Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆՉ Է ԳՐԵԼ «ԶԻՆՎՈՐ» ԹԵՐԹՆ ԻՐ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՐՈՒՄ



ԲԱՆԱԿԸ` ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐ

«Բանակն է ապահովելու հանրապետության անվտանգությունը, վճռելու պատերազմի ելքը, կերտելու հայոց հաղթարշավը եւ որոշելու խաղաղության օրը»:

ԶԻՆԱԿՈՉԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ԵՆ

«Երեւանի Արաբկիր շրջանի զինկոմ գնդապետ Մուսայելյանը ծնողների «հնարամտության» բազմաթիվ դրսեւորումներ ներկայացրեց` սկսած սիրասուն զավակին գրանցումից հանելուց, վերջացրած նրա ողբերգական հաշմանդամությունը եւ մոտալուտ համբարձումը փաստող թղթեր ճարելը (սատանան ասում է` թող ձեր ասածը լինի): Գործը հեշտանում է նրանով, որ կենտրոնական զինվորական բժշկական հանձնաժողովը դեռ չի գործում, գոյություն ունեցող հոսպիտալները Հայաստանի սեփականությունը չեն, իսկ մի՞թե դժվար է «Երեւանի սրտում» ապրող ապահով ընտանիքների կերած-խմած բալիկներին «կարեկցող» բժիշկ կամ պաշտոնյա ճարելը: Նայում եմ քրեական պատասխանատվության ենթակա 17 արաբկիրցիների ցուցակը. մեծ մասամբ 21-24 տարեկան հայազգի տղաներ են: Հուսով եմ, որ պետությունը նրանց «համոզելու» ազդեցիկ միջոցների կդիմի, բայց տասնապատիկ մեղավոր են Հայրենիքի առաջ նրանք, ովքեր իրենց բթամտությունից կամ սեփական գրպանի հանդեպ անասնական սիրուց դրդված` սատարում, խրախուսում են դասալքությունը՝ իրենք ստվերում մնալով: Մինչեւ բանակից խուսափողներին աջակցողների հանդեպ պատժիչ միջոցներ չկիրառվեն, մինչեւ հայ տղամարդու տեղափոխումները 18 տարեկանից մինչեւ հաշվառումից դուրս գալը չվերահսկվի զինկոմիսարիատների կողմից, մենք ազգային լիարժեք բանակ չենք ունենա»:

ՀԱՅ ԵՐԿԻՐԸ ՆՄԱՆ Է ՀԱՅ ԼԵԶՈՒԻՆ, ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՈՉ ՄԻ ՕՏԱՐ ՏԱՐՐ

Կոստան Զարեան, հատուածներ
«ՆԱՎԸ ԼԵՌԱՆ ՎՐԱՅ» վէպից

«Հայի սրտում երկիրը, հայրենիքը միայն անուշ յիշատակ չէ` այլ արիւնի հետ շրջող մի ոգեղենութիւն, առանց որի` աշխատանք, հարստութիւն, դիրք եւ փառք դառնում են անիմաստ: Ամէն անգամ, որ ես հեռուներում մի քիչ կեանք եմ վայելում, մի յաջողութիւն եմ ձեռք բերում, ինչպէս ասեմ, ինձ էնպես է թւում, որ մի բանով զրկում եմ, վիրաւորում մէջս ապրող էդ երկրի ոգին»:

ԳԱՅԼԵՐ ՉԵՆ ԾՆՎՈՒՄ

«Լեռնային Ղարաբաղում նրան անվանում են «Միայնակ գայլ»: Դա չափազանցություն չէ: Նա իրոք ոչ մեկին չի ենթարկվում, կռվում է իր համար, ինքն է ընտրում իր մարտական մեքենայի (որն առգրավել է ադրբեջանցիներից) անձնակազմը: Բազա է գալիս միայն վառելիքի եւ զինամթերքի հետեւից: Մարտի ամենածանր պահին նա հաճախ հայտնվում է ամենաանսպասելի տեղերից ու հակառակորդին գրոհում հանդուգն խիզախությամբ: Հետեւակի իր մարտական մեքենայով նա արդեն ոչնչացրել է տասից ավելի տանկ: Մի քանի անգամ այրվել է: Նրա առաջին անձնակազմը գրեթե լրիվ ոչնչացվել է: Իրոք, ինչով է տարբերվում Չաք Նորիսի համանուն հերոսից: Պատմում է Միայնակ գայլը.
-Խաչի համար եմ կռվում,-ասաց Մերձդնեստրից ժամանած մի կազակ:-Մեզ մոտ արդեն տխուր էր, այդ պատճառով էլ եկա այստեղ: Իսկ ի՞նչ անեի, գնայի գործարա՞ն, կանգնեի հաստոցի մո՞տ: Ամբողջ կյանքում երազեցի Աֆղանստան ընկնել: Այնտեղ չստացվեց, գոնե այստեղ կմնամ»…

Խորագիր՝ #33 (1000) 22.08.2013 – 28.08.2013, Պատմության էջերից


22/08/2013