Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ԱՌԱՋԸՆԹԱՑ



Օրերս գնդապետ Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում տեղի ունեցավ 2013թ. ուսումնական տարվա երկրորդ եռամսյակի արդյունքների ամփոփումը: Աշխատանքներին մասնակցում էին զորամիավորման հրամանատարությունը, զորամասերի ու ստորաբաժանումների հրամանատարները, ԲԿ վարչակազմը, Զանգեզուրի կայազորի դատախազ, արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Տիգրան Սարգսյանը:

Զորամիավորման հրամանատարի բացման խոսքից հետո զեկուցումով հանդես եկավ գնդապետ Ն.Ամիրխանյանը: Նա զորամիավորման ու ենթակա զորամասերի կարգապահությունը, մարտական պատրաստությունը և պատրաստականությունը գնահատեց բավարար: Զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ս.Ավագյանն իր զեկույցում նշեց նաև թերությունները և դրանց վերացման ուղղությամբ առաջիկա անելիքները: Գնդապետ Դ.Ասատրյանը թիկունքի աշխատանքները գնահատեց բավարար:

Զորամիավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Ա.Համբարձումյանը տեղեկացրեց, որ անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ ենթակա զորամասերում և ստորաբաժանումներում արտակարգ դեպքերն ու պատահարները, անցանկալի երևույթները զգալիորեն նվազել են:

Զորամիավորման սպառազինության և ռազմական տեխնիկայի վիճակը հակիրճ ներկայացրեց գնդապետ Տ.Փարվանյանը: Նա նշեց, որ, ընդհանուր առմամբ, սպառազինության գծով զորամիավորումն ապահովել է առաջընթաց:

Զանգեզուրի կայազորի դատախազ, արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Տիգրան Սարգսյանը կարևորեց յուրաքանչյուր զինծառայողի հետ տարվող անհատական բացատրական աշխատանքը:

Զորամիավորման հրամանատար Տ.Փարվանյանը, ամփոփելով նիստը, պարգևատրեց երկրորդ եռամսյակում լավագույն արդյունքներ գրանցած զինծառայողներին, զորամասերին ու ստորաբաժանումներին:

ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Խորագիր՝ #31 (998) 8.08.2013 – 14.08.2013, Ազգային բանակ


08/08/2013