Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵԱՀԿ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՀՀ ՊՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ



ՀՀ պաշտպանության նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համագործակցության ծրագրի շրջանակներում ՀՀ ՊՆ քննչական ծառայության անձնակազմի գիտամեթոդական և գիտագործնական գիտելիքները հարստացնելու, մասնագիտական հմտություններն ու կարողությունները կատարելագործելու, ինչպես նաև քրեագիտական ժամանակակից տեխնիկայի որոշ միջոցների ցուցադրման նպատակով ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի աջակցությամբ ս.թ. հուլիսի 15-ից 26-ը ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում կազմակերպվեցին և անցկացվեցին «Հանցագործությունների բացահայտման և քննության քրեագիտական ժամանակակից միջոցները և մեթոդները» թեմայով դասընթացներ, որոնք վարում էր Ռուսաստանի Դաշնությունից հրավիրված առաջատար փորձագետների խումբը` խմբի ղեկավար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ս.Մալիկովի գլխավորությամբ:

Դրանց մասնակցեցին ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետի տեղակալները, հատկապես կարևորագույն գործերի և կայազորային քննչական բաժինների, վերլուծության, մեթոդիկայի և վերահսկողության բաժնի ու իրավական բարեփոխումների և միջազգային կապերի բաժանմունքի պետերը, քննչական բաժինների քրեագետ-մասնագետները: Դասընթացներն անցան ինչպես տեսական, այնպես էլ գիտագործնական պարապմունքների ձևով և ներառեցին այնպիսի կարևոր ուղղություններ, ինչպիսիք են հանցագործությունների հետքերի քրեագիտական հետազոտումը, քննչական գործողությունների կատարման տակտիկական հնարքները, զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված առանձին հանցագործությունների քննության մեթոդիկան, տեղեկատվական-համակարգչային տեխնոլոգիաները քննիչի աշխատանքում: Առանձնահատուկ հետաքրքրությամբ և ակտիվությամբ անցան գիտագործնական պարապմունքները, որոնք նվիրված էին հանցագործության դեպքի վայրի զննությանը` «համակարգչային գնդաձև լուսահամայնապատկեր» ապահովող տեխնիկական սարքավորումների օգտագործմամբ:

Կազմակերպվեցին դաշտային ելքեր, արհեստականորեն պատրաստված հանցագործության դեպքի վայրերում «համակարգչային գնդաձև լուսահամայնապատկեր» ապահովող սարքավորման կիրառման միջոցով փորձագետները ներկայացրին գործնական աշխատանքներ, պարզաբանեցին դրանց տեխնիկական հնարավորությունները և առանձնահատկությունները: Դասընթացներին մասնակցող զինծառայողների անմիջական մասնակցությամբ կազմակերպվեց դեպքի վայրի զննություն, որի ընթացքում ներկայացվեցին հետքերի, իրերի, փաստաթղթերի և ապացուցողական նշանակություն ունեցող այլ առարկաների հավաքման, փաթեթավորման, տեղափոխման և պահմանման քրեագիտական առանձնահատկություններն ու տեխնիկական միջոցների օգտագործման համապատասխան հնարավորությունները:

Այդ սարքավորումները ձեռք են բերվել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից 2012-2013թթ. ընթացքում, դրանք առաջին անգամ են գործածվելու ՀՀ քննչական պրակտիկայում և իրենց տեխնիկական հնարավորություններով թույլ են տալիս ստանալ հանցագործության դեպքի վայրի եռաչափ պատկեր:

Դասընթացների ավարտին մասնակիցները ներկայացված թեմաների վերաբերյալ թեստավորման ձևով հանձնեցին քննություն:

Հուլիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Նազարյանի, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Ա.Սորոկինի և իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ս.Մալիկովի կողմից դասընթացների մասնակիցներին տրվեցին համապատասխան հավաստագրեր:

Ուշագրավ է, որ դասընթացների ողջ ընթացքը տեսաձայնագրվել և սղագրվել է և համապատասխան կրիչներով ու գրափաթեթներով կտրամադրվի յուրաքանչյուր քննչական բաժնին` անհրաժեշտության դեպքում ամենօրյա գործունեության ընթացքում օգտագործելու համար:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հավաստիացնում է, որ շարունակելու է համագործակցությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ այս ոլորտում: Հաջորդ նախագիծը նվիրված է լինելու հնարավորության դեպքում 2014թ. ընթացքում ՀՀ ՊՆ քննչական ծառայության կադրերի որակավորման բարձրացման քրեագիտական կենտրոնի ստեղծմանը:

Խորագիր՝ #30 (997) 1.08.2013 – 7.08.2013, Ազգային բանակ


01/08/2013