Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՆԱԿԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՆՐԱՆԿԱՐՆ Է



«Զինվոր» հասարակական կազմակերպության համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանին հանրապետությունում բոլորն են ճանաչում։ Նրա անունը անխզելիորեն կապված է բանակաշինության հետ։ Մարգարիտա Խաչատրյանի օրն սկսվում ու ավարտվում է բանակի խնդիրներով ու հոգսերով, նվաճումներով ու բացթողումներով, ձեռքբերումներով ու վրիպումներով։ Նրան կարելի է տեսնել ամենահեռավոր զորամասերում՝ դիրքերում ու բլինդաժներում, բուժկետում ու շարահրապարակում։ Այնտեղ, որտեղ զինվորն է, որտեղ անհրաժեշտություն կա աջակցելու զինվորին, պաշտպանելու զինվորի շահերն ու իրավունքները, զորավիգ լինելու գեներալին ու սպային՝ լուծելու ազգային բանակի մարտունակությունը խոչընդոտող ամենատարբեր խնդիրները։ Մարգարիտա Խաչատրյանի ընդունարանը միշտ մարդաշատ է։ Այցելուների մեծ մասը զինվորների ծնողներ են, որոնք Մարգարիտա Խաչատրյանի աջակցությանն են դիմում ամենատարբեր հարցերով։ Մարդիկ հավատում են նրան ու երբեք հուսախաբ չեն լինում։

-Տիկին Մարգարիտա, եղավ մի պահ, որ ազգային բանակի խնդիրներով զբաղվող 70 հասարակական կազմակերպություն կար։ Թող ինձ ներեն բոլոր նրանք, ովքեր միավորվել են՝ անշահախնդրորեն օգնելու բանակաշինությանը, իրենց նպաստը բերելու հայոց զինուժի մարտունակության ամրապնդմանն ու բանակի հզորացմանը, բայց ես այն կարծիքին եմ, որ նրանց մեծ մասը անձնական խնդիրներ լուծելու հավակնություն ունի ու բնավ էլ չի նպաստում բանակաշինությանը։ Կարող եմ ասածս հաստատող բազմաթիվ փաստարկներ նշել, բայց թերեւս երկուսն էլ բավական է. եթե հասարակական կազմակերպության նախագահը ցանկանում է, որ իր նախաձեռնած փոքրիկ միջոցառումը որեւէ զորամասում կամ ռազմական կրթօջախում անպայման լուսանկարվի, դառնա թերթի հոդված եւ հրապարակվի, ես սկսում եմ չհավատալ նրա անշահախնդրությանը։ Եթե հասարակական կազմակերպության ղեկավարը սկսում է անխնա, գույները խտացնելով դատափետել բանակը միայն այն պատճառով, որ իր գլուխը վերեւներում չեն շոյել, ես չեմ հավատում նրա նպատակների ազնվությանը…
-Հասարակական կազմակերպությունների առատությունը խոսում է հասարակության քաղաքացիական ակտիվության մասին։ Հավաստում է քաղաքացու՝ իր շուրջը ինչ-որ բան փոխելու պատրաստակամությունը, իր դերակատարումն արժեւորելու, իր ուժերին հավատալու իրողությունը։ Հասարակական կազմակերպությունները հզոր գործոն են եւ ապահովում են հասարակության ներգրավվածությունը պետական, ազգային խնդիրների լուծման գործում։ Սակայն ամեն ինչ գլխիվայր է շրջվում, երբ հասարակական կազմակերպության գործունեությունը կրում է ձեւական բնույթ, կազմակերպությունը դառնում է այս կամ այն գերատեսչական կառույցի կցորդը, նրա կամակատարն ու խոսափողը, կամ իր հնարավորություններն օգտագործում է բացառապես անձնական խնդիրների լուծման համար։ Ես չեմ ուզում այս զրույցի շրջանակում քննարկել բանակին առնչակից 70 հասարակական կազմակերպությունների գործունեությունը։ Միայն պետք է նշեմ, որ դրանցից 43-ը այսօր այլեւս «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համակարգող խորհրդի ենթակայությամբ չեն գործում։ Նրանք ինքնաբերաբար լքեցին մեր կառույցը։ Մեզ հետ, մեր կողքին են նրանք, ովքեր, իրոք, եկել են իրենց ուժը, եռանդը նվիրելու բանակաշինության գործին՝ փոխարենը ոչինչ չստանալու ակնկալիքով։ Ովքեր կարող են ոտքով չափել Հայաստանի սահմանները առաջնագծում, իրենց ներկայությամբ ու աջակցությամբ ոգեւորել մարտական դիրքում կանգնած զինվորին, ովքեր չեն զլանում այցելել ամենահեռավոր զորամասերը եւ ապրում են զինվորի հոգսուցավով։
