«ԿԱՐՈՂ ԵՔ ՀՊԱՐՏԱՆԱԼ ՁԵՐ ԶԱՎԱԿՈՎ»
Գրող, հրապարակախոս, երջանկահիշատակ Սասունիկ Թորոսյանի անունը հայտնի է ինչպես մեր գրասեր հասարակությանը, այնպես էլ հայոց բանակի զինծառայողներին: Նրա ակնարկները, հոդվածները, պատմվածքները, հանրապետության մամուլից զատ, բազմիցս տպագրվել են ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» թերթում: Սասունիկ Թորոսյանի ստեղծագործության ամեն մի տող, նկարագրություն, բառ հայրենագիտությամբ ու հայրենասիրությամբ է ներծծված:
Այսօր հայոց բանակի զինվոր է Սասունիկի առաջնեկ, ավագ թոռը` Արամ Թորոսյանը: Դեռ ուսումնական շրջանում ծնողներին` Արգիշտի և Ալվիտա Թորոսյաններին զորամասի հրամանատարությունն ուղարկեց շնորհակալական նամակ.
«Հարգելի տեր և տիկին Թորոսյաններ
Ձեր որդին` Արամ Արգիշտիի Թորոսյանը, ս.թ. հունիսի 22-ին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։ Զորամասի հրամանատարությունը շնորհակալություն է հայտնում Ձեզ` նրան հայրենիքի պաշտպանի ոգով դաստիարակելու և հայոց բանակի շարքերը համալրելու համար։ Դուք կարող եք հպարտանալ, որ մեծացրել ու դաստիարակել եք նախնիների սխրանքներով ու պատգամներով տոգորված զավակի, որ ամեն վայրկյան պատրաստ է անձնվիրաբար ծառայելու իր ժողովրդին, պաշտպանելու հայրենիքը` անսասան տանելով զինվորական ծառայության բոլոր դժվարությունները։
Հիմնվելով Ձեր ընտանեկան արժեքների դաստիարակության վրա` զորամասի հրամանատարությունը կանի ամեն ինչ, որ Ձեր որդին ռազմամասնագիտական գիտելիքների ու հմտությունների յուրացման բարոյակամային վսեմ հատկանիշների ու կարողությունների ձեռքբերման կարևոր գործում պատվով կրի Հայաստանի Հանրապետության պաշտպանի բարձր կոչումը ու բարեխղճորեն կատարի հայրենիքի հանդեպ իր սահմանադրական պարտքը։
Թող արշալույսները Հայոց աշխարհում միշտ խաղաղ բացվեն։
Հարգանքներով`
ԶՈՐԱՄԱՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ
ԶՈՐԱՄԱՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ԱՀՏԱ ԳԾՈՎ ՏԵՂԱԿԱԼ»
Այն, որ Արամ Թորոսյանն իսկապես Սասունիկ պապի արժանի թոռնիկն է, ծնողների արժանի զավակը և Հայրենիքի արժանի զինվորը` հայրենասեր հայորդի, վկայում է նաև երդման արարողության ժամանակ նրա արտասանած խոսքը.
«Այսօր մեզ` նորակոչիկներիս համար հանդիսավոր և նշանակալից իրադարձություն է. բանակային կյանքում մեր ներգրավումը, հայրենիքի պաշտպանի կոչմանն արժանանալն ու այն պատվով կրելը ամրագրվեց ու արձանագրվեց զինվորական երդման արարողությամբ։
Հպարտության ու պատասխանատվության գիտակցումով պիտի փաստենք, որ մեզ բախտ է վիճակվել հայրենանվեր ծառայություն իրականացնել ՀՀ զինված ուժերում։
Մեր ավագ սերունդն իր արյամբ ու օրինակելի քաջագործությամբ երաշխիքներ ստեղծեց մերօրյա խաղաղության ու ազատության համար։ Ուստի մենք պարտք ունենք նրանց սուրբ հիշատակի առաջ, մենք պիտի ամեն գնով անսասան պահենք հայրենիքի սահմանները։
Կեցցե՛ հայ զինվորը, կեցցե՛ հայկական բանակը, կեցցե՛ն մեր ծնողները, որ մեզ հասցրել են կյանքի կարևորագույն այս փուլին` հայրենիքի պաշտպանությանը, որն ամենավսեմն է ամեն մի հայի համար»։
Գ.ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Խորագիր՝ #31 (998) 8.08.2013 – 14.08.2013, Բանակ և հասարակություն