ՀԱՅՈՑ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՊԿ-Ն
ՀԱՐՑՆ ԱՌԱՅԺՄ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՈՉ ԹԵ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է
ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒՂԵԳԻԾ
Վերջերս Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում Հայաստանի վարած քաղաքականության մեջ նկատելի է մի էական շեշտադրում, այն է` ցեղասպան երկիրը` Թուրքիան, բացի իր ոճիրն ընդունելուց, պետք է փոխհատուցի դրա հետևանքով հայ ժողովրդի կրած նյութական վնասը: Այս տարվա ապրիլի 24-ին այդպիսի բացահայտ պահանջով հանդես եկան Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսները:
Նրանց համատեղ հայտարարության մեջ արձանագրվում էր այն փաստը, որ ցեղասպանության հետևանքով «անհատական սեփական կալվածքների հետ Օսմանյան կայսրության ենթակայության ներքո գտնվող Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում, ինչպես և Թուրքիայի այլ շրջաններում ապրող հայությունը կորցրեց նաև եկեղեցապատկան կալվածքներ` եկեղեցիներ, սրբատեղիներ, վանքեր, կրոնական, կրթական ու բարեսիրական կենտրոններ, մշակութային ու կրոնական մեծ արժեք ունեցող իրեր` խաչքարեր, ձեռագրեր, սրբանկարներ և այլն: Ցեղասպանության ենթարկված ու բռնի միջոցներով տեղահանված հայ ժողովրդին պատկանող բոլոր կալվածքները սեփականացվեցին Թուրքիո պետության կողմից` «լքյալ կալվածքներ» անվան տակ»: Երկու կաթողիկոսները կոչ ուղղեցին Թուրքիա պետությանն ու ՊԱՀԱՆՋԵՑԻՆ.
«1) Ճանաչել Հայոց ցեղասպանությունը,
2) Ամբողջապես հատուցել հայ ժողովրդի կրած կորուստների և մարդկային ու ազգային ոտնահարված իրավունքների դիմաց,
3) Անհապաղ վերադարձնել հայ ժողովրդին` որպես իրավատիրոջ, հայկական եկեղեցիները, վանքերը, եկեղեցապատկան կալվածքները և հոգևոր-մշակութային արժեքները»:
Թուրքիան պետական մակարդակով չարձագանքեց այս հայտարարությանը:
ՀԱՅ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԸ ՄԻԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ
Դրանից երկուսուկես ամիս անց` հուլիսի 5-6-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում անցկացվեց իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովը, որին մասնակցում էին մոտ 100 անվանի իրավաբաններ Հայաստանից, սփյուռքից եւ Արցախից: Համաժողովը կազմակերպել էին ՀՀ սփյուռքի նախարարությունը եւ Իրավաբանների համահայկական խորհրդաժողովը: Երկօրյա աշխատանքի արդյունքում Համաժողովն ընդունեց հայտարարություն, որում մասնավորապես ասված է.