-Ձեզ ի՞նչը բերեց բանակ, ե՞րբ սկսվեց Ձեր կապը բանակի հետ։
– Խաղաղ պայմաններում իմ զինվոր որդին զրկվեց կյանքից։ Ու դրանից հետո յուրաքանչյուր զինվոր դարձավ իմ որդին, յուրաքանչյուր զինվորի մեջ տեսա իմ որդուն ու զինվորին օգնելը, զինվորին պաշտպանելը դարձավ կյանքիս իմաստը, գերնպատակը, առանցքը։ Ապրել՝ ինձ համար նշանակում է օգնել զինվորին։ 14 տարի առաջ ես ստեղծեցի հասարակական կազմակերպություն, որը կզսպեր զինվորի դեմ ոտնձգություն անող սպաներին, կփորձեր արդարություն հաստատել բանակում, կփակեր կաշառակերության եւ հովանավորչության ճանապարհը, կստիպեր պատասխանատվության ենթարկել օրինախախտ՝ զինվորի վրա ձեռք բարձրացնող սպաներին…
-Ես հիշում եմ՝ Ձեր գործունեության սկզբնական շրջանում թվում էր՝ Դուք եւ Ձեզ շրջապատող սեւազգեստ կանայք սեւեռված թերություն եք փնտրում, որ անընդհատ խոսեք այդ մասին ու աշխարհով մեկ անեք։
-Գույները խտացնում եք, բայց ընդհանուր առմամբ ճիշտ եք։ Սկզբում մենք եկել էինք պաշտպանելու զինվորներին սպաների ոտնձգություններից, պաշտպանելու զինվորների իրավունքները։ Դա մեր միակ նպատակն էր։ Այսօր մեր նպատակը բանակի մարտունակության ամրապնդումն է, բանակը հզորացնելն ու բանակաշինությանն աջակցելը։ Շփվելով բանակի հետ, հասկացանք, որ բանակի հիմքը, բանակի կորիզը բանակաշինության դժվարին լուծը իրենց ուսերին առած, օրուգիշեր տքնաջան աշխատող նվիրյալներն են, որոնք սիրում են հայրենիքը, սիրում են զինվորին, զինվորի կողքին են։ Նրանք են կռում բանակի մարտունակությունն ու երաշխավորում մեր ժողովրդի անվտանգ կեցությունը։ Մենք սկսեցինք համագործակցել բանակի ղեկավարության ու սպաների հետ, այն մարդկանց հետ, որոնք մեր համախոհներն են, ունեն նույն հոգսերն ու նպատակները, նույն գաղափարներն ու արժեքները։ Բանակը մեր պետության, մեր հայրենիքի, մեր ազգի ամենակարեւոր արժեքն է։ Նա, ով բանակի բարեկամը չէ, ազգի ու հայրենիքի թշնամին է։ Ես ուրախ եմ, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շահագրգռված է, որ վեր հանվեն բանակում առկա բոլոր թերությունները, որ ոչինչ չքողարկվի։ Նախարարը քաջություն ունեցավ աշխատելու բաց, թափանցիկ։ Նա չվախեցավ հասարակական կարծիքից, չգնաց բացթողումներն ու թերությունները լղոզելու, հասարակության աչքին թոզ փչելու ճանապարհով։ Վեր բարձրացավ պատեհապաշտությունից, անձնական հավակնություններից ու մտածեց բանակի վաղվա օրվա՝ ասել է թե՝ երկրի ապագայի մասին։ Կարող է տպավորություն ստեղծվել, որ բանակում խնդիրները շատացել են…
-Այո՛, կա նման տպավորություն… Այսօր ավելի շատ են խոսում բանակի թերությունների մասին, հասարակությունը սեւեռված է բանակի խնդիրների վրա։
-Պարզապես պաշտպանության նախարարը բանակը բացեց հասարակության առաջ, բանակի թերությունները ի ցույց դրեց, համերաշխության, բանակի թերությունների դեմ միասնաբար պայքարելու կոչ արեց բոլորին։ Այսօր պաշտպանության նախարարը շատ մոտ է հասարակությանը, շատ մոտ է զինվորին։ Նա դժվար, բայց ճիշտ ճանապարհ է ընտրել։ Անձամբ ես հավատում եմ մեր նախարարի կերպարին ու գործին, վստահ եմ, որ շատ շուտով բանակում դրական տեղաշարժերը լինելու են հիմնավոր ու էական։
-Տիկին Մարգարիտա, որքանո՞վ է արդյունավետ Ձեր աշխատանքը։
