ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ՄԻՆԻ-ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ՄԱՅՐԱՄՈՒՏԸ
Թալիշ-Մուղանյան հանրապետության նախկին նախագահ գնդապետ Ալաքրամ Հումմատովը ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանն ու Հայաստանն այսօր չեն պատերազմում, և հրավերի դեպքում ինքն անպայման Հայաստան կայցելի: Ընդ որում, Հումմատովը նշել է, որ երկու երկրների միջև խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտը Բաքվի իշխող ռեժիմն է: Մեկնաբանելու խնդրանքով REGNUM լրատվական գործակալությունը դիմել է արևելագետ, Շուշիից թալիշերենով հեռարձակվող «Թալիշստանի ձայն» ռադիոկայանի հիմնադիր, պրոֆեսոր ԳԱՌՆԻԿ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ:
Ա. ՀՈՒՄՄԱՏՈՎ. «Մոտ ժամանակներս մտադիր ենք ստեղծել Թալիշստանի վտարանդի կառավարությունը»:
«Թալիշստանի ձայն» ռադիոկայան
19 հունիսի 2013 թ.
Գ. ԱՍԱՏՐՅԱՆ. «Ես որևէ արտառոց բան չեմ տեսնում, որ Ադրբեջանի Ժողովրդական ճակատի նախկին անդամն ու պաշտպանության նախարարի նախկին տեղակալը` գնդապետ Հումմատովը, մի օր Հայաստան այցելի: Իմ համոզմամբ՝ նման ցանկություն պետք է ունենան բոլոր այն հայրենասեր ու գիտակից թալիշները, որոնք ընդունակ են օբյեկտիվորեն գնահատելու Հայասատանի օրավուր աճող աշխարհաքաղաքական դերը, մասնավորապես՝ տարածաշրջանի պետականազուրկ բնիկ ժողովուրդների ճակատագրում»:
REGNUM- Պարոն Ասատրյան, արտասահմանցի գիտնականներից թալիշական հիմնախնդիրներին ամենից մոտ կանգնածը թերևս Դուք եք: Դուք Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում ստեղծել եք թալիշագիտական մագիստրոսական ծրագիր, Ձեր խմբագրությամբ լույս տեսած թալիշների պատմությանն ու մշակույթին նվիրված մենագրությունն արժանացել է Իրանի նախագահի մրցանակին` «Արտասահմանյան լավագույն իրանագիտական աշխատություն» անվանակարգում… Ի վերջո, Դուք եք ստեղծել «Թալիշստանի ձայն» ռադիոկայանը, որն այսօր հասանելի է Ադրբեջանում և նրա սահմաններից դուրս ապրող թալիշներին: Ի՞նչ եք կարծում, գնդապետ Հումմատովը` Ադրբեջանի Ժողովրդական ճակատի ստեղծողներից մեկը, պաշտպանության նախարարի նախկին տեղակալն ու Ղարաբաղյան պատերազմի մասնակիցը, ինչո՞ւ հանկարծ Հայաստան այցելելու ցանկություն հայտնեց: Նման հայտարարություն անելու համար չկա՞ն արդյոք ավելի խորքային պատճառներ:
Գ. ԱՍԱՏՐՅԱՆ- Ալաքրամ Ալաքբարի Հումմատովը (Հումմաթզոդա) նաև 1993 թվականին Ադրբեջանի հարավում` Թալիշստանում, Թալիշ-Մուղանյան հանրապետության ստեղծման նախաձեռնողներից մեկն էր. հանրապետությունը ամիսներ հետո ճնշվում է Հեյդար Ալիևի կողմից: Այնուհետև նա ձերբակալվում և դատապարտվում է մահապատժի: Եվ միայն 2004 թվականին` շնորհիվ Եվրոպական հանրության ջանքերի, ազատվում է բանտից, զրկվում քաղաքացիությունից և աքսորվում երկրից: Այժմ նա իր ընտանիքի հետ ապրում է Նիդեռլանդներում: Իսկ ինչ վերաբերում է ձեր հարցին, ապա ես որևէ արտառոց բան չեմ տեսնում, որ գնդապետը մի օր կարող է Հայաստան այցելել: Ինչպես դուք նշեցիք, մեր երկրի իրանագիտական դպրոցը, ներառյալ նաև թալիշագիտությունը, ներկայումս ամենաուժեղներից է աշխարհում: Այստեղ է ստեղծվել «Թալիշստանի ձայն» ռադիոկայանը, որը