Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՈՒՐՍԿԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ



Դրա դասերն ուսանելի են նաեւ Հայկական բանակի համար

Կուրսկի ճակատամարտը Հայրենական մեծ պատերազմի (1941-1945) վճռական մարտական գործողություններից է: Տեղի է ունեցել 1943թ. հուլիսի 5-ից մինչև օգոստոսի 23-ը և համարվում է Մոսկվայի (30.09.1941թ. – 20.04.1942թ.) և Ստալինգրադի ( 17.07.1942թ .- 02.02.1943թ.) ճակատամարտերի տրամաբանական շարունակությունը, որը բեկումնային նշանակություն է ունեցել, քանի որ խորհրդային զորքերի` հյուսիսից հարավ ձգվող մոտ 2000 կմ ճակատի երկայնքով գտնվող բոլոր զորամիավորումները հարձակման անցան, և ֆաշիստական Գերմանիայի կայծակնային պատերազմի` «բլիցկրիգի» պլանը վերջնականապես տապալվեց:

Գերմանա – ֆաշիստական դաշինքը Կուրսկի ճակատամարտում կենտրոնացրել էր մարտունակ 60 համազորային և 16 տանկային դիվիզիաներ, ևս 20 դիվիզիա թևերում և թիկունքում, նրանց զորավիգ 4-րդ և 6-րդ օդային բանակները, մոտ 1 մլն անձնակազմ, 2730 տանկ և գրոհային մարտկոց, 10 հազար հրանոթ և ականանետ, 2050 մարտական ինքնաթիռ, սպասարկման և ապահովման այլ զորամասեր:

Գնահատելով Կուրսկի շուրջ ստեղծված իրավիճակը` ԽՍՀՄ ԶՈՒ գլխավոր շտաբը պլանավորել էր ռազմական գործողությունն անցկացնել 2 փուլով` պաշտպանական (5.7-12.7), որի ընթացքում նախատեսվում էր թշնամուն ուժասպառ և արյունաքամ անել, և հակահարձակողական (12.7 – 23.8), որի ընթացքում նախատեսվում էր վերջնականապես պարտության մատնել նրան: Ճակատամարտին մասնակցում էին 6 ռազմաճակատներ` իրենց փորձառու հրամանատարներով. Կենտրոնական (հրամանատար` բանակի գեներալ Կ.Կ.Ռոկոսովսկի), Վորոնեժի (գեներալ-գնդապետ Ն.Ֆ.Վատուտին), Բրյանսկի (գեներալ- գնդապետ Մ.ՄՊոպով), Արևմտյան (գեներալ- գնդապետ Վ.Դ.Սոկոլովսկի), Հարավարևմտյան (բանակի գեներալ Ռ.Յ.Մալինովսկի), թիկունքում` Տափաստանային ռազմաճակատը (գեներալ- գնդապետ Մ.Ս.Կոնեւ): Խորհրդային զորքերը անձնակազմի քանակով 2, տանկերով` 1.8, հրետանիով` 2.8 անգամ գերազանցում էին թշնամուն, ավելի մարտունակ էին, բարոյահոգեբանական տեսանկյունից` ավելի պատրաստված:

Կուրսկի ճակատամարտի պլանի քննարկման ժամանակ 11-րդ գվարդիական բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հ.Ք.Բաղրամյանը ԽՍՀՄ ԶՈՒ Գլխավոր հրամանատար Ի.Վ. Ստալինին ներկայացրեց նոր առաջարկություն (ի տարբերություն ներկայացված պլանի)` ասելով, որ հաշվի առնելով իրավիճակի նոր զարգացումները` նպատակահարմար է համարում գլխավոր հարվածն ուղղել ոչ թե դեպի Խոտոնեց, այլ` Բուլխովի զորախմբին, իր 11-րդ գվարդիական բանակի և գեներալ-լեյտենանտ Պ.Ա.Բելովի 61-րդ բանակների հանդիպակաց հարվածներով ոչնչացնել այնտեղ կուտակված ֆաշիստական զորախմբի` Օռլովից վերև զբաղեցրած դիրքերը, ինչի արդյունքում թշնամու դիրքերում կառաջանար մեծ ճեղքվածք:

Բաղրամյանի առաջարկն արժանացավ Գլխավոր հրամանատարի հավանությանը և հաստատվեց: Իրականացնելով պլանը` օգոստոսի 17-ին 11-րդ գվարդիական բանակն արդեն առաջ էր անցել ավելի քան 200 կմ, 61-րդ բանակը նույնպես հաջողությունների հասավ. ազատագրվեցին ավելի քան 7000 բնակավայրեր, այդ թվում Ուլյանովոն, Զնամենսկը, Իլյինսկը, և այդ ամենը դարձավ Կուրսկի ճակատամարտի հաղթական ավարտի նախադրյալ:

Օգոստոսի 27-ին Հ.Ք.Բաղրամյանը պարգևատրվեց Սուվորովի 1-ին աստիճանի շքանշանով, նրան շնորհվեց գեներալ-գնդապետի կոչում, իսկ նոյեմբերի 17-ին նա նշանակվեց Մերձբալթյան 1-ին ճակատի հրամանատար` բանակի գեներալի կոչումով: Գնահատվեցին Հ.Ք.Բաղրամյանի հմուտ ղեկավարման ունակությունները, քաջությունը, ռազմական արվեստը, ստեղծագործական մտածելակերպը:

Կուրսկի ճակատամարտում հաղթանակին նպաստեցին ԽՍՀՄ ԶՈՒ Գլխավոր շտաբի լարված աշխատանքը, ռազմաճակատներում իրավիճակների փոփոխություններին արագորեն արձագանքելը և հետախուզության արդյունավետ գործունեությունը: Օրինակ՝ երբ հայտնի դարձան թշնամու հարձակման օրն ու ժամը՝ հուլիսի 5-ի վաղ առավոտյան խորհրդային հրետանին և ավիացիան երկու ժամ ավելի շուտ նախահարձակ եղան, ինչի արդյունքում՝ հակառակորդը առաջնային գծում մեծ կորուստներ կրեց, նրա ծրագրած հարձակումը չիրականացավ, իսկ զորքերի բարոյամարտական մակարդակն անկում ապրեց, զորքերը դարձան անկառավարելի:

Կուրսկի ճակատամարտում խորհրդային 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ տանկային բանակները Բելգորոդի Պրոխորովկա բնակավայրի մոտ մասնակցել են Հայրենական մեծ պատերազմի ամենամեծ տանկային օպերացիային (երկու կողմից` մինչև 1500 տանկ և գրոհային թնդանոթներ, մեծ թվով ավիացիա): Այս մարտում թշնամին կորցրեց ավելի քան 350 տանկ, 10.000-ից ավելի մարդ և հուլիսի 12-ին ստիպված դադարեցրեց հարձակումը, հուլիսի 16-ին փորձեց վերսկսել առաջխաղացումը, բայց խորդհրդային բանակը Վորոնեժի և Տափաստանային ռազմաճակատների դիրքերից նոր հարձակումներ ձեռնարկեց և հասավ կործանիչ հաջողության:

Կուրսկի ճակատամարտում խորհրդային զորքերի տարած հաղթանակում զգալի ավանդ են ունեցել հայ ժողովրդի զավակները, նրանց թվում ապագա մարշալներ Ա.Ա. Խանփերյանցը, Հ.Խ.Բաբաջանյանը, գվարդիայի գնդապետ Գրիգոր Շալամի Կալուստովը, փոխգնդապետ Մաթևոս Կիրակոսի Հակոբյանը, մայոր Եփրեմ Գրիգորի Ղարիբյանը, գվարդիայի լեյտենանտ Թոմաս Հակոբի Չոբանյանը, գվարդիայի լեյտենանտ Սերգեյ Սոկրատի Դարբինյանը և շատ ուրիշ տանկիստ հրամանատարներ, մարտիկներ:

Կուրսկի ճակատամարտում ֆաշիստական կողմը կորցրեց 30 դիվիզիա, որոնցից 7-ը՝ տանկային, կես միլիոն զինվոր ու սպա, 100000-ից ավելին ընկան շրջափակման մեջ:

Կուրսկի ճակատամարտում օգոստոսի 5-ին՝ Օրյոլի ազատագրման ժամանակ, 44-րդ առանձին թնդանոթահրետանային բրիգադը գնդապետ Ռաֆայել Անտոնի Հայրապետյանի ղեկավարությամբ հմտորեն իրականացնում է հրետանու նախնական կրակահերթերը, ինչից հետո 129-րդ, 250-րդ և 348-րդ հրաձգային դիվիզիաները առաջ են անցնում և Բրյանսկի ճակատամարտում գրավում հակառակորդի ուժեղացված պաշտպանական հանգուցային կայանները, որի համար Ռ.Ա.Հայրապետյանը պարգևատրվում է Ալեքսանդր Նևսկու շքանշանով:

Վորոնեժի ճակատամարտում աչքի է ընկել 50-րդ հրաձգային կորպուսը, որի հրամանատարն էր գեներալ-մայոր Սարգիս Սողոմոնի Մարտիրոսյանը, որը մարտերով անցել է ավելի քան 300 կմ, ազատագրել 600 բնակավայր, թշնամուց խլել 17 տանկ, 245 հրանոթ և ականանետ, այլ մարտական տեխնիկա և զինամթերք: Ս.Ա.Մարտիրոսյանն արժանացել է Խորհրդային Միության Հերոսի կոչման:

Բրյանսկի ճակատամարտում հանրաճանաչ է դարձել 13-րդ բանակի 74-րդ հրաձգային դիվիզիան` գեներալ-մայոր Անդրանիկ Աբրահամի Ղազարյանի ղեկավարությամբ: Հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ և տալով մեծ կորուստներ` միավորումը ոչնչացրել է հակառակորդի 30 տանկ և մեծաքանակ մարտական տեխնիկա, որի համար հրամանատարը պարգևատրվել է Կարմիր դրոշի և Սուվորովի 2-րդ աստիճանի շքանշաններով:

Կուրսկի ճակատամարտի օրերին ԶՈՒ օդային ուժերի շտաբի պետը գեներալ- լեյտենանտ Սերգեյ Ալեքսանդրի Խուդյակովն էր` Արմենակ Արտաշեսի Խանփերյանցը: Նա, որպես ԽՍՀՄ ԶՈՒ Գլխավոր հրամանատարի ղեկավար ռազմակայանի անդամ, հմտորեն է կազմակերպել օդային մարտական գործողությունների ներդաշնակումը ցամաքային զորամիավորումների գործողությունների հետ, ինչի համար պարգևատրվել է Սուվորովի 1-ին աստիճանի շքանշանով, արժանացել ավիացիայի գեներալ- գնդապետի կոչման:

1943թ. հուլիսի 14-ից մինչև օգոստոսի 23-ը 13-րդ բանակի 10-րդ օդադեսանտային համազորային գունդը գվարդիայի մայոր Արշակ Ծատուրի Տեր- Զախարյանի գլխավորությամբ, հետապնդելով հակառակորդին, ազատագրել է տասնյակ բնակավայրեր, ինչի համար հրամանատարը պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով:

Կուրսկի ճակատամարտում, կրակի տակ, գիշեր ու զօր առաջադրանքներ են կատարել վարորդները` դիրքեր հասցնելով ռազմական տեխնիկա, սպառազինություն, հանդերձանք, սնունդ, հետադարձին՝ հիվանդներին և վիրավորներին: Ավտովաշտի հրամանատար, գվարդիայի ավագ լեյտենանտ Պետրոս Երվանդի Պետրոսյանը ակտիվ և նպատակաուղղված աշխատանքի համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով: Նույն շքանշանով պարգևատրվել են Սերգեյ Լևոնի Սարդարյանը, Իվան Մեսրոպի Եսայանը, տասնյակ վարորդներ:

Խիզախ կռվողների թվում է եղել բժիշկ-վիրաբույժ Սահակ-Պարթև Սմբատի Սմբատյանը, որը հուլիսի 5-ից մինչև օգոստոսի 30-ը դաշտային պայմաններում կատարել է 130 բարդ վիրահատություն, կյանք տվել տասնյակ մարտիկների, որոնք շարունակել են պայքարը թշնամու դեմ՝ հասնելով Բեռլին:

Կուրսկի ճակատամարտի դասերը ուսանելի են նաև այսօր…

ՌՈՒԲԵՆ ԲԱԽՇՅԱՆ
պահեստազորի գնդապետ

Խորագիր՝ #32 (999) 15.08.2013 – 21.08.2013, Պատմության էջերից


15/08/2013