«Հայ իրավաբանների առաջնահերթ խնդիրը համարում ենք ոչ թե ցեղասպանության ակնհայտ իրողության փաստումը, այլ հետեւանքների հաղթահարման առումով իրավական հիմնավոր ու ամբողջական թղթածրարի պատրաստումը՝ համաժողովում ներկայացված մոտեցումների, առկա հետազոտությունների ու փաստաթղթերի, միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների հիման վրա»: Այդ խնդիրը լուծելու, այսինքն` Հայոց ցեղասպանության հիմնախնդիրների իրավական թղթածրարն ամբողջականացնելու նպատակով ստեղծվում է հատուկ հանձնախումբ:
Այսպիսով, Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման խնդիրն արծարծվում է իրավական հարթության մեջ, և այս գործընթացին Հայաստանը հետամուտ է պետական ամենաբարձր մակարդակով: Այդ են վկայում, մասնավորապես, Համաժողովի մասնակիցներին ուղղված` ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի ուղերձը և ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հայտարարությունը:
ՀՀ նախագահի ուղերձում շեշտվում էր, որ «մշտապես արդիական են լինելու» ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը, այլև «դրա հետեւանքների վերացումը». «Քանի դեռ գոյություն ունի հայոց պետությունը, անհաջողության են մատնվելու այս պատմական իրողությունը ուրանալու եւ մոռացության տալու բոլոր փորձերը»։
ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ-Ն
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը իրավաբանների համաժողովում խոսելով հայ երիտասարդ իրավաբանների անելիքների մասին` անվիճելի է համարել, որ Հայոց ցեղասպանության հետևանքների վերացումը կապված է փոխհատուցման հետ: Նա համոզմունք է հայտնել, որ «ցեղասպանության զոհերի ժառանգները պետք է նյութական փոխհատուցում ստանան, Հայ Եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները և եկեղեցապատկան հողերը, Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա իր կորցրած տարածքները»: «Բայց այդ բոլոր պահանջները պետք է ունենան անթերի իրավական հիմնավորումներ»,- նշել է ՀՀ գլխավոր դատախազը:
(Ի դեպ, ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է նաև Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց այն պնդումներին, թե «Սյունիքն ու Երևանը ադրբեջանական տարածքներ են, իսկ Արցախն անվիճելիորեն ադրբեջանական տարածք է»: Ա.Հովսեփյանը հարց է առաջ քաշել, թե արդյո՞ք այդ բարբաջանքների առավել արդյունավետ պատասխանը չի կարող լինել Ադրբեջանին ուղղված տարածքային «հակընդդեմ պահանջը»):
Այս անգամ թուրքական կողմն անարձագանք չի թողել ցեղասպանության հետևանքների փոխհատուցման մասին հայտարարությունը: (Թերևս դրա պատճառն այն է, որ Աղվան Հովսեփյանը պետական բարձրաստիճան պաշտոնյա է): Հուլիսի 13-ին Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Լևենթ Գյումրուքչուն, ի պատասխան լրագրողի հարցին, ասել է.
«Հուլիսի 5-6-ը Երեւանում գումարված իրավաբանների համահայկական 2-րդ համագումարում, որը բացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Թուրքիա-Հայաստան սահմանի իրավական հաստատում չունենալու եւ կորսված հայկական հողերը Հայաստանին վերադարձնելու անհրաժեշտության մասին ՀՀ գլխավոր դատախազ Հովսեփյանի հայտարարության առթիվ ափսոսանք ենք հայտնում: Գլխավոր դատախազի պաշտոնն զբաղեցնող այս պատասխանատու գործչի հայտարարությունը հարեւան Թուրքիայի տարածքային ամբողջականության եւ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների առնչությամբ Հայաստանում գերիշխող խնդրահարույց մտածելակերպի արտահայտությունն է, միաժամանակ հակասում է այն պարտավորությունների ոգուն, որոնք տվյալ երկիրը ստանձնել է` անդամակցելով ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի գլխավորությամբ միջազգային կազմակերպություններին: Քաջ պետք է իմանալ, որ որեւէ պետություն չի կարող Թուրքիայից տարածքներ պահանջելու հանդգնությունը դրսեւորել»:
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է
Մինչ այդ` հուլիսի 9-ին գլխավոր դատախազի հայտարարությանը անդրադարձել էր Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությանը կից գործող Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնին պատկանող` Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի` ERAREN-ի տնօրեն, պաշտոնաթող դեսպան Օմեր Էնգին Լյութեմը: Ահա նրա մեկնաբանությունը.
