ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՐԴՈՒՄԸ` ՍՐԲԱՎԱՅՐՈՒՄ
«Դաստիարակենք մեր սերունդները հայրենապաշտօրէն ու ցեղօրէն` արևի տակ մեր տեղը չկորցնելու համար»:
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
Դարեր առաջ, երբ հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանը հաղթեց թշնամուն` մեզ պարտադրված պատերազմում, նա մի աղբյուրի կողքին կաղնու ծառ տնկեց: Ծառը մեծացավ, սաղարթակալեց, դարձավ մարտի գնացող զինվորների երդմնատեղի:
-Որդի՛, զորավարի աղբյուրից ջուր խմի՛ր, ձեռքդ զորավարի ծառին քսի՛ր, և քեզ ցավ չի՛ դիպչի,-պատգամում էին պապերը իրենց թոռներին: Նրանք գիտեին, որ ազգի հարատևության գաղտնիքը նախնյաց փառքը չմոռանալու, պատմության և սերունդների միջև կապն անխախտ պահելու մեջ է:
…Երևան քաղաքի սրտում է գտնվում մի թանկ սրբավայր` Եռաբլուր պանթեոնը, որտեղ հանգչում են մեր նորագույն պատմության նվիրյալ ու խոնարհ հերոսները, նրանք, ովքեր ազատագրեցին պատմական Արցախ աշխարհը և ծնունդ տվեցին անկախ Հայաստանի Հանրապետությանը` ի գին իրենց կյանքի և արյան:Նրանք հայ մարդուն հիշեցրին, որ ինքը հաղթող տեսակ է և այլևս նահանջելու իրավունք չունի:
Օրերս ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության զորամասերից մեկն իր պատմության մեջ առաջին անգամ հանդես եկավ յուրօրինակ նախաձեռնությամբ. նորակոչիկները Եռաբլուր Պանթեոնում` ազատամարտիկների շիրիմների մոտ, երդվեցին անձնվիրաբար ծառայել հայրենիքին: Հանդիսությանը ներկա էին զորամասի հրամանատարը, հոգևոր սպասավորը և նորակոչիկների հարազատները:
Մի ուշագրավ փաստ ևս. արարողությանը ներկա էր նաև հնդկուհի տիկին Սանտոշը, որի որդին նույնպես նորակոչիկների շարքում էր: Նա իր ելույթում ծնողների և անձամբ իր անունից Հայաստանին ու հայ ժողովրդին մաղթեց, որ մեր զավակները ծառայեն խաղաղ ու անվտանգ երկնքի տակ:
Այսօր հենց այս երիտասարդներն են կերտելու մեր նորօրյա պատմությունը, շարունակելու են իրենց ավագ եղբայրների ու հայրերի սկսած գործը, որը նրանցից մեծ ուժ ու եռանդ կպահանջի: Իսկ ուժ մենք ստանում ենք մեր անցյալի փառավոր էջերից: Թող որ այս գեղեցիկ նախաձեռնությունը դառնա ավանդույթ, և ամեն զորակոչի ժամանակ հայ մարդն իր զավակին պատգամի.
-Որդի՛, խոնարհվի՛ր այս քաջորդիների անմահ հիշատակին, սովորի՛ր նրանցից իմաստություն ու հայրենասիրություն, և մեզ ոչ ոք չի հաղթի…
ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #31 (998) 8.08.2013 – 14.08.2013, Ազգային բանակ