ՏԱՏԻԿԻ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԸ
Կիրակի առավոտյան անսովոր հարայ հրոցից զարթնեցինք։ Մեկը մյուսին ձայն տալով՝ կանչում էր լողափ։ Տեսնես ի՞նչ արտառոց բան է պատահել, որ այսպիսի աղմուկ են բարձրացրել։ Երբ հասանք լողափ, որը հանգստյան տնից մի հարյուր մետրի վրա էր գտնվում, տեսանք՝ համակարգչային բաժնի զինվորներից Արմեն Այվազյանը ինչ-որ բան է լճից քաշելով հանում: Մի մեծ խճճված ցանց՝ մեջն էլ լիքը խեցգետին։
-Այ քեզ հաջողություն,- բացականչեցին այս ու այն կողմից խեցգետնի սիրահարները, նրանց շարքում նաև ես։ ՈՒմ մտքով կանցներ, որ խեցգետինն իր ոտքով կգա մեր դուռը։ Բայց ամենից դժվար գործը առջևում էր` այդքան խեցգետիններն ու խեցգետնիկները պետք է ազատեինք ցանցից, ինչը, պարզվեց, տանջալից աշխատանք է։ Ի պատիվ մեր տղաների, ասեմ, որ նրանք այդ գործից էլ պատվով դուրս եկան։ Մինչդեռ դելիկատես պատրաստելու համար անհրաժեշտ համեմունքներ չունեինք` հատիկավոր սև տաքդեղ, գազար, համեմ, սխտոր, դափնետերև։ Կարիքը դարձյալ մեզ գյուղ՝ մեզ արդեն ծանոթ տատիկի դուռը տարավ։ Պարզվեց՝ մեր տատիկը ոչ միայն հմուտ հացթուխ է, այլև խոհարար։ Ինչ անհրաժեշտ էր, նա տվեց, հետն էլ խեցգետինը եփելու իր առանձնահատուկ բաղադրատոմսը:- Ձեզ բացառության կարգով եմ տալիս, քանի որ զինվորական եք՝ Հայրենիքի պաշտպան։
Տատիկի բաղադրատոմսով էլ եփեցինք։ Չտեսնված նուրբ համ էր ստացվել. անգամ մեր աշխատակիցներից ոմանք, որ խեցգետնի անունը բացարձակապես լսել չէին ուզում, էլ ուր մնաց՝ համտեսեն, ի զարմանս մեզ՝ հմուտ ու փորձառու խեցգետնակերների, ժողովրդի լեզվով ասած՝ մատներն էլ հետը կերան։
-Խեցգետին չուտողներիս տես, – սրամտեց վարորդ Հայկը։ Բոլորս մի լավ ծիծաղեցինք։
Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Խորագիր՝ #33 (1000) 22.08.2013 – 28.08.2013, Բանակ և հասարակություն