Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՐ ՍԿԻԶԲ, ՆՈՐ ԽՆԴԻՐՆԵՐ



Գնդապետ Վահրամ Գրիգորյանը բանակի փորձառու հրամանատարներից է: Նա եղել է սահմանի պահպանություն իրականացնող զորամասի հրամանատար, հասել է շատ լավ արդյունքի, իսկ այս տարվա ապրիլին նշանակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արագ արձագանքման ուժերի հայկական զորամասի հրամանատար: Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ զորամասը նախկին հրամանատար, գնդապետ Ա.Սմբատյանի հրամանատարությամբ մասնակցեց ՀԱՊԿ ԱԱՈՒ-ի համատեղ զորավարժությանը և ցույց տվեց չափազանց բարձր արդյունքներ:

Ի՞նչ առաջադրանքներ են դրված զորամասի առջև ընթացիկ տարում և ինչպե՞ս են դրանք կատարվում, ի՞նչ կազմով է մասնակցելու զորամասը ՀԱՊԿ ԱԱՈՒ-ի հերթական զորավարժությանը, որն այս տարի տեղի է ունենալու Բելառուսի Հանրապետությունում, և այդ ուղղությամբ ի՞նչ նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Այս հարցերը պարզաբանելու և նոր ուսումնական փուլի առաջին պարապմունքների անցկացմանը հետևելու համար եղանք զորամասում, զրուցեցինք հրամանատարի, սպաների ու զինվորների հետ:

-ՈՒսումնական փուլի միջնամասում նշանակվելով հրամանատար` աշխատել եմ, որ զորամասը հաջողությամբ շարունակի սկսած գործընթացը,- ասաց գնդապետ Վ. Գրիգորյանը և շարունակեց:- Ապրիլ, մայիս, հունիս ամիսներին կատարվել են ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները: Մասնավորապես՝ անցկացվել են մի շարք հրամանատարաշտաբային զորավարժություններ ու շտաբային մարզումներ, ստորաբաժանումների կազմերով մարտավարական զորավարժություններ: Ուսումնական փուլի ավարտական քննություններն ընդունել է հանձնաժողովը: Նշանակվել է «բավարար» գնահատական, բայց ասեմ՝ եթե մոտեցումը շատ խիստ չլիներ, կարող էինք նաև «լավ» ստանալ: Համենայնդեպս, մի շարք կարևոր առարկաներից` հրաձգություն, մեքենավարում (նաև մարտական) արդյունքները բավականին բարձր էին: Առաջին փուլի ցուցանիշները և զորամասի ընդհանուր վիճակը թույլ են տալիս ասելու, որ նախկին հրամանատարի ղեկավարությամբ այստեղ շատ լավ աշխատանք է կատարվել:

Ամառային ուսումնական փուլն սկսել ենք հուլիսի 5-ին` հանդիսավոր արարողությամբ: Մարտավարաշարային պարապմունքների ժամանակ կատարվեց տեխնիկայի դուրսբերում: Զորամասին օգնում էր ԶՈՒ ԳՇ հանձնաժողովը` ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի ղեկավարությամբ: Էական թերություններ չեղան, և հանձնաժողովը, ընդհանուր առմամբ, գոհ մնաց ստորաբաժանումների և զորամասի պատրաստականության աստիճանից:

Այժմ տեղի են ունենում առաջին պարապմունքները: Հաշվարկներն ու ջոկերը համալրվել են երիտասարդ զինվորներով: Ձգտելու ենք, որ նրանք կարճ ժամանակում ձեռք բերեն մեզ գոհացնող մարտունակություն: Սեպտեմբերին Բելառուսում կայանալու է ՀԱՊԿ ԱԱՈՒ-ի հերթական համատեղ զորավարժությունը: Մասնակցելու ենք դասակի կազմով, և որքան ինձ հայտնի է, մերոնք պիտի գրավեն ինչ-որ շինություն: Առայժմ այդ ուղղությամբ չկա որոշակի ծրագիր, և առանձին պարապմունքներ չեն տարվում:

Քանի որ աշնանը մարտական հերթապահություն կատարող զորամասերից մեկը զորավարժություն է անցկացնելու ՊՆ համազորային զորավարժարանում, մեր ստորաբաժանումների մի մասը պետք է օգնի նրանց և համալրի մարտական հերթապահություն իրականացնողների շարքերը: Այդ առաջադրանքը զորամասի համար նորություն չէ, առաջնագծում ծառայություն իրականացնելու զգալի փորձ ունեն: ՈՒսումնական փուլի երկրորդ հատվածում, երբ ավելի շատ ժամաքանակ է հատկացվում գործնական պարապմունքներին, կանցկացնենք մի քանի մարտավարական զորավարժություններ վաշտերի և գումարտակների կազմերով: Կարևորն այն է, որ անձնակազմն աշխատում է, կա առողջ մրցակցություն, ի դեպ՝ այժմ առաջատարը փոխգնդապետ Խ. Գյուլումյանի գումարտակն է: ՈՒսումնական բազան, պայմանները նույնպես նպաստավոր են, սահմանված գրաֆիկով օգտագործվում են ուսումնական տեղամասերը, մեքենավարումը (ավտոմեքենաներով) տեղի է ունենում ավտովարժադաշտում, ռազմական տեխնիկայի վարումն ու հրաձգությունը՝ զորավարժարանում: Մեծ ուշադրություն ենք դարձնում պահակային ծառայության կազմակերպմանը:

Ասեմ նաև, որ արդեն տեղի է ունեցել երդման երկու արարողություն, լինելու է նաև երրորդը:

***

Զրույցին մասնակցում էր հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Խ. Հարությունյանը: Նա ներկայացրեց զորամասում տարվող հոգևոր-մշակութային, կարգապահության ամրապնդմանն ուղղված աշխատանքները:

-Ամեն ամսվա առաջին կիրակին մեզ մոտ սպորտային տոն է: Ճիշտ է, պայմանները ամենալավերից չեն, բայց ստացվում է օրը դարձնել հետաքրքիր, կիրակի օրերին մարզական խաղեր կազմակերպել: Հաջողություններ ունենք ուրախների և հնարամիտների համաբանակային մրցույթում: Ձևավորված է «Հայ ասպետ» ակումբը: Պատշաճ կերպով ենք նշել ընթացիկ տարվա բոլոր տոները. Բանակի օրը Շ.Ազնավուրի անվան մշակույթի պալատում մեծ շուքով, երկրապահների և վետերանների մասնակցությամբ, փետրվարի 2-ը, որը մեր զորամասի օրն է, նշվել է ապրիլի 2-ը՝ որպես Քարվաճառի ազատագրման օր, այնուհետև Եղեռնի տարելիցը, մայիսի 9-ը և մայիսի 28-ը շքերթ Բաշ-Ապարանի ճակատամարտի հուշակոթողի մոտ և Վանաձորում` Կոտրած եկեղեցու մոտ, եղել են բազմաթիվ համերգային միջոցառումներ, զորամասում ներկայացում է տվել Երևանի կրկեսի կոլեկտիվը: Առաջիկայում նույնպես լինելու են հետաքրքիր, բովանդակալից, զինծառայողների հոգևոր պաշարն ավելացնող միջոցառումներ: Ցավոք, չունենք ակումբի շենք և չենք կարողանում մեր ուզածի պես կազմակերպել գրադարանային աշխատանքները: Ասեմ նաև, որ նախնական զինվորական պատրաստության գծով օգնում և ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ համագործակցում ենք տարածքի բազմաթիվ դպրոցների հետ:

Երիտասարդ հրետանավորները

Դիվիզիոնի հրամանատար փոխգնդապետ Ա. Սարգսյանը գոհ է ուսումնական առաջին փուլի արդյունքներից:

-Անցկացրել ենք դիվիզիոնի մարտավարական զորավարժություն և ստացել «լավ» գնահատական, առանձին անցկացվել են նաև մարտկոցների մարտավարական զորավարժություններ, որոնց արդյունքներով առավել բարձր ցուցանիշներ է արձանագրել կապիտան Ա. Կարապետյանի մարտկոցը: Իհարկե, անցած տարին շատ ավելի նպաստավոր էր փորձի կուտակման, հմտությունների ստուգման-զարգացման համար, բայց այս տարվա ծրագիրն էլ հեշտերից չէ: Երկրորդ փուլում նախատեսված են լուրջ քննություններ, որոնք պետք է ձգտենք հանձնել պատվախնդրորեն: Այժմ այստեղ հիմնականում նորակոչիկներով համալրված հաշվարկներ են: Նրանց հետ աշխատում են սպաները և հաշվարկի փորձառու հրամանատարները: Ես զրուցել եմ բոլորի հետ, կարող եմ ասել, որ գոհ եմ նրանց կրթական մակարդակից, մեծ թիվ են կազմում ուսանողական նստարանից զորակոչվածները, ինչը խոսում է այն մասին, որ կարճ ժամանակում նրանք կյուրացնեն նախատեսված ծրագիրը:

Զրուցեցինք նորաթուխ հրետանավորներից մի քանիսի հետ:

Շարքային Դավիթ Թումասյան- Որոշ բաներ արդեն գիտեմ, կարող եմ մասնակցել հրանոթի բացազատմանը, հիմնական ուղղության բերելուն:

Շարքային Նարեկ Խաչատրյան.- Տասը տարի ապրել եմ Ռուսաստանում, եկել եմ ծառայելու հայոց բանակում: Հրետանավորի գործը, որքան էլ դժվար է, կսովորեմ:

Շարքային Ակսել Կարապետյան – Սովորում եմ բժշկական համալսարանում, նշանակվել եմ հրանոթի նշանառու: Արդեն որոշ բաների ծանոթացել եմ, թվում է՝ դժվար չի:

Կրտսեր սերժանտ Պետրոս Բարակյանը հրանոթի հրամանատարն է:

-Ես արդեն երրորդ անգամ եմ նորակոչիկների հետ աշխատում, վստահեցնում եմ, որ շատ շուտով այս տղաները նույնպես լիովին կտիրապետեն հրանոթին,- ասաց նա:

Ծառայությունից իրենց գոհունակությունը հայտնեցին շարքայիններ Դավիթ Ներսիսյանը, Միշա Սիմոնյանը, Տիգրան Կոշեցյանը:

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #32 (999) 15.08.2013 – 21.08.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


15/08/2013