Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՕԱԶԻՍ



Զինադադարից հետո բոլորիս նպատակն է եղել մեր ազգի մարտական ոգին, զգոնությունն ու պատրաստակամությունը մշտապես բարձր պահել՝ հայ երիտասարդին հաղորդակից դարձնելով Արցախյան ազատամարտին մասնակցած կամավորական ջոկատների, անհատ քաջերի անցած ուղուն, մարտական սխրանքներին:

Արցախյան ազատամարտը մեր օրերում յուրատեսակ կամուրջ է անցյալի ու ապագայի միջև, որի վրայով քայլել եւ դեռ քայլելու է երիտասարդ սերունդը՝ մեր գալիք հաղթանակները հաստատելու համար: Կամուրջ փրկության, որը տասնամյակներ առաջ հանուն մայր հողի ազատագրության ոտք կոխեցին բազում նվիրյալ տղաներ՝ նետվելով կռվի:

Այժմ մենք ապրում ենք մեր նորօրյա պատմության կարևորագույն ժամանակահատվածին առերես. այցելում ենք Եռաբլուր` զոհված ազատամարտիկների շիրիմներին, թշնամուց ազատագրված Արցախի տարածքներ, ապրում իրական հերոսների կողքին, նայում նրանց խաղաղ ու բարի աչքերին, որոնցում հուրհրում է նախնյաց պայքարի ոգին, ոգի, որ աննկատ փոխանցվում, վարակում է յուրաքանչյուրին, ով թեկուզ մեկ անգամ հանդիպել է նրանց՝ կամավորական ջոկատների այն նվիրյալ ազատամարտիկներին, ովքեր սիրո ու ջերմության կարիք ունեն, ովքեր իրենց փառահեղ հաղթանակներից հետո, արդեն խաղաղության մեջ, փորձում են հանուն վաղվա օրվա մի նոր արժանավոր սերունդ դաստիարակել՝ իրենց անցյալին ու ներկային՝ իրենց ազատագրված սրբատեղիներին, մարտական ընկերների անթաղ շիրիմներին տերուտիրական:

Ճշմարիտ է ասված՝ հայրենասիրությունն սկսվում է հայրենաճանաչությունից: Այս առումով Արցախյան պատերազմը պետք է դիտարկել որպես յուրաքանչյուր հայրենասերի տրված բացառիկ հնարավորություն Մեծ եղեռնի զոհերի վրեժը լուծելու ճանապարհին՝ լինի երկրապահ, թե մտավորական, հողագործ, շինական, դերասան, թե բժիշկ… որոնց օրինակով այսօր դաստիարակվում են հազարավոր հայ երիտասարդներ ու պատանիներ: Եթե վաղը մեր հայրենիքը նորից վտանգվի, նրանց շարքերից էլի կծնվեն նոր Լեոնիդներ, նոր Մոնթեներ ու Վազգեններ… հերոս զավակներ:

***

1992 թվականից ի վեր Ամանորի գիշերը ուխտատեղի դարձած Եռաբլուրում շատ շատերը գնում են խոնարհվելու զոհված մարտական ընկերների սուրբ շիրիմներին` հարգանքի տուրք մատուցելով նրանց, ովքեր իրենց անմահությամբ դրեցին Ազգային բանակի հիմքը և մեզ պարգևեցին երազ դարձած Անկախություն, Հաղթանակ:

Եռաբլուրում խաղաղ է ու խորհրդավոր: Քամուց քշված տերևները մեխակների փոխարեն մեղմօրոր իջնում են հայրենանվեր նահատակ տղաների շիրիմներին: Ասես բնությունն է անխոս հարգանքի տուրք մատուցում… մարդկանց փոխարեն, իսկ շիրմաքարերն ամեն ինչ անտեսելով՝ զինվորների պես ուղիղ շարքերով կարծես սպասում են Սպարապետի վերջին հրամանին: Նահատակները ռազմի դաշտում լավ գիտեին իրենց անելիքը, նրանցից յուրաքանչյուրը իր փառահեղ արարքով ստիպեց մեզ գիտակցել, թե ինչ է նշանակում քսան տարեկանում զոհել կյանքը հանուն հայրենիքի, իսկ հիմա… Հիմա ցավով է լցվում սիրտս, երբ մտածում եմ, որ ազատագրված հայրենի հողի մի մասը մշակող չկա:

Խաղաղ պայմաններում ազատամարտիկների հիշատակը մշտապես վառ պահելը նույնպես հայրենասիրություն է, քանզի հայրենասերները ծնվում են ոչ միայն պատերազմում:

Եվ ես հիմա հիրավի կփոխեի մեր մարտական ընկերոջ ժամանակին արտասանած տողերը՝ «Կռվել ու հաղթել հայրենիքի համար հայ մարդու սրբազան պարտքն է: Ա~խ, երանի~ այն հայերին, ովքեր Մասիսը կազատագրեն», իսկ Մասիսը, որպես սրբազան պատգամ, թողեցին մեզ, իսկ մենք` գալիք սերունդներին:

Մեր հայերի մտքում, շուրթերին պետք է լինի հենց այս պատգամը, որից պիտի սնունդ առնենք՝ իբրեւ հանապազօրյա հաց, իբրեւ ուղեցույց-աղոթք…

…Հայրենասիրությունը բարձրագույն արժեք է, որը ժամանակի հետ ոչ թե հնանում ու խամրում է, այլ ավելի է իմաստավորվում ու արժևորվում:

ՀՐԱՆՏ ՊԱՏՐԻԿՅԱՆ
ՀՀ ԵԿՄ վարչության անդամ,
Խ.Աբովյանի անվ. ՀՊՄՀ ֆիզ.դաստ.
ամբիոնի պրոֆեսոր

Խորագիր՝ #31 (998) 8.08.2013 – 14.08.2013, Բանակ և հասարակություն


08/08/2013