Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՂԹԱՆԱԿԸ ԾՆՎՈՒՄ Է ՀԱՎԱՏԻՑ



Հարություն Ռամազյան

Իմ կենսագրության մեջ ոչ մի առանձնահատուկ դրվագ չկա, ես չեմ կարող զարմացնել որեւէ հետաքրքրաշարժ, արտառոց պատմությամբ, բայց ինձ համար անցյալի հիշողությունները շատ թանկ են, գեղեցիկ, հարազատ, որովհետեւ իմն են, կապված են սիրելի մարդկանց, սիրելի վայրերի հետ:
Ես ծնվել եմ Ալավերդիում: Իմ ընտանիքը փոքր է՝ ես ու մայրս: Կար մեծ աշխարհ՝ բակը, ընկերներս, անտառը, ազգականներս, դպրոցը… ու փոքր աշխարհ՝ իմ տունը՝ ես ու մայրս: Մայրս մասնագիտությամբ մանկավարժ է, բայց նաեւ շատ գեղեցիկ ասեղնագործում է: Երբ գալիս էր գիշերը, ու պատուհանից այն կողմ աշխարհը մթնում էր, եւ իմ փոքր աշխարհը բաժանվում էր մեծ աշխարհից, ես ու մայրս ասես դառնում էինք մի ամբողջություն մեր փոքրիկ բնակարանում: Ես դասերս էի պատրաստում, մայրս ասեղնագործում էր: Մայրս այնքան նման է իր ասեղնագործություններին… նուրբ, մանրանկար, բծախնդիր, լուսավոր, գեղեցիկ, խորը: Բառերով դժվար է բացատրել:
Ես գեղեցիկի սիրահար եմ: Իմ ծննդավայրը՝ Ալավերդին, ավելի գեղեցիկ է, քան Շվեյցարիան (միայն ես չեմ այդ կարծիքին), մեր բնությունը հիասքանչ է՝ ամեն անկյունը, թփուտները, սարերը, անտառները անկրկնելի են, աննման: Երբ առավոտ կանուխ ընկերներիս հետ գնում էի մոշ հավաքելու, մի արտասովոր զգացում էի ունենում՝ ասես ձուլվում էի բնությանը, ասես հսկա կաղնիներից մեկը լինեի, արմատս խոր-խոր հողի մեջ, հզոր, անպարտելի: Վեհությամբ, հպարտությամբ էր լցվում սիրտս մեր եկեղեցիները դիտելիս՝ Հաղպատը, Սանահինը: Նրանք կենդանի պատմություն էին՝ իմ պատմությունը, որը եղել է իմ ծնվելուց հազարամյակներ առաջ ու կլինի, երբ ես չեմ լինի: Ու ինչ-որ մեկը հարյուր, հազար տարի հետո կնայի Հաղպատին, կձուլվի նրա պատմությանը, կդառնա իմ շարունակությունը, ինձ կկապի ապագային…
Նույնպիսի զգացողություն եմ ունենում ջրի ձայնը լսելիս՝ մեր աղբյուրների, գետակների ու առվակների: Ասես հազարամյակների ճանապարհ են կտրել ու հավերժության են գնում՝ անվերջ պատմելով մեր անվախճան պատմությունը:
Երբ ես գեղարվեստի դպրոց էի հաճախում, նկարում էի իմ մտքերը: Ես ծառ էի նկարում, գետակ, եկեղեցի, մատուռներ, սարեր… Բայց դրանք ավելի շատ իմ մտքերն էին, քան պարզապես բնության պատառիկներ: Ես շատ էի սիրում կարդալ: Այն գրքերը, որ ես կարդացել եմ, իմ մանկության մի մասնիկն են: Այդ գրքերի հերոսները ասես կենդանի մարդիկ են, որոնք ապրել են իմ կողքին, սիրել են, տխրել, երազել, ատել, հերոսացել, ձախողվել, հաղթել, պարտվել ու նրանց հետ, նրանց համար տխրել, ուրախացել եմ նաեւ ես: Ու նրանք ասես իմ հարազատներն են, որոնք մնացել են անցյալում, բայց չեն մոռացվել, որովհետեւ մնացել են իմ սրտում: Նրանք սովորեցրել են ինձ գեղեցիկ ապրել: Ես մորս միակ երեխան եմ, բայց նա ինձ երես չէր տալիս: Նա ցանկանում էր, որ ես ճիշտ ապրեմ: Եթե պետք էր ընտրություն անել արդարության ու գթասրտության միջեւ, մայրս արդարությունն էր ընտրում: Ես մանկուց աշխատել եմ, օգնել եմ մորս: Մայրս ստիպել է հասկանալ, թե ինչպես է ստեղծվում բարիքը, ինչ գին ունի ավուր հացը, ինչ է կողքինիդ հոգսը կիսելու պատրաստակամությունը, ինչ են կարեկցանքը, պատասխանատվությունը:
Նախքան բանակ գալս մտածում էի, որ արդեն բավականաչափ լավ եմ ճանաչում կյանքը, որովհետեւ ոչ մի բանի մատների արանքով չեմ նայում, այլ սեւեռումով, ուշադրությամբ, քննել-վերլուծելով: Ես շատ ընկերներ չունեմ, ավելի ճիշտ` քչերին եմ ընկեր կոչում: Ընկերներիցս մեկը` Արմենը, որը հոգեբան է, օգնում էր հասկանալու ինքս ինձ ու ճիշտ հարաբերություններ կառուցելու ինձ շրջապատող մարդկանց հետ: Բանակում հասկացա, որ այդ բոլոր տեսությունները քիչ են, որ ես չեմ տեսել իսկական կյանքը: Որքան էլ ինձ պատմել էին բանակի մասին, որքան էլ հետաքրքրվել էի