«Թեեւ Հայոց ցեղասպանության հայկական թեզի ճանաչումը այլ երկրներում եւ միջազգային կազմակերպություններում եղել է Հայաստանի բոլոր նախագահների առաջադրանքը, սակայն վերջիններս ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու բացահայտ պահանջ չեն ներկայացրել Թուրքիային: Հայ-թուրքական արձանագրությունների ձախողումից հետո նախագահ Սարգսյանը սկսեց խստացնել Թուրքիային հասցեագրված քննադատությունների ոճը, իսկ վերջին 2 տարիներին ձեռնամուխ եղավ ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման պահանջ ներկայացնելուն Թուրքիային: Սակայն նա դրանով չի բավարարվում, այլ համառորեն ցեղասպանության հետեւանքների վերացման հարցն է բարձրացնում: Դա ենթադրում է փոխհատուցում վճարել տեղահանության ժառանգներին, վերադարձնել առգրավված հայկական կալվածքները` եկեղեցիները ներառյալ, ինչպես նաեւ Թուրքիայից տարածք զիջել Հայաստանին: Դրանով հանդերձ, նախագահ Սարգսյանն ու այլ գործիչներ հողային պահանջի մասին բացահայտ չէին արտահայտվում:
Այդ «բացը», եթե տեղին է ասել, լրացրել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Նա ասել է, որ Թուրքիա-Հայաստան սահմանը իրավաբանորեն հաստատված չէ, կրկնել է սփյուռքի տեսակետները, թե Լոզանի պայմանագիրը չի մերժել Սեւրը, ուժի մեջ է նախագահ Վիլսոնի իրավարար որոշումը, Լոզանը Թուրքիա-Հայաստան սահմանի մասին որոշում չի ընդունել, ինչ վերաբերում է Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերին, որոնցով գծվել է սահմանը, ապա կարելի է առարկել դրանց:
Գլխավոր դատախազը հիշեցրել է, որ Ադրբեջանը, բացի Ղարաբաղից, ադրբեջանական տարածք է համարում նաեւ Երեւանը, ուստի դրան հակադրվելու համար պետք է առաջ քաշել Նախիջեւանի հայկական պատկանելության խնդիրը: Այսպիսով, գլխավոր դատախազը դարձել է Թուրքիային բացահայտ հողային պահանջ ներկայացնող առաջին պաշտոնական գործիչը Հայաստանում: Թեեւ Հովսեփյանի խոսքերը հնարավոր է վերագրել անձնական կարծիքին, սակայն դժվար է ենթադրել, որ նա այսպիսի կարեւոր հարցում, առանց նախագահ Սարգսյանի հավանության, նման հայտարարություն անի:
Ինչ վերաբերում է այլ երկրներում հայկական պահանջների պաշտպանության հավանականությանը, ապա հողային պահանջները, որոնք հակասում են ՄԱԿ-ի սկզբունքներին, նույնիսկ պատերազմի պատճառ են համարվում, որպես կանոն հավանության չեն արժանանում: Հզոր Թուրքիայի իմիջը մեզ թույլ չի տալիս, որ կարեւորենք պահանջները: Այլապես դրանք կարող են դրական արձագանք գտնել: Չի բացառվում, որ Եվրամիության հետ Ասոցացման պայմանագիր ստորագրող Հայաստանը 2014-ին միության անդամ երկրներում եւ կառույցներում ավելի ուժգին հնչեցնի հայկական այդ պահանջները: Համենայն դեպս, արձանագրությունների ձախողմամբ արդեն լարված Թուրքիա-Հայաստան հարաբերությունները հողային պահանջներով ներքաշվում են արկածախնդրության մեջ»:
ՌՈՒՍ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԻ ԱՆՀԵԹԵԹ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ
Համադրելով Թուրքիայի ԱԳՆ խոսնակի և թուրք պաշտոնաթող դեսպանի մեկնաբանությունները` կարող ենք առանձնացնել երկու հիմնական շեշտադրում-պատասխան. ա) հողային (տարածքային) պահանջները հակասում են ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի սկզբունքներին, բ) տարածքային պահանջները կարող են պատերազմի (արկածախնդրության) պատճառ լինել: Առաջինը իրավական հարթության մեջ է («Տարածք պահանջելու իրավունք չունես»), իսկ երկրորդը` սպառնալիք («Կսպանե՛մ»):
