ԱՐՎԵՍՏԱԳԵՏ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ «Արարումների սիմֆոնիա» խորագիրը կրող ցուցահանդեսի բացման արարողությունը: Ներկայացված էին ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կրակային պատրաստության ամբիոնի պետ, գնդապետ Սասուն Մակարյանի և ՀՀ զինված ուժերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության ավագ սպա, փոխգնդապետ Սողոմոն Մելիքյանի ստեղծագործությունները:
ՄԱՀԱԲԵՐ ՄԵՏԱՂԸ` ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ
ՍԱՍՈՒՆ ՄԱԿԱՐՅԱՆԸ ստեղծագործում է արդեն 16 տարի: Նրա ստեղծագործությունների համար նյութ են ծառայում իրենց նշանակությունն ու դերը կորցրած մարտական զինամթերքի բեկորները, որոնք առաջանում են պայթյունների, կրակոցների հետեւանքով: Յուրաքանչյուր աշխատանք կարող է պարունակել 10-ից 200 բեկորներ, որոնք գրեթե չեն ձևափոխվում հեղինակի կողմից: Ռազմական ինստիտուտի կրակային պատրաստության ամբիոնի պետը ցուցահանդեսում ներկայացրել էր 23 աշխատանք:
Առաջին գործը ծնվեց 1997 թ. «Կուրսանտներին հրաձգությունից հետո ցուցադրում էի կրակված փամփուշտներից և պայթած նռնակներից մնացած բեկորները: Մի օր էլ հանգստի ժամին աչքս ընկավ բեկորներից մեկին, որը նմանեցրի ցլի պոզերի, հետո էլ պատրաստեցի ցլի գլուխը, հետո` մարմինը: Հարց առաջացավ` իսկ ո՞ւր է ցլամարտիկը: Այդպես ստեղծվեց «Ցլամարտ»-ը: Յուրաքանչյուր ստեղծագործություն որեւէ մանրուքից է ծնվում. խխունջը, օրինակ՝ ստեղծվել է խեղված գնդակից, որի միջից հալված արճիճ էր դուրս եկել, ինչը նմանեցրել էի խխունջի աչքերի: Իմ կուրսանտները, որոնք արդեն սպաներ են, հաճախակի զանգում են եւ ասում` ձեզ համար «նյութ» ենք ուղարկել»:
Սասուն Մակարյանի աշխատանքները անձնական ապրումների արդյունք են. «Իմ երեւակայությունը սնվում է հույզերից: Թյուր կարծիք կա, թե զինվորականները առանձնապես հուզական չեն: Ստեղծագործելիս ես ազատություն եմ տալիս ապրումներիս: Շատ դեպքերում ստեղծագործել եմ, երբ գերլարված կամ չափից ավելի հոգնած եմ եղել: Իմ նպատակն է մահաբեր մետաղը դարձնել խաղաղության, կյանքի խորհրդանիշ, կործանարար էներգիան ուղղել գեղեցիկի ստեղծմանը: Ուզում եմ նաեւ, որ մեր սպաները հասկանան` զինվորականը պետք է լայն մտահորիզոն, զարգացած աշխարհայացք եւ զգայուն հուզաշխարհ ունենա»:
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի տնօրեն Հովիկ Հովեյանը նշեց՝ Սասուն Մակարյանի գործերից երեւում է, որ պատերազմը չի հրամայում, հրամայում է խաղաղությունը. «Ինձ համար պարզ էր, որ եթե ստեղծագործողը զինվորական է, ուրեմն գործ ենք ունենալու հավասարակշռության, չափի պահպանման, կարգապահության հետ: Իրացված ռազմական տեխնիկան վերածվել է գեղագիտության, եւ Սասուն Մակարյանը խոսում է խաղաղության, կյանքի զարթոնքի մասին: Հաճելի է, որ հայոց բանակում ե՛ւ զինվորական գործի, ե՛ւ արվեստի նվիրյալ մարդիկ կան»:
ԼՈՒՌ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Արդեն 15 տարի է` ՍՈՂՈՄՈՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ Հայաստանի անտառաշատ տարբեր վայրերից` Քարվաճառ, Տոնաշեն, Իջեւան, Դիլիջան, փայտանյութ է բերում, որից էլ քանդակներ է պատրաստում. «Ծառի անպետք արմատներից ստեղծված քանդակներով ես ցույց եմ տալիս կյանքի բազմազանությունը` պայքար, աղոթք, տենչանք եւ այլն: Մի անգամ ձեռքս մի կտոր փայտ ընկավ, սկսեցի դանակով փորփրել, եղնիկ ստացվեց, եւ շարունակությունն անխուսափելի էր: 41 ցուցանմուշները երկար տարիների աշխատանք են, յուրաքանչյուր գործի ստեղծում կարող է տեւել մեկ ամսից մինչեւ երկու տարի: Սկզբում աշխատում էի միայն փայտի հետ, հիմա համակցում եմ նաեւ կավը: Հենց փայտը տեսնում եմ, արդեն պատկերացնում եմ, թե ինչ է դառնալու: «Ադամն ու Եվան» ստեղծելու միտքը հղացա, երբ զորավարժության էինք: Փայտը տեսել էի, բայց այնքան լարված ու զբաղված էի, որ ժամանակ չգտա վերցնելու, բայց տեղը հիշեցի: Մյուսը օրը ոտքով 7 կմ քայլեցի, որ փայտը վերցնեմ: Սիրում եմ քանդակել, բայց զինվորականի առօրյան հաճախ նաեւ անկանխատեսելի է, ուստի մյուս բոլոր զբաղմունքները ինքնաբերաբար երկրորդական են դառնում»:
«Սողոմոն Մելիքյանի ստեղծագործական աշխարհը մարդ-բնություն ներդաշնակության արտահայտությունն է: Հեղինակի յուրօրինակ փայտե քանդակներն առաջին հայացքից կիսավարտ են, անչափ մոտ բնությանը: Ստեղծագործողի զգայուն աչքը նկատել է բնության պատկերները, որսացել պահի շարժումը: Ներկայացված ինքնատիպ քանդակաշարքը լուռ երկխոսություն է բնության հետ»,- մասնագետներն այսպես են բնութագրում Սողոմոն Մելիքյանի ստեղծագործությունները:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Ավագ լեյտենանտ