բանակի առօրյայով, վարքուբարքով, միեւնույն է, բանակը նոր, օտար աշխարհ է ինձ համար` իր բարոյական չափանիշներով, պահանջներով: Այդքան հասունանալու, այդքան խելոքանալու, կյանքը ճանաչելու համար քաղաքացիական կյանքում ինձ առնվազն 15-20 տարվա փորձառություն էր պետք, բանակում ամեն քայլափոխին պիտի ընտրություն անես խիզախության ու վախկոտության, արդարության ու խորամանկության, անտարբերության ու գթասրտության, ուժի եւ թուլության միջեւ: Ու չես կարող խուսանավել, թաքնվել ուրիշի թիկունքում: Դու միշտ հայելու առաջ ես, որը ցույց է տալիս իրական դեմքդ, ասում է, թե ով ես դու:
Ամենակարեւոր եզրահանգումներից մեկը, որ ես արեցի բանակում ծառայելու տարիներին, այն է, որ հարգված լինելու միակ ճանապարհը իսկապես հարգարժան լինելն է: Կան մարդիկ, որ դա չեն հասկանում (ե՛ւ զինվորներ, ե՛ւ սպաներ), բռնությամբ կարող ես վախեցնել, խստությամբ կարող ես ստիպել, որ հրամաններդ կատարեն, բայց հարգված լինելու համար պիտի արժանի լինես հարգանքի։ Ու հարգել կարողանաս։ Մարդկային հարաբերությունների առանցքը վստահությունն է։ Իմ կարծիքով՝ վստահությունը սիրուց կարեւոր է։ Առանց փոխադարձ վստահության ոչինչ չես կարող կառուցել, չես կարող ուժ դառնալ, չես կարող հաղթել։ Վստահությունը հենարան է, որը բազմապատկում է ուժդ։ Հրամանատարին չվստահող զինվորը դառնում է երկչոտ, մորթապաշտ, եսակենտրոն։ Զինվորին չվստահող հրամանատարը նման է անզորք զորավարի։
…Երբեք չէի մտածի, որ մի օր ես կարող եմ առանց երկմտելու ասել, որ պատրաստ եմ զենք վերցնել ու գնալ թշնամու դեմ կռվելու։ Այս հոգեբանական փոփոխությունը ե՞րբ կատարվեց, ինքս էլ չհասկացա։ Հիմա ես պատերազմ բառը արտաբերում եմ հանգիստ, անխուճապ։ Իմ կարծիքով՝ մեր սպաների ամենամեծ ձեռքբերումն այն է, որ կարճ ժամանակամիջոցում զինվորից մարտիկ են պատրաստում, կռվելու պատրաստ զինվոր։ Մենք գիտենք, որ եթե պատերազմ սկսվի, կհաղթենք ադրբեջանցիներին։ Այս անսասան հավատը յուրաքանչյուր զինվորի հոգու մեջ է։ Սա նույնպես մեր սպաների կարեւորագույն ձեռքբերումներից է։ Այս հավատից են ծնվելու մեր գալիք հաղթանակները։
Բանակի սիրտը ոգին է, բանակի ոգին պիտի ուժեղ լինի։ Շատ լավ է, որ մեզ՝ զինվորներիս, բանակում լավ են կերակրում, տաք հագուստ են տալիս, սովորեցնում են զինվորական մասնագիտություն… բայց ոգու ակունքը այդտեղ չէ։ Ոգին ծնվում է, երբ լսում ենք մեր հրամանատարի պատերազմական սխրանքների մասին, երբ մեզ հայրենասիրության դասեր է տալիս Արցախում հաղթած սպան… երբ ռազմական ինստիտուտի երիտասարդ շրջանավարտը, համարյա զինվորի տարեկիցը, կանգնում է կողքիդ, քեզ հետ կիսում է ծառայական կյանքի դժվարությունները, դառնում է ընկերդ ու հրամանատարդ։ Ոգին ծնվում է, երբ նախարարի, գեներալների, պատգամավորների, արվեստագետների ու գործարարների որդին ծառայում է բանվորի, այգեգործի, վարորդի որդու կողքին, հավասար պայմաններում, անցնելով նույն դժվարությունների միջով։ Այդ ժամանակ դու հասկանում ես հայրենիքի մեծությունը, որի առաջ հավասար են նախարարն ու վարորդը, պատգամավորն ու բանվորը։ Որովհետեւ հայրենիքը մեծ է, թանկ է, հայրենիքի պաշտպանությունը սրբազան գործ է, պատիվ է։ Ու այդ պատվից իրենց բաժինն են ուզում պատվախնդիր մարդիկ՝ երկրիդ պաշտոնյաներն ու մեծավորները, մտավորականներն ու իշխանավորները։
Ես կավարտեմ ծառայությունս, կվերադառնամ իմ ծննդավայր ու կշարունակեմ ապրել ինչպես իմ ծննդավայրի մարդիկ։ Բայց մի նոր պարտք ու մի նոր կոչում միշտ կլինի ինձ հետ՝ հայրենիքը պաշտպանելու պարտքն ու հայրենիքի զինվորի կոչումը։ Ու երբ անհրաժեշտ լինի, ես պատերազմ բառը կլսեմ առանց խուճապի, կառնեմ զենքս ու կգնամ փակելու թշնամու ճանապարհը։

Պատրաստեց ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԸ

Խորագիր՝ #08 (873) 02.03.2011 – 09.03.2011, Բանակ և հասարակություն


10/03/2011