Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽՈՆԱՐՀՈՒՄ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆԸ



Ո՞վ կարող է մեզ չարիք պատճառել, եթե մենք նախանձախնդիր լինենք ամեն բարի բանի: Հիանալի է ասում երանելի Օգոստինոսը. «Մի՛ վախեցիր թշնամուց. նա այնքան զորություն ունի վնասելու, որքան դրա համար իշխանություն ստացել է Աստծուց: Այլ Նրանի՛ց վախեցիր, Ով զորություն ունի այնքանն անելու, որքան կամենում է, եւ Ով ոչ մի անարդար բան չի անում, այլ ինչ էլ անում է, արդար է: Իսկ եթե ինչ-որ բան, ըստ մեր կարծիքի, անարդար է, ապա եթե անկասկած դա կատարվել է Աստծո կամքով, հավատա՛, որ արդար է եւ ճշմարիտ»:

Կհարցնես. «Եթե մեկն անմեղ մարդ է սպանել, արդարացիորե՞ն է վարվել, թե՞ ոչ»: Կասկած չկա, որ դա անարդարություն է եւ պատժի արժանի: «Այդ դեպքում,- կհարցնես դարձյալ,- Աստված ինչո՞ւ է այդպիսի անարդարություն թույլ տվել»: Դու ցանկանում ես վիճել Աստծո հետ ավելի շուտ, քան արժանի կդառնաս հարցնելու Աստծուն. «Աստվա՛ծ, ի՞նչ պատճառով ես սա թույլ տվել»: Աստծո նպատակները դրա վերաբերյալ կամ Նրա թույլտվության պատճառները, սիրելի՛ս, չեմ կարող ուղղակի բացատրել քեզ, որովհետեւ մարդկային միտքը չի կարող բովանդակել Աստծո իմաստությունը, սակայն հաստատում եմ միայն, որ, մի կողմից, անմեղ մարդուն սպանողն անարդարություն է գործել, մյուս կողմից` այդ սպանությունը տեղի չէր ունենա, եթե Աստված թույլ չտար այն մեզ համար անհայտ, սակայն արդարացի պատճառով: Ուրիշ խոսքով` մարդասպանն անիրավություն է գործել, որը պատիժ է պահանջում, բայց Աստծո թույլտվությունն արդար եւ իմաստուն է` արդար, բայց մինչեւ ինչ-որ ժամանակ մեզ համար անհայտ պատճառով»:

Նման ձեւով է երանելի Օգոստինոսը քննում մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի սպանության հարցը: «Հուդան` Քրիստոսի անօրեն մատնիչը, – ասում է նա, – եւ Քրիստոսին հալածողները բոլորն էլ անօրեն են, բոլորն էլ` ամբարիշտ, բոլորն էլ` անարդար, բոլորն էլ` կորստյան մատնվածներ. սակայն Հայրն Իր Որդուն չխնայեց, այլ մատնեց Նրան (թույլ տվեց Նրան սպանել) մեր բոլորի փրկության համար»: Ահա` անօրենների կողմից Իր միածին Որդուն սպանելու Աստծո թույլտվության խորհրդավոր պատճառը, որն այն ժամանակ անբացատրելի էր: Ուրեմն մի՛ զարմացիր, որ Աստված թույլ է տալիս, որ չարիքն իրագործվի. Նա դա թույլ է տալիս ըստ Իր արդար դատաստանի, թույլ է տալիս չափով, թվով ու կշռով: Նրա մեջ չկա անարդարություն, դու միայն ամբողջապես հանձնվի՛ր Նրան:

Երբ մեզ վիրավորանք են հասցնում, մեզ հանգստացնելու միայն մեկ ճշմարիտ միջոց է հայտնի: Երբ քեզ մեկը նեղացնում կամ վիրավորում է, դու ուշադրություն մի՛ դարձրու քեզ վիրավորողի չարության վրա, այլ դիմիր արդարադատ Աստծուն, ով թույլ տվեց, որ քո հակառակորդը վիրավորի քեզ, եւ քեզ պատճառված չարիքին չարով մի՛ պատասխանիր, որովհետեւ այն թույլ է տրված Աստծուց բարի եւ արդար նպատակների համար, թեեւ դրանք մինչեւ ինչ-որ ժամանակ հայտնի չեն լինի քեզ: Այս սովորությունն ունեին բոլոր աստվածահաճո սրբերը: Նրանք չէին քննում, թե ով եւ ինչի համար է վիրավորել իրենց, այլ միշտ իրենց սիրտն ուղղում էին Աստծուն` խոնարհաբար ընդունելով Աստծո թույլտվության արդարացիությունը: Այդ պատճառով էլ իրենց հասցված վիրավորանքները համարում էին իրենց ուղղված բարերարություններ, իսկ իրենց հակառակորդներին` բարերարներ` ասելով. «Ահա՛ մեր իսկական բարերարները, որովհետեւ մեզ չեն շողոքորթում: Իսկ ովքեր առաչոք գովում ու մեծարում են մեզ, շողոքորթում են մեզ եւ վնաս հասցնում մեր ներքին կատարելագործմանը»: Ուստի սրբերն իրենց մտքի հայացքը միշտ ուղղում էին Աստծուն, ամեն գործում հույսը դնում Աստծո նախախնամության վրա եւ ամեն բարի բան սպասում Աստծուց:

Մյուս կողմից` վերոգրյալից երեւում է, որ Աստծո թույլտվությամբ մերձավորի դեմ մեղանչելը, միայն այն պատճառով, որ մեղանչողի անօրեն գործն Աստծուն առիթ տվեց չարիքից ավելի մեծ բարիք բխեցնելու, բնավ չի մեղմացնում մեղավորի հանցանքը: Որովհետեւ բարին բխեցնելու միայն առիթ է տրվել մեղանչողին, եւ դա ո՛չ թե նրանից է, այլ Աստծո բարության հարստությունից, իսկ մեղանչածի մտադրությունը չար էր եւ մնաց այդպիսին: Այսպես, օրինակ, եթե չարագործներից մեկը, իր չարության պատճառով կրակ դնելով աղքատի խրճիթի տակ, այրում է այն, իսկ մի ուրիշ` բարի եւ ունեւոր մարդ, խղճալով աղքատին, նրա համար կառուցում է հրդեհից այրված խրճիթի տեղում շատ ավելի լավ տուն, ապա այս դեպքում եւս չեն կարող հրդեհողի հանցանքը մեղմացնել ո՛չ այրված խրճիթի փոքրարժեքությունը, ո՛չ էլ այն բարիքը, որ գործվեց աղքատի հանդեպ հրդեհի հետեւանքով եւ աղքատի` խրճիթը կորցնելու:

Մեր կյանքի ամբողջ ընթացքում մենք պետք է հաճախ կրկնենք մարգարե թագավորի խոսքը. «Քո ճշմարտությունը, Տե՛ր, ինչպես լեռներն է, Աստվա՛ծ, Քո արդարությունը` ինչպես խոր անդունդ» (Սաղմ. ԼԵ 7): Այդ անդունդն ասես մատով ցույց են տալիս աստվածաշնչյան երկու կերպար` եգիպտացի փարավոնի տակառապետն ու մատակարարը: Երկուսն էլ նույն թագավորի ծառաներն էին, երկուսի վրա էլ փարավոնը բարկացավ, բանտարկեց ծանր հանցանքի մեղադրանքով եւ երկուսին էլ հիշեց պալատական մի խնջույքի ժամանակ ու կարող էր երկուսին էլ ներել, եթե Աստծո արդարությունը դա հարկ համարեր, կամ էլ երկուսին էլ կարող էր մահվան դատապարտել նրանց նույն մեղքի պատճառով: Սակայն մեկին դատապարտեց անարգ պատժի, իսկ մյուսի հանդեպ վերականգնեց իր ողորմությունը եւ դարձյալ հաստատեց նույն պաշտոնում. հրամայեց մատակարարին կախաղան բարձրացնել` իբրեւ կերակուր տալով վայրի ագռավներին, իսկ տակառապետին հրամայեց իր նախկին պաշտոնը վարել` ծառայել թագավորական սեղանին: Այսպիսին են Աստծո դատաստանները. ոմանց, ըստ Իր արդար դատաստանի, հեռացնում է Իր երեսից, իսկ ուրիշներին, ըստ Իր մեծ ողորմության, արժանացնում Իր հայացքին: «Եվ ո՞վ կարող է քննել Նրա մեծ գործերը, ո՞վ կարող է չափել Նրա մեծության կարողությունը, եւ ո՞վ կարող է պատմել Նրա ողորմությունը»,- ասում է Սիրաքի որդին (Սիրաք, ԺԸ 2-4):

ՏԵՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ քահանա ԴԱՆԻԵԼՅԱՆ
զորամասի հոգևոր սպասավոր

Խորագիր՝ #30 (997) 1.08.2013 – 7.08.2013, Հոգևոր-մշակութային


01/08/2013