կարճ ժամանակահատվածում մեծ ընդունելության է արժանացել Ադրբեջանում և նրա սահմաններից դուրս ապրող թալիշների շրջանում, այստեղ են տպագրվում թալիշ ժողովրդի պատմությանն ու մշակույթին, լեզվին նվիրված գրքեր, այստեղ է շուտով հրատարակվելու Ղուրանի թալիշերեն թարգմանությունը, այստեղ են ժամանակ առ ժամանակ թալիշագիտությանը, թալիշական հիմնախնդիրներին նվիրված գիտաժողովներ կազմակերպվում և այլն, և այլն… Ինչ եք կարծում, ուրիշ որտե՞ղ, եթե ոչ Հայաստան այցելելու ցանկություն պետք է ունենա թալիշների առաջնորդը, որն իր կյանքը նվիրաբերել է հարազատ ժողովրդի ծառայության գործին: Ուրիշ որտե՞ղ, եթե ոչ Հայաստան պետք է թռչի ճշմարիտ հայրենասերի հոգին, որն իր հարազատ ժողովրդի պատմության, մշակույթի ու լեզվի նկատմամբ երբևէ ո՛չ հարգանք, ո՛չ էլ ուշադրություն ու հոգածություն է տեսել: Իմ համոզմամբ, նման ցանկություն պետք է այսօր ունենան բոլոր այն գիտակից թալիշները, որոնք ընդունակ են օբյեկտիվորեն գնահատելու Հայաստանի դերը թալիշագիտության և թալիշական մշակույթի զարգացման գործում:
REGNUM – Սակայն Հումմատովը թալիշ սովորական հայրենասեր չէ, այլ Ադրբեջանի Ազգային ճակատի ստեղծողներից մեկը, պաշտպանության նախարարի նախկին տեղակալը և, ի վերջո, մարդ, որ Ղարաբաղյան ճակատներում պատերազմել է Ձեր երկրի դեմ: Դժվար է հավատալ, որ նման տրամաչափի քաղաքական, զինվորական գործիչը իր առաջին հրապարակային ելույթում, այն էլ քսանամյա լռությունից հետո, հանկարծ պատահական հայտարարություն անի…
Գ. ԱՍԱՏՐՅԱՆ – Իհարկե, Հումմատովի հայտարարությունը պատահական բնույթ չի կրում, այն ավելի շուտ նրա բարի կամքի և մեր ժողովրդի հանդեպ տածած համակրանքի դրսևորումն է, ինչպես նաև Հայաստանի օրեցօր աճող աշխարհաքաղաքական դերի ընդունումը, մասնավորապես՝ տարածաշրջանի սեփական պետություն չունեցող, պետականազուրկ, բնիկ ժողովուրդների ճակատագրում: Ավելին` ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցներին տված հիշյալ հարցազրույցի բնօրինակային տարբերակում գնդապետ Հումմատովը հայցում է Հայաստանի` այն ժամանակվա ղեկավարի ներողամտությունը, ինչը արիության բացառիկ քայլ է` իսկական զինվորականին ու բարոյական բարձր նկարագիր ունեցող մարդուն արժանի: Չգիտեմ` ինչո՞ւ, ի՞նչ պատճառով, բայց Հումմատովի ելույթի այդ հատվածը, որն, ի դեպ, վերնագրի արժեք էր ստացել, դուրս է մնացել ռուսական ԶԼՄ-ների տարածած լրատվության միջից: Իսկ դա շատ կարևոր փաստ է: Ինչպես ես արդեն ասել եմ Թալիշ-Մուղանյան հանրապետության ստեղծման քսանամյակի կապակցությամբ «Թալիշստանի ձայն» ռադիոկայանին տված հունիսի 22-ի իմ հարցազրույցում, թալիշների մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմին պատմական իսկական թյուրիմացություն է եղել, ինչ համար թալիշներն իրենք ոչ մի մեղք չունեն: Նրանք որպես զինվոր են մասնակցել այդ պատերազմին, իսկ զինվորի գործը կռվելն է: Չեմ բացառում, որ եթե թալիշները և Ադրբեջանի Հանրապետությունում ապրող մյուս բնիկ ժողովուրդները չմասնակցեին պատերազմին, ապա շատ ավելի ողբալի կլիներ այդ երկրի համար դրա արդյունքը: Վերջիվերջո, հիշենք, որ վրաց-աբխազական, իրանա-իրաքյան պատերազմներում երկու կողմերից էլ հայ զինվորներ են