Խնդիրն այն է, որ Հայաստանը հարցն արծարծում է հենց իրավական հարթության մեջ. ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է, որ բոլոր պահանջները պետք է «իրավաբանորեն անթերի հիմնավորել»: Ուստի, դեռևս պարզաբանման կարոտ հարց է` Հայաստանը միջազգային իրավունքի տեսանկյունից իրավունք ունի՞ տարածք պահանջելու Թուրքիայից, թե՞ ոչ: Եթե պարզվի, որ չունի, ապա միայն այդ դեպքում Թուրքիային տարածքային պահանջ ներկայացնելը կարելի է համարել արկածախնդրություն Հայաստանի կողմից: Բայց, եթե այդ իրավունքը հիմնավորվի, ապա արկածախնդիրը Թուրքիան է, որ սպառնալիքով է հակադարձում Հայաստանի օրինական պահանջը: Հետևաբար` քանի դեռ այս հարցն իրավական հարթությունից դուրս չի եկել, այն քաղաքականացնելը պարզապես անիմաստ է:
Բայց, արի ու տես, որ որոշ վերլուծաբաններ փորձում են այդ անել: «Regnum» լրատվական գործակալության բավականին հեղինակավոր վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը, որ հայտնի էր իր «հայամետ» հրապարակումներով (որոնց համար արժանանում էր ադրբեջանական ԶԼՄ-ների պարսավանքին), կտրուկ փոխել է իր «կողմնորոշումը»` հուլիսի 21-ին հրապարակելով «Երևանը պատրաստվում է Լեռնային Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին» սադրիչ վերնագրով հոդվածը: Վերջինիս գլխավոր թեզն այն է, որ Հայաստանը, որպես ՀԱՊԿ անդամ, պետք է ՀՀ գլխավոր դատախազի շուրթերով Թուրքիային տարածքային պահանջ ներկայացնելուց առաջ խորհրդակցեր Ռուսաստանի հետ, և որ իր տարածքային պահանջներով Հայաստանը Ռուսաստանին հակամարտության մեջ է ներքաշում Թուրքիայի դեմ: Իր այս միտքը Ս.Տարասովը կրկնում է նաև ադրբեջանական «vesti.az» լրատվական կայքին հուլիսի 24-ին տված հարցազրույցում.
«Երբ Երևանում այնպիսի հայտարարություններ են հնչում, ինչպիսին, օրինակ` Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանինն է այն մասին, որ այդ հանրապետությունը նյութական և տարածքային պահանջներ ունի Թուրքիայից, ապա հարց է ծագում` կարո՞ղ է արդյոք ՀԱՊԿ անդամ երկիրը հանդես գալ նման հայտարարություններով` առանց դրանք համաձայնեցնելու ՀԱՊԿ իր գործընկերների հետ: Չէ՞ որ դա բարդացնում է ՀԱՊԿ անդամ պետությունների հարաբերությունները ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ: Այստեղից` մյուս հարցը. ինչո՞ւ է Հայաստանը նման հայտարարություններ անում, եթե ո՛չ նրա Սահմանադրության մեջ, ո՛չ էլ որևէ պետաիրավական ակտում արտացոլված չեն բացահայտ տարածքային պահանջներ»:
ՋՈՒՐԸ ՉՏԵՍԱԾ` ԲՈԲԿԱՑԵԼ Է
Հանձին Ս.Տարասովի` գործ ունենք ջուրը չտեսած` բոբկացածի հետ: Նա չի հասկացել, որ Աղվան Հովսեփյանը ոչ թե տարածքային պահանջ է ներկայացրել Թուրքիային, այլ նշել այդ պահանջը իրավաբանորեն անթերի հիմնավորելու անհրաժեշտությունը: Իսկ պահանջը Հայաստանի Հանրապետության կողմից կներկայացվի այն դեպքում միայն, երբ իրավաբանորեն անթերի հիմնավորված լինի: Հայոց ցեղասպանության հիմնախնդիրների իրավական թղթածրարն ամբողջականացնելու հետ կապված հարցերով Հայաստանը ՀԱՊԿ իր գործընկերների հետ խորհրդակցելու կամ այդ հարցերը նրանց հետ համաձայնեցնելու պարտավորություն չունի:
Միգուցե Ս.Տարասովը նկատի ունի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի 2-րդ հոդվածը (որում ասվում է. «Մասնակից պետությունները միմյանց հետ կխորհրդակցեն իրենց շահերը շոշափող` միջազգային անվտանգության բոլոր կարևոր հարցերի շուրջ, և այդ հարցերում կհամաձայնեցնեն իրենց դիրքորոշումները») և ՀԱՊԿ կանոնադրության 9-րդ հոդվածը («Անդամ-պետությունները համաձայնեցնում և կոորդինացնում են իրենց արտաքին քաղաքական դիրքորոշումները միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ»):
Սակայն Հայոց ցեղասպանության հիմնախնդիրների իրավական թղթածրարն ամբողջականացնելը, տարածքային պահանջներ ներկայացնելու իրավական փաստարկներ փնտրելը դեռևս միջազգային անվտանգության հարց չէ: Այդպիսի հարց կարող է իսկապես ծագել, երբ Հայաստանը իրավաբանորեն հիմնավորի իր տարածքային պահանջները և պետական մակարդակով ներկայացնի դրանք, իսկ Թուրքիան, խախտելով միջազգային օրենքները, հրաժարվի կատարել այդ պահանջները` ուժի կիրառման սպառնալիքներ հնչեցնելով Հայաստանի հասցեին: Այդժամ Հայաստանը, իսկապես, որոշումներ ընդունելուց առաջ միգուցե պարտավոր է խորհրդակցել ՀԱՊԿ իր գործընկերների հետ:
Շեշտենք նաև, որ ՀԱՊԿ կանոնադրության 5-րդ հոդվածի համաձայն` «Կազմակերպությունը գործում է անդամ պետությունների անկախությունն անշեղորեն հարգելու, մասնակցության կամավորության, իրավունքների և պարտականությունների հավասարության, անդամ պետությունների ազգային իրավասության ներքո հայտնվող գործերին չմիջամտելու հիման վրա»: Ակնհայտորեն, Հայոց ցեղասպանության հետ կապված խնդիրները միջազգային ատյաններում արծարծելը Հայաստանի Հանրապետության իրավասության ներքո գտնվող հարց է:
Ինչ վերաբերում է Տարասովի այն մեղադրանքին, որ Հայաստանն իր տարածքային պահանջով փչացնում է Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները, ապա նկատենք հետևյալը. նախ` առայժմ տարածքային պահանջի մասին չէ խոսքը, այլ ընդամենը այդ պահանջի համար իրավական փաստարկներ գտնելու: Երկրորդ` Ռուսաստանը ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի հետ ռազմաքաղաքական դաշինքի մեջ մտնելիս (1992թ.) տեղյակ էր, որ Հայաստանը պատերազմում է Ադրբեջանի դեմ, և Թուրքիան էլ սատարում է Ադրբեջանին, այսինքն` հավանական է հայ-թուրքական հարաբերությունների` բացահայտ թշնամանքի վերաճելը: Նշանակում է` Ռուսաստանը ի սկզբանե հաշվի է առել հայ-թուրքական հարաբերությունների պատճառով Թուրքիայի հետ հարաբերությունները վատացնելու հնարավորությունը: Երրորդ` եթե Հայաստանը Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները «փչացնելու» «վախից» պետք է զոհաբերի իր կենսական շահերը, ուրանա ցեղասպանությունն ու մոռացության մատնի զոհերի հիշատակը, ապա նրա ինչի՞ն է պետք Ռուսաստանի հետ ռազմական դաշինքը, չէ՞ որ կարելի է միանգամից համաձայնության գալ Թուրքիայի հետ:
Նկատենք, որ Տարասովն ու նրա նման մտածողները իրենց անհիմն «իրարանցումով» առիթ են տալիս Թուրքիային ռուս-թուրքական հարաբերություններում շահարկելու հայ-թուրքական հարաբերությունները և այդպիսով փորձել բացասաբար ազդել նաև հայ-ռուսական հարաբերությունների վրա: Ըստ իս` ո՛չ Ռուսաստանին, ո՛չ էլ Հայաստանին դա պետք չէ:
Ա.ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
Խորագիր՝ #30 (997) 1.08.2013 – 7.08.2013, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական