Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ, ՆՈՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ…



Հարցազրույց ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի պետի պաշտոնակատար, բժշկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, բ/ծ գնդապետ ՍԱՄՎԵԼ ԳԱԼՍՏՅԱՆԻ հետ

-Պարոն Գալստյան, ի՞նչ ճանապարհ է անցել ռազմաբժշկական ֆակուլտետը եւ ի՞նչ խնդիրներ է այսօր կատարում:
-1994թ. մայիսի 19-ին կառավարության որոշմամբ բուժծառայության կազմակերպման եւ էքստրեմալ բժշկության ամբիոնի հիման վրա ստեղծվել է Երեւանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը: 1994-95թթ. ֆակուլտետում ընդունելություն է կատարվել ԵՊԲՀ բուժական, մանկաբուժական եւ սանհիգիենիկ ֆակուլտետների հինգերորդ կուրսերից, 1996թ. առաջին անգամ առաջին կուրս է բացվել նոր ընդունվողների համար: Մինչ այժմ ֆակուլտետը տվել է 425 շրջանավարտ, որից 30-ը՝ կարմիր դիպլոմով: Մեծ մասը ծառայում է ազգային բանակի զորամասերում, նաեւ ռազմաբժշկական վարչությունում եւ կենտրոնական ու կայազորային հոսպիտալներում՝ որպես բաժինների սպաներ ու բժիշկ մասնագետներ, դասախոսներ: Զուգահեռաբար պահեստազորի սպաների պատրաստման ծրագրով ռազմաբժշկական կրթություն են ստացել նաեւ բժշկական համալսարանի մյուս ֆակուլտետների ուսանողները: Ներկայումս մասնագետներ ենք պատրաստում հետեւյալ բաժիններում`1) բժշկական ծառայության եւ մարտավարության ամբիոն, ընդգրկում է զորքերի բուժապահովման հիմնախնդիրները խաղաղ եւ պատերազմական պայմաններում, 2) համազորային պատրաստության ցիկլ, որի դասախոսներն իրականացնում են լեռնային եւ բարձրլեռնային պայմաններում մարտերի վարման տարբեր ձեւերի ժամանակ զորքերի գործունեության հիմնախնդիրներին նվիրված հետազոտություններ, 3) ռազմական հիգիենայի ու ռազմական համաճարակաբանության ցիկլ, ուսումնասիրում է զորքերի հակահամաճարակային խնդիրները, 4) ռազմական թունաբանության, ճառագայթաբանության եւ բժշկական պաշտպանության ցիկլ, 5) արտակարգ իրավիճակների բժշկության ցիկլ, ընդգրկում է աղետների դեպքում բուժապահովման խնդիրները, 6) ռազմադաշտային վիրաբուժության ամբիոն, գիտական հետազոտություններն ընդգրկում են վիրաբուժական մարտական վնասվածքների ախտածագման, կլինիկայի, բուժման եւ կանխարգելման խնդիրները, ամբիոնի աշխատակիցների ուժերով հրատարակվել են 100-ից ավելի հոդվածներ, 5 մեթոդական ցուցումներ, մեկ ուսումնական ձեռնարկ, պաշտպանվել է երկու թեկնածուական, երկու դոկտորական ատենախոսություն, 7) ռազմադաշտային թերապիայի ամբիոն, որն արդեն ներքին օրգանների հիվանդություններն է ուսումնասիրում, այստեղ հրատարակվել է 156 հոդված, 12 մենագրություն, 7 մեթոդական ցուցում, 4 ուսումնական ձեռնարկ, ամբիոնում պաշտպանվել է 15 թեկնածուական, 4 դոկտորական ատենախոսություն: Ընդհանուր առմամբ, ֆակուլտետի ստեղծման օրվանից առաջնահերթ խնդիրը եղել եւ մնում է որակյալ կադրերի պատրաստումը զինված ուժերի համար:
-Ցանկացած բնագավառում պարբերաբար փոփոխությունների, նորամուծությունների կարիք է զգացվում, կարծրացած մեխանիզմներով հնարավոր չէ երկար աշխատել, առավել եւս ձեռքբերումներ գրանցել…
-Իհարկե, դուք ճիշտ եք, հատկապես մեր ոլորտում դա շատ պարզ երեւում է: Մի պահ կարծես ֆակուլտետը դեպի լճացում էր գնում: Ուրախությամբ պետք է նշեմ, որ այժմ մենք երկրորդ շունչն ենք առնում. հաջորդ տարի նախատեսում ենք վերականգնել ընդունելությունը առաջին կուրսում, այս տարի արդեն վերականգնեցինք զինվորական երդում ընդունելու արարողությունը եւ հենց առաջին կուրսում էլ այսուհետ անցկացնելու ենք այն: Դա իր խորհուրդն ունի. սովորողներն իրենց արդեն զինվոր են զգում, համազգեստ են կրում, ձգվում, լիարժեք կուրսանտ կոչվում: Եվ այդ ամենը մեր նոր քայլերի, մոտեցումների արդյունքն է: Ռուսական եւ խորհրդային բանակների, ՆԱՏՕ-ի զինված ուժերի եւ, իհարկե, Արցախյան ազատամարտում ձեռք բերված փորձը համադրելով` կազմել ենք ռազմաբժշկական կրթության նոր ծրագիր` ժամանակի պահանջներին համահունչ: Սա զարգացման ծրագիր է, նոր մեթոդներով ու բովանդակությամբ, գիտելիքներ փոխանցելու ավելի լայն հնարավորություններով: Այն պաշտպանության նախարարի, ԵՊԲՀ ռեկտորի, ռազմաբժշկական վարչության պետի հավանությանն է արժանացել եւ շուրջ մեկ տարի առաջ ներդրվել բակալավրիատում: Արդեն պատրաստ է նաեւ մագիստրատուրայի ծրագիրը: Բնականաբար, նոր պահանջներին գերազանց պետք է տիրապետի նախեւառաջ սպայական ու դասախոսական կազմը: Ընդհանրապես, բժշկական համալսարանում մի մոտեցում կա` եթե կրթում ես, պետք է զբաղվես նաեւ գիտությամբ, առաջ գնաս, եթե, ասենք, գիտությունների թեկնածու ես, պետք է ձգտես դոկտորական պաշտպանել, տեղում չդոփել, դա անպայման կգնահատեն նաեւ ուսանողները եւ օրինակ կվերցնեն: Նշեմ նաեւ, որ վերջին շրջանում մեր դասախոսներն ավելի հաճախ սկսել են դիմել տարբեր մասնագիտական կրթական ծրագրերի: Վերջին փոփոխությունների արդյունքում կտրուկ փոխվել է մոտեցումը ոլորտի նկատմամբ, ընդհանուր ռազմական կրթության շրջանակներում առանձնացվել եւ մշակվել է ռազմաբժշկական կրթության հայեցակարգը: Միաժամանակ, նախորդ տարվանից կտրուկ բարելավվել է ֆակուլտետի ֆինանսական եւ նյութապահովման վիճակը:
-Իհարկե, կրթական ծրագրերի լիարժեք կյանքի կոչման համար որակյալ կադրեր են պետք: Ապահովվա՞ծ է ֆակուլտետը մասնագետներով:
-Եթե ասեմ, որ անհրաժեշտ մակարդակի մասնագետներ շատ ունենք, սխալ կլինի, բայցեւ շեշտը չենք դնում եղածներին փոխարինելու վրա: Մենք լավ կադրեր ունենք, փորձում ենք թե՛ մարդկային եւ թե՛ մասնագիտական մոտեցումներով վեր հանել յուրաքանչյուրի մեջ թաքնված կարողությունները, ոգեւորել, մանավանդ որ փոխվել են մարդկանց աշխատանքի գնահատման չափանիշները: Արդյունքում՝ մի քանիսին ամբիոնի եւ ցիկլի պետի պաշտոնում եմ առաջարկել, եւ վարչության պետն ու ռեկտորը համամիտ են եղել իմ առաջարկներին, նույնիսկ նոր ավարտածներից դասախոս ենք ընտրել: Ներգրավում ենք մասնագետներ նաեւ դրսից: Ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի պետ նշանակվեց Սուրեն Հովհաննիսյանը՝ Հայաստանում բժշկական գիտությունների ամենաերիտասարդ դոկտորը:
Ներդրված նոր համակարգի պայմաններում, երբ մեր դասավանդման ողջ մեթոդիկան բարեփոխումների ենթարկվի, ընդ որում՝ բազմաթիվ փորձերով հաստատված գիտական բարեփոխումների, մենք այլեւս կադրերի խնդիր չենք ունենա: Արդեն ուսումնառության շրջանում, ապա նաեւ կլինիկական պրակտիկայի ընթացքում ապագա ռազմական բժիշկները գիտելիքների լայն պաշար են ստանում: Նրանք մասնակցում են գործնական տարբեր պարապմունքների, մեր վարչության եւ ՆԱՏՕ-ի զորքերի բժշկական ծառայության կազմակերպած զորավարժությունների, ՀՀ սահմանամերձ եւ ուսումնական զորամասերում հավաքների, շատ լավ փորձառություն ստանում գիտական եւ գործնական ասպարեզներում կատարելագործվելու համար: Ընդ որում, մեզ մոտ փոխվել է նաեւ վարժանքների անցկացման կարգը, եթե նախկինում կուրսանտները պարզապես հետեւում էին տեղում իրենց ղեկավարների գործողություններին, ապա այժմ որոշակի դասընթաց յուրացնելուց հետո իրենք բաժանվում են մի քանի խմբի` բժիշկներ, սանհրահանգիչներ եւ այլն, ապա կատարում են վարժանքի սցենարով նախատեսված միջոցառումները, ղեկավարներն էլ հետեւում եւ գնահատում են:
-Ֆակուլտետի հետազոտությունները գործնական կիրառում ունենու՞մ են:
-Մի օրինակ բերեմ. նախկինում, այսպես կոչված, ռե-ակտիվ արտրիտների դեպքում հիվանդը շուրջ երեք ամիս պառկում էր հոսպիտալում, ապա վերականգնման կուրս անցնում, մի խոսքով՝ ժամանակատար եւ ծախսատար պրոցես էր, էլ չեմ խոսում զինծառայությունից բացակայելու մասին: Հոսպիտալի բժիշկների հետ քննարկեցինք եւ որոշեցինք բուժման ընթացքում օգտագործել մի դեղամիջոց, որը շատ պարզ եւ արդյունավետ մեթոդ դուրս եկավ, բուժման կուրսը կրճատվեց մինչեւ 3-4 շաբաթ, զորացրումների թիվը նշված հիվանդության պատճառով կտրուկ նվազեց, առողջացողներն էլ ճանաչվում են պիտանի շարային ծառայության համար: Ի դեպ, սա նորություն էր ողջ աշխարհում, միայն մի քանի ամսագրում ինչ-որ փորձերի մասին կցկտուր տեղեկություններ կային: Մեզ հաջողվեց նորամուծություն կատարել, եւ այժմ դա դասավանդվում է նաեւ ուսանողներին:
-Պարոն Գալստյան, Դուք 15 գրքի, բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ եք, նաեւ արտասահմանում, ֆակուլտետից բացի, ղեկավարում եք ռազմադաշտային թերապիայի ամբիոնը: Ինչպիսի՞ն է եղել Ձեր կյանքի ճանապարհը…
-Ութ տարեկան էի, երբ հայրս մահացավ, ընդամենը 44 տարեկանում, բայց նրա դաստիարակությունը խոր հետք է թողել իմ մեջ: Սովորել, ապրել եմ հորս պես, նա Օշականում դպրոցի տնօրեն էր, վայելել է բոլորի հարգանքը: Դպրոցը, ապա բժշկական համալսարանը ավարտել եմ գերազանց, կլինիկական օրդինատուրայից հատուկ թույլտվությամբ տեղափոխվել եմ օդյունկտուրա (զինվորական բժշկության գծով ասպիրանտուրա) Կույբիշեւում: 1989թ. ստացել եմ գիտությունների թեկնածուի աստիճան: 1990թ. զորացրվեցի խորհրդային բանակից եւ վերադարձա Հայաստան՝ իմ ոլորտում օգտակար լինելու համար: Մինչեւ 1994թ. աշխատել եմ տարբեր բուժհաստատություններում, մասնավորապես՝ նախկին շտապ օգնության հիվանդանոցում: Բանակի ապագա գլխավոր թերապեւտ Տիգրան Ավագյանն ու ես մասնակցում էինք բոլոր հիվանդների բուժման գործընթացին, եւ ուրախությամբ պետք է նշեմ, որ ոչ մի վիրավոր այդ ընթացքում չմահացավ, եւ դա լայն արձագանք գտավ բժշկական միջավայրում: 1994թ. ինձ հրավիրեցին մասնակցելու ռազմաբժշկական ֆակուլտետի ստեղծման աշխատանքներին: Գործուղվեցի Ռուսաստանի Դաշնություն, որտեղից բերեցի մասնագիտական գրականություն, փաստաթղթային նորմատիվների օրինակներ: Նշանակվեցի պետի տեղակալ, հետագայում տեղափոխվեցի կենտրոնական հոսպիտալ՝ եւս մեկ ամբիոն ստեղծելու նպատակով: Ամբիոնը ստեղծեցինք, իսկ 1997թ. ստացա բժշկական գիտությունների դոկտորի աստիճան եւ ղեկավարեցի ռազմադաշտային թերապիայի ամբիոնը: Տարիների ընթացքում միշտ զբաղվել եմ տարբեր ճյուղերում բժշկական գիտական հետազոտություններով: Ձգտել եմ ամեն ինչ հասցնել: Մինչեւ հիմա լուրջ բացթողում չի եղել, հուսով եմ, այսուհետ էլ չի լինի: Դա միայն իմ ձեռքբերումը չէ, իհարկե, ինձ թեւութիկունք է եղել իմ ընտանիքը: Կինս ինձ հետ հավասար աշխատել, օգնել է, երեխաներն էլ ըմբռնումով են մոտեցել իմ ծանրաբեռնվածությանը: Շատ լավ երեխաներ ունեմ: Աղջիկս ավարտել է բժշկական համալսարանը, մանկական նյարդաբան է դառնալու: Տղաս` Արտակ Գալստյանը, դպրոցը գերազանց ավարտելուց հետո հայտարարեց, որ դառնալու է զինվորական բժիշկ, կարմիր դիպլոմով ավարտեց մեր ֆակուլտետը, վերապատրաստվեց արտասահմանում: Այս տարի ՀՀ ՊՆ ԿԿԶՀ-ում բժշկ. գիտ. դոկտոր Լեւոն Ժամագործյանի հետ միասին առաջին անգամ զինված ուժերում կատարեցին անութափոսի վերականգնում, ինչը չափազանց բարդ ու պատասխանատու վիրահատություն է:
Հետաքրքիր ու հագեցած է անցել կյանքս: Հիմա էլ ուրախանում եմ, որ իմ ոլորտում առաջխաղացում է լինում: Ռազմական բժշկության բնագավառը օր օրի զարգանում է, ցանկանում ենք ռազմաբժշկական ֆակուլտետը դարձնել օրինակելի բոլորի համար: ԵՊԲՀ-ում տպագրվող «Ապագա բժիշկ» հանդեսում բացվել է «Ռազմական բժիշկ» խորագիրը, ինչը վկայում է ռազմաբժշկական կրթության դերի ու նշանակության բարձրացումը ընդհանուր կրթության համատեքստում:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուսանկարը` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #08 (873) 02.03.2011 – 09.03.2011, Ազգային բանակ


10/03/2011