ԳԻՐՔԸ՝ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆՎԵՐ
Արդեն մեկ տարի է, ինչ գործում է «Զորակն» գիտակրթական երիտասարդական հիմնադրամը, որն ստեղծել են Միքայել Յալանուզյանը, Վահագն Մխոյանը և Կարեն Վրթանեսյանը: Հիմնադրամը սահմանամերձ և ազատագրված տարածքների՝ հատկապես գյուղական համայնքների դպրոցների համար ֆեյսբուքյան «Հայք» նախաձեռնության հետ տարբեր տեսակի գրքեր (գեղարվեստական, հանրագիտարաններ, դասագրքեր, բառարաններ, գիտահանրամատչելի և այլն) է հավաքում և հասցնում է տեղեր:
Վերջերս հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Կարեն Վրթանեսյանը և գործադիր տնօրեն Հովհաննես Հարությունյանն այցելեցին Քաշաթաղի շրջան և նշված գրքերից (նաև գնդակներ) տրամադրեցին Սուսի` Սերոբ Հանեյանի, Աղանուսի` Արսեն Հակոբյանի և Աղավնատան` Սամվել Ալեքսանյանի անունները կրող միջնակարգ դպրոցներին: Աղանուսի համայնքի ղեկավար Արտակ Աբրահամյանի և դպրոցի տնօրեն Ռուբիկ Ներսիսյանի հետ հյուրերին ուղեկցեցինք կրթօջախ: Գրքերը՝ «Հայկական սովետական հանրագիտարան»-ի բոլոր 13 հատորները, գեղարվեստական գրականություն, բառարաններ, գիտահանրամատչելի և այլն գրադարանին հանձնելուց հետո զրուցեցի «Զորակնի» ներկայացուցիչների հետ:
Գործադիր տնօրեն Հովհաննես Հարությունյանը վերջերս է զորացրվել ազգային բանակից, որտեղ ճանաչվել է զորամասի լավագույն սերժանտ: Նա տեղեկացրեց, որ իրենց կազմակերպությունն արդեն մոտ 10 սահմանամերձ դպրոցների՝ հիմնականում Տավուշի մարզում, տրամադրել է գրքեր: Կարեն Վրթանեսյանը, խոսելով գրքերի հավաքագրման աշխատանքների մասին, ասաց.
-Գեղարվեստական գրականությունը հավաքվում է բնակչության կողմից, իսկ հանրագիտարանները ձեռք ենք բերում մենք և մեր ընկերներն ու համակիրները՝ անձնական միջոցներով: Մի շարք գրքերի ձեռքբերման համար աջակցել է «Բիլայն» կապի ծառայությունը: Ծրագիրը լինելու է շարունակական, և նախատեսված է ընդլայնել աշխարհագրությունը: Բացի նման ձեռնարկից, «Զորակնը» տարբեր համայնքներում ստեղծել է մարզական և ռազմահայրենասիրական խմբակներ: Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում գործում է ֆուտբոլի խմբակ, սեպտեմբերին Երևանում նախատեսված է բացել նախաբանակային խմբակ:
Քաշաթաղի շրջանում «Զորակնը» գրքեր է հատկացրել նաև Բերձորի արվեստի և սպորտի դպրոցին: Հիմնադրամի ներկայացուցիչներին ուղեկցում էր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտ բերձորցի Արմեն Մխիթարյանը:
Զ. ԸՌՔՈՅԱՆ
Խորագիր՝ #30 (997) 1.08.2013 – 7.08.2013, Բանակ և հասարակություն