մասնակցել` այդ երկրների քաղաքացիները: Էլ չխոսեմ ավելի հին դեպքերից` ռուս-թուրքական պատերազմներից, երբ թե՛ ռուսական և թե՛ թուրքական բանակներում հայեր էին ծառայում և այլն: Ուստի, հիշյալ` Ղարաբաղյան պատերազմում մեր բանակի դեմ պատերազմելու հանգամանքը պատճառ չէ թալիշների, ավարների, լեզգիների նկատմամբ անգամ դույզն իսկ բացասական վերաբերմունքի: Հայ ժողովուրդը միշտ էլ հարգանքով է վերաբերվել արժանի հակառակորդին, մանավանդ, եթե այդ հակառակորդը ոչ իր սեփական կամքով է դուրս եկել իր դեմ:
Հետո, ի դեպ, Ադրբեջանի ներքաղաքական զարգացումներին Հումմատովը մասնակցել է այն ժամանակ, երբ դեռ գոյություն ուներ Խորհրդային Միությունը, իսկ հենց քաղաքական զարգացումները նոր շրջան թևակոխեցին, նա դուրս եկավ, թողեց հեռացավ Ազգային ճակատից: Մեկ ճշտում ևս` ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հիշյալ հարցազրույցն, ի դեպ, Հումմատովի առաջին հրապարակային ելույթը չէ. նա երկար տարիների իր լռությունը առաջին անգամ խախտել է ընթացիկ տարվա հունիսի 19-ին «Թալիշստանի ձայն» ռադիոկայանին տված իր ընդարձակ ելույթով, որտեղ կարևորագույն խնդիրների շարքում անդրադարձել է նաև այդ օրերի դեպքերին և իր մասնակցությանը դրանցում: Նա, մասնավորապես՝ խոսել է նաև մոտ ժամանակներս վտարանդիության մեջ գտնվող Թալիշստանի կառավարություն ստեղծելու իր մտադրության մասին: Նրա ելույթի հակիրճ տարբերակը ավելի ուշ տպագրվել է ռուսալեզու «Գոլոս Արմենիի» թերթում:
REGNUM – Այնուամենայնիվ, այս ամենը չի՞ խոսում այն մասին, որ գնդապետ Հումմատովը հետապնդում է որոշակի ու հստակ քաղաքական նպատակ, այլապես ինչո՞ւ պետք է երկու տասնամյակ տևած մեկուսի կյանքից հետո այդպես բուռն կերպով նետվի քաղաքականության մեջ…
Գ. ԱՍԱՏՐՅԱՆ – Իմ դատողությամբ՝ Ալաքրամ Ալաքբարովիչը երբևէ քաղաքականությունից դուրս չի եղել, տևապես հանդես է եկել որպես իր ժողովրդի առաջնորդ ու թալիշական շարժման խորհրդանիշ: Կամ ինչպես ինքն է ասում «Թալիշստանի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում. «Ես Թալիշ-Մուղանյան Հանրապետության ընտրված նախագահն եմ, և միշտ ու ամենուրեք պաշտպանելու եմ իմ ժողովրդի շահերը»: Եվ առհասարակ, ինչպես ես բազմիցս նշել եմ այդ մասին, ինձ հիացնում է թալիշական շարժման հասունության մակարդակը՝ ազգային հստակ գաղափարախոսություն, սահմանների հստակ պատկերացում, ապագայի տեսլական, սեփական ժողովրդի հնարավորությունների և ներուժի առարկայական գիտակցում և այլն: Տեսե՛ք, կայացման ընթացքում գտնվող` այն էլ ծայրահեղ աննպաստ պայմաններում, և ազգային անկախ գոյության համար պայքարող ուրիշ ո՞ր ժողովուրդը կստեղծի վտարանդի Գիտությունների ազգային ակադեմիա, այն էլ առանձին բաժանմունքներով և ինչպես ընդունված է՝ իր «Լրաբերով»: Սա արդեն խոսուն ցուցանիշ է: Թալիշական շարժման համարյա բոլոր առաջնորդները բարձր և խորագիտակ մտավորականներ ու կրքոտ անձնավորություններ են: Նման ներուժ ունեցող շարժմանը կարող է նախանձել պայքարի համեմատաբար ավելի երկարատև փորձ ու համեմատաբար մեծ հնարավորություններ ունեցող ցանկացած ազգային շարժում: Թալիշական շարժումն այսօր թևակոխում է իր զարգացման նոր փուլը՝ նոր իրակույթներով և ժամանակի նոր հովերով պայմանավորված: Եվ ամենագլխավորը՝ Թալիշական շարժումը մշակել է հարևան ժողովուրդների և երկրների հետ փոխհարաբերությունների հստակ ձևաչափ, որն արտացոլված է ինչպես պաշտոնական փաստաթղթերում, այնպես էլ իր առաջնորդների ելույթներում ու հայտարարություններում:
REGNUM – Ձեզ` որպես փորձագետի, ինչպե՞ս է պատկերանում այդ ծրագրերի ապագան, և որքանո՞վ են իրական թալիշների անկախության հավակնությունները:
Գ. ԱՍԱՏՐՅԱՆ – Ամենից առաջ՝ ես փորձագետ չեմ ու չեմ ուզում այդպիսին համարվել: Որոշակի հանգամանքներով թելադրված՝ ետխորհրդային տարածության մեջ ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ լեզվաբանորեն ասած, «փորձագետ» տերմինը պետք է հասկանալ էնանտիոսեմիկ շեշտադրությամբ: Ասել է թե` շատ հաճախ (և հատկապես քաղաքական վերլուծությունների դեպքում) փորձագետ ուղղակի նշանակում է դիլետանտ, սիրող և ոչ բարձր որակավորում ունեցող արհեստավարժ մասնագետ: Այնպես որ՝ ես ոչ թե փորձագետ եմ, այլ պրոֆեսիոնալ արևելագետ: Իսկ հիմա՝ ըստ էության: Ցանկացած քաղաքական զարգացման կանխատեսումը չափազանց բարդ գործ է: Սակայն, հաշվի առնելով մեր տարածաշրջանի պատմական փորձը, մասնավորապես՝ թալիշ ժողովրդի վերին աստիճանի պասիոնար բնույթն ու ինտելեկտուալ հնարավորությունները, դրա առաջնորդների որակական հատկանիշները (ինչը խոսում է թալիշական միջավայրում բնական ընտրության ներքին համակարգի գոյության մասին), այս ժողովրդի` պետականություն ունենալու ավանդույթների առկայության փաստը (Թալիշական խանություն, 1919 թվականի Թալիշ-Մուղանյան Առաջին հանրապետություն), ինչպես նաև վերջին տասնամյակում տեղի ունեցած աշխարհաքաղաքական իրողությունները, կարելի է պնդել, որ Թալիշստանի անկախության հեռանկարը ավելի քան իրական է: Թալիշներն այսօր, ըստ էության, ձեր ասած բոլոր «ծրագրերից» զատ, վերածվում են տարածաշրջանային անկախ գործոնի: Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ Եվրասիական շարժման առաջնորդ Ալեքսանդր Դուգինը իր վերջերս ունեցած ելույթում հատուկ անդրադարձավ թալիշներին` համարելով նրանց Եվրասիական միության բաղկացուցիչ մասը: Միություն, որը` ներկայիս ձևաչափով, ենթադրում է ոչ միայն սլավոնական և թյուրքական, այլև մյուս հնդեվրոպական, այդ թվում՝ իրանական ժողովուրդների միավորում: Վերջին հաշվով, անկախ Թալիշստանի ստեղծումը բխում է տարածաշրջանում ավանդաբար գլխավոր դերակատարություն ունեցող երկրների, առաջին հերթին՝ Ռուսաստանի շահերից: Այդ ստեղծվելիք պետությունը, ըստ էության և անտարակույս, ռուսական կողմնորոշում է ունենալու: Նման միավորի ի հայտ գալը Կասպից ծովի հարավ-արևմուտքում անշուշտ երկարաժամկետ հեռանկարում կամրացնի Ռուսաստանի դիրքերն այս տարածաշրջանում:
Պետք է հիշել, որ մոտենում է արհեստական մինիկայսրությունների՝ խորհրդային անցյալում ստեղծված պատահական պետկազմությունների վախճանը. դրանք ոչ միայն զուրկ են «տիտղոսակիր» ժողովրդի քաղաքակրթական առավելության գործոնից, այլև ո՛չ իրավական ու պատմական հիմք ունեն, ո՛չ էլ կայսերական կառավարման փորձ ու ավանդույթ:
Թարգմանեց ու տպագրության պատրաստեց
ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆԸ
REGNUM լրատվական գործակալություն, ՌԴ