ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ` ԱՌԱՋՆԱՅԻՆ ՍԿԶԲՈՒՆՔ
Գնդապետ Կարեն Սերոբյանի հրամանատարությամբ գործող զորամասում զինծառայողների բուժսպասարկումը բավական բարձր հիմքերի վրա է, որովհետև նախևառաջ կարևորվում է զինվորի, առհասարակ՝ զինծառայողի առողջության պահպանման սկզբունքը: Նորակառույց բուժկետը տիպային է, նորոգված` և, որ պակաս կարևոր չէ, գործն արված է որակով: Բուժծառայության պետ, կապիտան Հարություն Հարությունյանը ցույց է տալիս դատարկ ընդունարանը, հիվանդասենյակները, մեկուսարանները, վիրակապարանը, ճաշարանը, սանհանգույցները, մշտապես գործող բաղնիքը, դեղատունը… Ինքը` կապիտան Հ.Հարությունյանը, երկու տարի առաջ է ավարտել ռազմաբժշկական ֆակուլտետի ինտերնատուրան, ծառայել է երրորդ զորամիավորման զինավաններից մեկում.
-Այս պահին ունենք ընդամենը մեկ հիվանդ, ընդհանուր առմամբ, տարեսկզբից սկսած, վիճակը, իրոք, բավական բարելավվել է, վարակիչ հիվանդություններ ընդհանրապես չենք ունեցել: Եղել է կոտրվածքի մեկ դեպք: Սպասարկում ենք նաև սպաների, ենթասպաների ընտանիքների անդամներին, եթե հարկ է լինում, հանգստյան օրերին նրանց ընդունում ենք տանը: Ամառը մեր զորամասի համար բարդ շրջան է: Ամեն ինչ անում ենք, որպեսզի սանիտարահիգիենիկ վիճակը պահենք պատշաճ վիճակում: Դրսից եկած զինծառայողներին խորհուրդ ենք տալիս օգտագործել եռացրած ջուր, թեյ: Տեղացիներն իրենց ջրին սովոր են, մինչդեռ նոր եկածները դեռեւս պետք է վարժվեն: Զորամասը հաճախակի է կազմակերպում ճամբարային հավաքներ, և նման դեպքերում մենք տեղերում խստացված հերթապահություն ենք կատարում, հսկողության տակ ենք վերցնում սանիտարահիգիենիկ իրավիճակը: Հիվանդներ կան հոսպիտալներում, և մենք մշտապես հետևում ենք նրանց բուժման ընթացքին: Զորամասում անցկացվել են հակատուբերկուլյոզային միջոցառումներ, կատարվել է ֆլյուրոգրաֆիկ ստուգում: Շատ ուշադիր ենք պահակային ծառայության անձնակազմի ընտրության հարցում. կարևորում ենք հատկապես հոգեբանական պատրաստության խնդիրը: Յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը հայտարարվում է սանիտարական: ՈՒսումնական փուլերից առաջ պլանային կարգով կատարվում է ամբողջ անձնակազմի բուժստուգում:
Բուժկետն ունի նաև ժամանակակից սարքավորումներով կահավորված ատամնաբուժական կաբինետ, որտեղ ատամնաբույժ, լեյտենանտ Վահե Մարգարյանը որակյալ սպասարկում է իրականացնում: Բուժանձնակազմի կազմում են նաև նյարդավիրաբույժ Արտյոմ Ստամբոլցյանը, բժիշկ-մասնագետ Մ.Խաչատրյանը, դեղատան պետ, ավագ ենթասպա Ռ.Ալեքսանյանը, որը մարտական գործողությունների մասնակից է և երկար ժամանակ զորամասի հետ հերթապահել է առաջնագծում: Բուժկետի պետն է ավագ լեյտենանտ Ա. Մովսիսյանը: Իր բարեխիղճ աշխատանքի և հոգատար վերաբերմունքի համար բոլորի հարգանքն է վայելում սանիտար տիկին Լենան:
Խորագիր՝ #29 (996) 25.07.2013 – 31.07.2013, Ազգային բանակ