը, քանի որ թշնամին համախմբել էր չին հասարակությունը, իսկ թաթար-մոնղոլներն էլ սկսել էին իրենց դափնիների վրա ննջել:

Նման իրավիճակում է եղել նաև Հռոմեական կայսրությունը. երբ կռվելու առիթ չկար, սկսվում էր լճացումը: 395թ. կայսրությունը բաժանվում է արևելյան և արևմտյան մասերի, իսկ 476 թ. գահընկեց է արվում Արևմտյան Հռոմեական կայսրության վերջին կայսր Ռոմուլոս Օգոստոսը:

Խթան չկա` շարժում չկա, վտանգ չկա` հասարակությունը համախմբելու նախադրյալներ չկան: Գոյություն ունի օրինաչափություն` հասարակությունը համախմբելու համար անհրաժեշտ են թշնամիներ: Ժամանակակից քաղաքական գործիչները կարող են օգտագործել տարբեր տիպի թշնամիներ: Դրանք կարող են լինել զանազան հատկանիշներով միավորված խմբեր՝ ազգային (հրեաներ, կովկասյան ազգության անձինք, արաբներ և այլն), կրոնական (մահմեդականներ, քրիստոնյաներ, աղանդավորներ), քաղաքական (կոմունիստներ, ֆաշիստներ, անարխիստներ):

Սեփական նկատառումներով թշնամիների օգտագործման տեխնոլոգիան իր մեջ ներառում է մի քանի փուլ: Սկզբում առաջնորդը (կուսակցություն, ընտանիք) իրեն հայտարարում է հասարակության (պետության, ազգի, դասակարգի) պաշտպան այն թշնամուց, որն իր համար «ամենահարմարն» է: Իսկ հաղթանակից հետո հենց թշնամու առկայությունը կարող է նրա տիրապետությունը դարձնել կայուն և երկարաժամկետ: Այն թշնամիները, որոնք իրոք սպառնում են տիրապետությանը, անխնա ոչնչացվում են: Իսկ նրանք, ովքեր անհրաժեշտ են, հասցվում են այն մակարդակի, որ կարող են բարձր բղավել, բողոքել, սպառնալ, սակայն մրցակից դառնալու իրական հնարավորություն չունեն:

Ստեղծվում է փակ քաղաքական ակումբ, կուսակցությունների սահմանափակ քանակ և իշխանության իրական հավակնորդների սահմանափակ թիվ: Խստորեն վերահսկվում են ԶԼՄ-ները, ֆինանսական հոսքերը, այն կառույցները, որոնք կապ ունեն հսկողական և պատժիչ գործառույթների հետ:

Օրինակ՝ Բորիս Ելցինը 1996թ. ընտրություններից առաջ շատ ցածր վարկանիշ ուներ, սակայն ուներ շահող խաղաթուղթ` ի դեմս Ռուսաստանի կոմունիստական կուսակցության, հետևաբար՝ կոմունիստական սպառնալիքի: Այլընտրանք չկար, և Ելցինը հաղթեց:

Անտուան դը Սենտ-Էկզյուպերին «Փոքրիկ իշխանը» գրքում նկարագրում է մի մոլորակ, որտեղ ապրում էին միապետը, առնետը և դատավորը: ժամանակ առ ժամանակ առնետին մահապատժի էին դատապարտում, իսկ միապետն էլ նրան ներում էր շնորհում: Իսկ ի՞նչ աներ: Ո՞ւմ դատեր ու ներում շնորհեր, եթե այդ միակ առնետն այլևս չլիներ: Ընդհակառակը, առնետին հարկավոր է փայփայել, քանի որ միայն նա է հնարավորություն տալիս ի հայտ բերելու արքայական մեծությունը և ցուցադրելու իրավական պետության սկզբունքների իրականացումը:

Ի դեպ, կարելի է նաև թշնամական խումբ չփնտրել: Կարելի է ողջ աշխարհը թշնամական տարածք հայտարարել, իսկ բոլոր մարդկանց` թշնամիներ, ինչի շնորհիվ էլ ողջ խմբի նկատմամբ հասնել լիիրավ վերահսկողության: Նման մեթոդը կիրառվում է, օրինակ, աղանդներում:

Այս ստրատագեմը կիրառություն ունի նաև արտաքին քաղաքականության մեջ: 1976թ. մահացավ Չինաստանի առաջնորդ Մաո Ցզեդունը: Երկրի նոր ղեկավարությունը բարեփոխումների քաղաքականություն է հռչակում: Առանց Արևմուտքի աջակցության հնարավոր չեն ո՛չ ներդրումները, ո՛չ էլ՝ ժամանակակից տեխնոլոգիաների ձեռքբերումը: Ինչպե՞ս Արևմուտքը Չինաստանին օգնի, եթե այնտեղ կոմունիստական վարչակարգ է: ՉԺՀ ղեկավարությունը հաջող ելք գտավ: 1979թ. Չինաստանի և Վիետնամի միջև զինված հակամարտություն սկսվեց: Վիետնամին սկսեց օգնել Խորհրդային Միությունը:

Սա չինացիների ինչի՞ն էր պետք: Միայն նրա համար, որ Արևմուտքը տեսներ՝ վերջինս ու Չինաստանն ունեն մեկ ընդհանուր թշնամի` ԽՍՀՄ-ը: Արևմուտքը հավատաց չինացիներին և սկսեց բազմակողմանի օգնություն ցուցաբերել: Այն ժամանակ, երբ ԽՍՀՄ-ը մասնակցում էր սպառազինությունների մրցավազքին և ամրապնդում իբր ժողովրդական վարչակարգերը, Չինաստանը աշխույժ կերպով զարգանում էր։ 1980-ականների վերջին, արդեն կրկնապատկելով իր համախառն ներքին արդյունքը, լուծեց բնակչությանը սննդով ապահովելու հարցը:

Ստրատագեմները իմանալն ու կիրառելը, անկասկած, օգտակար է: Չի կարելի ուսումնասիրել ռազմավարությունն առանց ստրատագեմի: Բայցև, չարժե նաև կարծել, թե ստրատագեմները «արծաթյա փամփուշտ» են, կամ համապիտանի դեղատոմս: Ինչքան էլ նրա հեղինակությունն ամրապնդված է չինական հազարամյա պատմությամբ, այնուամենայնիվ, այն գործիք է, և ինչպես ցանկացած գործիք ունի իր սահմանափակումները և գործածության առանձնահատկությունները:

Պատրաստեց ՆԱԻՐԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ

Խորագիր՝ #29 (996) 25.07.2013 – 31.07.2013, Ուշադրության կենտրոնում, Ռազմական


24/07/2013