Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՀԻՑ ՎԱԽԵՆԱԼԸ ԱՆՄՏՈՒԹՅՈՒՆ Է



Ազատամարտիկ Վրեժ Գասպարյանը Արցախյան պատերազմին մասնակցել է սահմանային ընդհարումների առաջին օրվանից։ Մարտնչել է Երասխավանում, Իջևանում, Գետաշենում, Շահումյանում, մասնակցել է Շուշիի ազատագրությանն ու Մարտակերտի, Սարսանգի, Հորադիզի ինքնապաշտպանության համար մղվող մարտերին։ Պարգևատրվել է «Մարտական ծառայության», «Գարեգին Նժդեհ» և Շուշիի ազատագրության համար մեդալներով։

ՄԵՐ ՏՈՒՆՆ ԷՆՏԵՂ ՄՆԱՑ

Երբ պապիս անունն եմ տալիս, աչքերիս առաջ հայտնվում է նրա արցունքոտ, կարկամած հայացքը` ոչինչ մի հարցրու։ Մեր տունը մնաց էնտեղ, ոչինչ մի հարցրու։ Ու արցունքները հոսում էին նրա խորակոս կնճիռների ծալքերով, կաթում հողին։ Տարիներ հետո, երբ արդեն մեծ էի, ու պապս էլ արդեն չկար, հայրս պատմեց, որ պապս իր հոր և հորեղբոր հետ կարողացել է փրկվել ջարդից ու հասնել Հայաստան։ Նա կորցրել է ամբողջ ընտանիքը։ Մեծ գերդաստանից փրկվել են ընդամենը երեք հոգի։ Ու երբ հորս, որպես Տրոցկիստի, աքսորել են երկրից, պապս ներփակվել է ու այլևս չի արտաբերել իր ծննդավայր Վանի անունը։ Վանի համար է լացում` ասում էր հայրս։ Այդ անձայն լացը ամենամեծ ցավն էր, որ ես տեսել եմ կյանքում։ Պապիցս հետո այդ լացը շարունակվեց իմ ներսում`«մեր տունը էնտեղ մնաց»…

ՄԱՐԴՈՒ ՎԵՀ ՏԵՍԱԿԸ

Հայրս ինձ ժառանգեց իր ազնվությունը։ Նրա ազնվությունը բացարձակ էր, վարակիչ, պարտադրող։ Հորս հետ շփվելիս մարդ ակամա ազնվանում էր։ Ազնվություն բառը շատ մեծ իմաստ է բովանդակում։ Հայրս ազնիվ էր որպես ընկեր, ազնիվ էր հայրենիքը սիրելիս, ազնիվ էր իր աշխատանքում։ Նա մարդու վեհ տեսակ էր, որի պակասը այնքան ենք զգում այսօր։ Նվիրյալ տեսակ։ Ես միշտ ցանկացել եմ նմանվել հորս։ Թերևս ես նման եմ նրան։ Որովհետև ինչ-որ անում եմ այս կյանքւոմ, անում եմ նվիրումով, խանդավառված ու ազնվորեն։ Ես մեքենա եմ սիրում, փոքրուց սիրել եմ, մեքենան իմ տարերքն է։ Ավտոսպորտի Հայաստանի հավաքականի անդամ եմ եղել ժամանակին։ ԽՍՀՄ-ում երրորդ տեղն եմ գրավել։ Իսկ ավելի հասուն տարիքում տաքսու վարորդ եմ եղել։ Ես պիտի սիրեմ այն գործը, որ անում եմ։ Պիտի նվիրվեմ մինչև վերջ։