-2010-ի ընթացքում մեզ ուղղված մոտ 700 դիմում-բողոք ստացել է դրական լուծում, բավարարվել է զինվորի պահանջը, զինվորի ծնողը իր տուն է գնացել ուրախ, հուսավառ, բանակի հանդեպ հավատով լցված։ Մենք այցելություններ ենք կատարել Հայաստանի եւ պաշտպանության բանակի գրեթե բոլոր զորամասերում, ծանոթացել ենք պայմաններին, առկա խնդիրներին, հոգսերին, սեփական աչքերով տեսել ենք ձեռքբերումներն ու բացթողումները, խոսել ենք զինվորի ու սպայի հետ։ Ոչ մի խնդիր, ոչ մի թերություն աչքաթող չի արվել։ Վեր են հանվել բոլոր կնճռոտ հարցերը, կազմվել են զեկույցներ նախարարին կամ համապատասխան վարչության պետերին։ Խնդիրների որոշ մասը լուծվել է տեղում։
-Ինչի՞ց են բողոքում զինվորների ծնողները, ի՞նչն է ավելի շատ հուզում նրանց։
-Որոշ զորամասերում չի պահպանվում զինվորներին արձակուրդի տրման գրաֆիկը։ Ծնողները բողոքում են, որ իրենց որդին ծառայել է բարեխղճորեն, պարտաճանաչ, չի ստացել ոչ մի տույժ, սակայն չի արժանացել որպես խրախուսանք տրվող արձակուրդին։ Մեր միջամտությունից հետո արդարությունը վերականգնվում է։ Ծնողները մտահոգված են իրենց որդիների առողջական վիճակով։ Խնդրում են հոսպիտալացնել զինվորին՝ պնդելով, որ զորամասի պայմաններում հիվանդությունը անհնար է բուժել։ Նշանակվում է լրացուցիչ բուժզննում, եւ զինվորին տրվում է համապատասխան բուժօգնություն։
Կան դիմում-բողոքներ, որոնք վերաբերում են միջանձնային հարաբերություններին։ Եթե նախկինում ծնողը բողոքում էր մարմնական վնասվածքից, ապա այսօր բողոքում են նույնիսկ սպայի անհարգալից վերաբերմունքից։
-Ի՞նչ վրիպումներ ու բացթողումներ են հանդիպում զորամասերում, ի՞նչ թերություններ են բացահայտվել։
-Դանդաղ են ընթանում վերանորոգման աշխատանքները։ Մի քանի ծայրամասային օղակներում բուժկետերը ապահովված չեն համապատասխան մասնագետներով։ Որոշ զորամասերում մթերքը չի պահպանվում պատշաճ ձեւով, ինչն ազդում է սննդի որակի վրա։ Այդ ամենով հանդերձ՝ բանակի թիվ 1 խնդիրը մարդկային հարաբերությունների բարոյականությունն է։ Մեզ պակասում է հանդուրժողականությունն ու բարյացակամությունը։
-Գուցե անհրաժեշտ է օրինախախտներին ավելի խիստ պատժել, չնայել, թե ինչ ներդրում ունեն Արցախյան պատերազմում, կամ ինչ ճանապարհ են անցել։
-Անհրաժեշտ է իրավական գնահատական տալ բոլոր իրավախախտումներին՝ անկախ դրանց վտանգավորության աստիճանից ու բարդությունից՝ լիովին վերացնելով անպատժելիության մթնոլորտը։ Ես շատ եմ կարեւորում պայքարը հովանավորչության դեմ։ Նախարարների, պատգամավորների, բիզնեսմենների զավակները պետք է գան բանակ եւ ծառայեն ոչ թե քաղաքամերձ զորամասերում եւ ամենաարտոնյալ պայմաններում, այլ պետք է գնան առաջնագիծ եւ բանվորի, վարորդի, ռանչպարի որդու հետ սահման պահեն։
-Տիկին Մարգարիտա, վարձատրված լինելու ցանկությունը մարդկային է…
-Նկարը, որը կախված է իմ գլխավերեւում, զինվորներից մեկի ձեռքի գործն է, վրան մակագրություն կա. «Շնորհակալություն, որ Դուք կաք»։ Այս խոսքերն ինձ ուժ կտան մի քանի տարի։ Ու վստահ եմ, որ նման խոսքեր էլի կլսեմ։ Իմ տունը յուրատեսակ թանգարան է՝ զինվորների նվերներով՝ սկսած երկտողից մինչեւ փայտից պատրաստված խաչեր։ Գիտեք՝ քանի զինվոր է ինձ ասել՝ Դուք իմ երկրորդ մայրն եք։ Ավելի մե՞ծ վարձատրություն եք ուզում…
-Տիկին Մարգարիտա, շնորհավորում եմ Ձեզ Կանանց տոնի կապակցությամբ, մաղթում եմ առողջություն, ուժ, եռանդ, որ շարունակեք օգնել զինվորին։ Թող իրականանան Ձեր բոլոր երազանքները։
-Շնորհակալ եմ։ Ես էլ շնորհավորում եմ բոլոր զինծառայող կանանց, զինվորների մայրերին, գեներալների, սպաների ու ենթասպաների կանանց, մաղթում եմ, որ նրանք լինեն հաջողակ, երջանիկ, օգնեն տղամարդկանց՝ կառուցելու այն երկիրը, որտեղ կուզենայինք ապրել բոլորս։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #08 (873) 02.03.2011 – 09.03.2011, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


10/03/2011