ԽԻԶԱԽԵԼ ՈՒ ԱՆՄԱՀԱՆԱԼ

Երբեմն լրագրողներն ինձ հարցնում են` ինչպես ծնվեց պատերազմ գնալու որոշումը։ Ես չգիտեմ ինչ պատասխանեմ։ Ինչպես ծնվեց։ Ոչինչ էլ չծնվեց, պարզապես ես գնացի պաշտպանելու հայրենիքս։ Երբ ընկերս զոհվեց կողքիս, ես մարդասպան դարձա։ Ես կրակում էի ու տեսնում էի, թե ինչպես են իմ կրակոցից մարդիկ մեռնում։ Ես ապրում էի մահվան հետ կողք կողքի, բայց կարծես չէի նկատում նրան։ Երբեք չեմ մտածել զոհվելու մասին, չեմ մտածել, թե ինչ կլինի դրանից հետո, երբ մեր ջոկատի մի քանի տասնյակ տղաներ անհետ կորան, իմ աշխարհը փոխվեց, փոխվեցին արժեքներն ու ժամանակի զգացողությունը։ Ես հասկացա, որ մարդու երկրային ժամանակը մի պատառիկ է հավերժությունից վերցված, ու պետք է ապրել այն հնարավորինս գեղեցիկ ու սխրալից, մահն անխուսափելի է ու մահվանից վախենալը անմտություն է։ Պետք է խիզախել ու անմահանալ։ Պատերազմի դաշտում ես տեսա հերոսության ողջ շքեղությունը։ Ու ոչ միայն հայերի մեջ։ Ադրբեջանցիների մեջ էլ կային հերոս տղերք… Բայց նրանք պարտվեցին։ Ինչու՞ պարտվեցին… Ես փորձում էի հասկանալ ու հասկացա… Ե՛ւ մարդկային ռեսուրսով, և՛ զինտեխնիկայով մեզ բազմապատիկ գերազանցող ժողովուրդը պարտվեց, որովհետև հաղթելու ցանկությունը մեծ չէր։ Հաղթելու ցանկությունը հավասարազոր չէր սեփական կյանքին։ Վարձկաններով հայերին չես հաղթի, որովհետև հայի կռիվը արյան կռիվ է, հիշողության կռիվ է, ժառանգական ցավի կռիվ է։ Ես երկու անգամ վիրավորվել եմ, բայց շարունակել եմ իմ կռիվը իմ հողի համար։ Ուրիշի հողի համար չէի կռվի։ Ինչ գումար ուզում ես տուր, փողը չի կարող հերոսացնել մարդուն։

ԻՄ ՏԵՂԸ ՇԱՐՔՈՒՄ ԴԱՏԱՐԿ ՉԻ ՄՆԱ

Ես չգիտեմ` ոնց պիտի դաստիարակեմ որդիներիս։ Իսկապես չգիտեմ։ Ես տղաներիս չեմ դաստիարակել, քարոզ չեմ կարդացել, չեմ խրատել, բայց տղաներս դարձան էնպիսին, ինչպիսին ես եմ ուզում տեսնել նրանց։ Ազնիվ ու նվիրյալ տեսակ դարձան։ Տղաներս պատվով ծառայեցին։ Ասում էին` մեր զորամասն ամենալավ զորամասն է։ Ոչ մի տրտունջ չլսեցինք։ Բանակից վերադարձան պատվոգրերով, շնորհակալագրերով։ Այդպիսի տղաներ ունեմ։ Աստված չանի, եթե մի օր կռիվ լինի, իմ տեղը շարքում դատարկ չի մնա։ Ու եթե ողջ լինեմ, ես էլ կկանգնեմ տղաներիս կողքին, թշնամու դիմաց։

Հ.Գ.
Ես տխրում եմ ու շատ բաներից եմ տխրում։ Տխրում եմ, երբ տեսնում եմ, թե ինչպես է հայ աղջիկը բարձրաձայն ու ժարգոնով խոսում քաղաքային տրանսպորտում։ Ինչպես է հայ ընտանիքը կորցնում իր ավանդական դեմքը։ Ես տխրում եմ, երբ շուրջս վեհություն չկա, սխրանք չկա…

Պատրաստեց ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԸ

Խորագիր՝ #32 (999) 15.08.2013 – 21.08.2013, Բանակ և հասարակություն


15/08/2013