Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ» ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆ



Այո՛, բանակը պիտի ունենար իր թերթը, բանակը պիտի խոսեր ժողովրդի հետ, բանակը պիտի պատմեր իր հաղթանակների մասին եւ պիտի ոգեւորեր ժողովրդին իր նվաճումներով, հայրենիքի սահմանները անառիկ պահելու իր կամքով, պիտի հույս ներշնչեր, որ Հայաստանի վաղվա օրը գալու է ավելի հաստատուն եւ երաշխավորված:

«Հայ զինվորը» մեր հաղթանակած ազգային բանակին արժանի թերթ էր, որովհետեւ մեր բանակի պես խրոխտ է, հայրենասեր, ազգանվեր, իր ակունքին հավատարիմ, իր արմատի ուժն զգացող… «Հայ զինվորը» մեզ շատ է պետք, եւ ես ցանկանում եմ, որ «Հայ զինվորը» տոնի բազում հոբելյաններ, դառնա ուժեղ, ավելի ինքնավստահ խոսի ժողովրդի հետ, ավելի բացեիբաց, ավելի պաթոսով եւ ավելի մեծ մասսայականություն վայելի:

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

«Հայ զինվորի» 1000-րդ համարի լույսընծայումը տոնում ենք հազարապատկված երջանկությամբ, որովհետեւ «Հայ զինվորը» հաղթած, հող ազատագրած բանակի թերթն է, հայրենիքի սահմաններն անառիկ պահող բանակի թերթն է, եւ առիթ ունի հպարտորեն խոսելու ազգային բանակի ձեռքբերումների, նվաճումների մասին: Ոչ միայն պատիվ, այլեւ բախտավորություն է կրել զինվորական լրագրողի բարձր կոչումը, լինել զինվորի ու սպայի կողքին, դառնալ նրանց հաղթանակների ու սխրանքների տարեգիրը, հոգսերի ու խնդիրների, առօրյա մեծ ծրագրերի լուսաբանողը: Շնորհավորում եմ բոլոր զինվորական լրագրողներին հրաշալի տոնի առթիվ, շնորհավորում եմ «Հայ զինվորի» ամբողջ անձնակազմին, շնորհավորում եմ ազգային բանակին իր թերթի 20-ամյակի կապակցությամբ: Թող այսուհետ եւ ընդմիշտ «Հայ զինվորը» դառնա ազգային բանակի փառահեղ հաղթանակների վավերագրողը:

ՌՈՒԲԵՆ ՄԱԹԵՒՈՍՅԱՆ

Պաշտպանության նախարարության պաշտոնաթերթը բանակաշինության կարեւոր օղակներից է եւ շատ մեծ գործ է կատարում: Բանակի առօրյան լուսաբանելու, բանակը հասարակության համար ճանաչելի դարձնելու, բանակի մասին օբյեկտիվ տեղեկատվություն տարածելու, միեւնույն ժամանակ բանակի բարոյախոսությունը քարոզելու թերթի առաքելությունը կարեւոր էր ոչ միայն բանակաշինության սկզբնական փուլում, այլեւ այսօր, երբ բանակը պիտի պատրաստ լինի ընդունելու ցանկացած մարտահրավեր եւ դիմակայելու դրանց: Այսինքն՝ բանակն այսօր ավելի քան երբեւէ ուժեղ լինելու խնդիր ունի: Ըստ իս՝ այդ ուժը առաջին հերթին բանակ-հասարակություն միասնության մեջ է, ուստի թերթի ամենամեծ առաքելությունը այն է, որ հարգի օբյեկտիվ տեղեկություն ստանալու հասարակության իրավունքը եւ հանդգնի ազնվորեն խոսելու նաեւ բանակի թերությունների մասին՝ դրանք միասնական ջանքերով շտկելու բարի մտադրությամբ: Ես հանգամանքների բերումով միշտ եղել եմ բանակի կողքին, սկսած այն ժամանակահատվածից, երբ որդիս մարտնչում էր Արցախյան պատերազմում, մինչ այսօր, երբ թոռս՝ կրտսեր Ռազմիկ Դավոյանը, զինվորացել է եւ ծառայում է հայրենիքին: Այս ընթացքում առիթ եմ ունեցել պարբերաբար ծանոթանալու նաեւ «Հայ զինվոր» թերթին եւ ուրախությամբ պիտի ասեմ՝ «Հայ զինվորը» ինտելեկտուալ եւ գաղափարական թերթ է: Նա ունի հստակ ծրագիր, ասելիք ու նպատակ: Մաղթում եմ, որ թերթը է՛լ ավելի սիրվի հասարակության կողմից, լինի վստահելի: Սա է ամենամեծ ցանկությունս հոբելյանի առիթով:

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

«Հայ զինվորը» այն եզակի թերթերից է, որը չի բամբասում, չի զրպարտում, սենսացիա չի փնտրում: «Հայ զինվորը» ազգային թերթ է, որովհետեւ նրա քարոզած գաղափարներն ազգաշահ են եւ հայրենաշեն: «Հայ զինվորը» կիրթ, մտավորական թերթ է, բարի թերթ է, սեր, հանդուրժողականություն, մարդկային առաքինություններ քարոզող թերթ է: «Հայ զինվորը» հզոր թերթ է եւ հզորացնող թերթ է: «Հայ զինվորը» ոգի ունեցող եւ ոգեշնչող թերթ է: Շնորհավորում եմ Հայոց բանակին եւ թերթի աշխատակիցներին «Հայ զինվորի» քսանամյակի եւ 1000-րդ համարի լույսընծայման կապակցությամբ: Թող թերթի ճանապարհը լինի անվախճան: Ես շատ եմ ուզում, որ «Հայ զինվորը» է՛լ ավելի մեծ լսարան ունենա, որ «Հայ զինվորի» քարոզած գաղափարները լինեն պահանջված մեր հասարակության մեջ: Մաղթում եմ, որ «Հայ զինվորը» կատարի հզոր ու բարի բանակ, առողջ ու ամուր հասարակություն ձեւավորելու իր առաքելությունը:

ԿԱՐԵՆ ՋԱՆԻԲԵԿՅԱՆ

***

Արդեն մի քանի ամիս է` գործում է «Հայ զինվոր» թերթի ֆեյսբուքյան պաշտոնական էջը: Այս ընթացքում մենք ձեռք բերեցինք հազարավոր նոր ընթերցողներ, որոնք հետեւում են մեր գործունեությանը, ընթերցում եւ քննարկում են նյութերը, հիացական մեկնաբանություններ են գրում զինվորների լուսանկարների տակ: Բանակային առօրյայով հետաքրքրվող մեր քաղաքացիների համար այն դարձել է հաճելի անկյուն: Մեր վիրտուալ ընթերցողները եւս շնորհավորեցին մեզ թերթի հոբելյանական` 1000-րդ համարի լույսընծայման կապակցությամբ:

Պարբերաբար հետևում եմ «Հայ զինվոր»-ի հրապարակումներին: Շնորհակալություն թերթի խմբագրակազմին, աշխատակիցներին, բոլոր այն մարդկանց, ովքեր եռանդով ու ջանասիրությամբ հայ հասարակությանը մատչելի են դարձնում բանակային կյանքը, զինվորի բարոյահոգեբանական պատրաստությունը, հայոց բանակի առջև ծառացած մարտահրավերները, աշխարհաքաղաքական, տարածաշրջանային զարգացումները: «Հայ զինվորին» մաղթում եմ անխափան գործունեություն: Միևնույն ժամանակ, խնդրում եմ, որ նորանոր Քարվաճառների ազատագրումներ ավետի… նորանոր հաղթանակներով վերածնվի…

Անի Հակոբյան

Ողջունում եմ սիրելի «Հայ զինվոր»-ին, ցանկանում եմ խորին հարգանքս ու շնորհակալությունս հայտնել թերթի խմբագրին ու աշխատակիցներին զինվորական առօրյան օբյեկտիվորեն ներկայացնելու համար: Զինվորական մասնագիտություն չունեցող քաղաքացիներիս համար թերթն իսկական հայտնություն է, որ անկողմնակալ ներկայացնում եւ մեկնաբանում է իրադարձությունները` լիարժեքորեն, առանց տեսակետներ պարտադրելու, առանց սադրանքների և խուճապ առաջացնելու: Հատուկ շնորհակալություն հայրենասիրական և հայ հերոսական անցյալը ներկայացնող նյութերի համար:

Նաիրա Գասպարյան

Որպես «Հայ զինվորի» մշտական ընթերցող և նախկին զինծառայող, շատ եմ կարևորում թերթի գոյությունը: Այն ահռելի աշխատանք է կատարում մեր բանակում տեղ գտած թերությունները, զինվորների առօրյան լուսաբանելու համար: Ճիշտ է, «Հայ զինվորը» պաշտոնաթերթ է, սակայն պրոֆեսիոնալ լրագրողների ու խմբագրի շնորհիվ կարողանում է իր հրապարակումներով ընթերցողին ապացուցել, որ թերթը ոչ միայն և ոչ այնքան ներկայացնում է պաշտպանական գերատեսչության տեսանկյունը, որքան մեր բանակը, մեր զինվորներին, նրանց դժվարին ու պատասխանատու, փորձություններով լի, բայց և սուրբ պարտականությունը` ծառայությունը հայրենիքին: Առիթից օգտվելով, շնորհավորում եմ թերթի ողջ անձնակազմին «Հայ զինվորի» 1000-րդ հոբելյանական համարի լույս տեսնելու կապակցությամբ: Ամենայն բարիք և հաջողություն ձեզ:

Սմբատ Ղահրամանյան

«Հայ զինվոր» թերթը հանրապետության ամենակայացած թերթերից է: Ինչու եմ այդպես կարծում, քանի որ այն, ըստ երևույթին, միակ թերթն է, որ իր գոյության տարիների ընթացքում ձեռք է բերել բազմահազարանոց ընթերցողների կայուն լսարան:

Թերթն ունի ընդգծված ուղղվածություն, հստակ դիմագիծ, անփոփոխ գործելաոճ:

Ամեն շաբաթ բազմաթիվ մարդիկ անհամբեր սպասում են «Հայ զինվորի» նոր համարի լույսընծայմանը, որպեսզի տեղեկանան պաշտպանական ոլորտի իրադարձություններին, զորամասային անցուդարձին: Բավականին հաճելի է ամեն անգամ թերթի էջերում կարդալ հայ զինվորականի, զինվորի մասին, սա բացառիկ հնարավորություն է տեսնելու և ճանաչելու մերօրյա պաշտպաններին:

Ցանկանում եմ նորանոր մտահղացումներ, եւ որ ձեռք բերածով չբավարարվեք, ձգտեք է՛լ ավելի լայնացնել ընթերցողների շրջանակը:

Հրաչյա Պետրոսյանց

Ինձ համար արդեն հարազատ դարձած, սիրելի «Հայ զինվոր», հպարտությամբ ու ջերմությամբ եմ շարադրում սրտիս խոսքը… Հայոց բանակի հերոսական էջերի տարեգիրը դարձած, հաղթանակի հետ ծնված, հաղթանակներ ավետող բարեկամ, ի սրտե շնորհավորում եմ հոբելյանական 1000-րդ համարի լույսընծայման կապակցությամբ: Ինձ բախտ է վիճակվել հնարավորինս մոտիկից ճանաչել բանակը, զինվորին, սպային, անվերապահորեն սիրել ու գնահատել: Զգալ խրամատում կանգնած զինվորի հետ խոսելու բերկրանքը, կիսել նրա հպարտությունը, քանի որ լավագույնս գիտակցում եմ գործի լրջությունն ու պատասխանատվության ահռելի չափը: Շնորհավորում եմ խմբագրակազմին` մաղթելով բազում հաջողություններ… Թող թերթի հետագա ուղին ևս անկասելի լինի` լի բազում հաղթանակներով: Թող այսուհետ ևս հրապարակումների հերոսները հասարակությանը ճանաչելի դարձնեն հայ զինվորի ու սպայի բարձր նկարագիրը:
Հասմիկ Գյոզալյան

Շատ ուրախալի է, որ ներկայիս իրականության մեջ, երբ դժվար է տարբերել իսկությունը կեղծիքից, գոյություն ունի մի լրատվամիջոց, որի շնորհիվ կարելի է հավաստի եւ բովանդակալից տեղեկություններ ստանալ ոչ միայն մեր այսօրվա կայացած բանակի, այլեւ հենց այդ բանակի կազմավորման եւ հզորացման համար իրենց կյանքը վտանգած եւ զոհաբերած հայորդիների մասին: Մեծ հետաքրքրությամբ եմ կարդում զորամասերի, սպայական կազմի, Հայոց Բանակում իրենց ծառայությամբ աչքի ընկնող զինվորների մասին հրապարակումները: Շնորհավորում եմ 1000-րդ համարի տպագրության կապակցությամբ, մաղթում եմ անխափան գործունեություն, լավ նորություններով եւ պատմություններով լեցուն էջեր:

Նարի Հէրացի

Շնորհակալություն եմ հայտնում թերթի խմբագրությանը` գրագետ հայերենով, հետաքրքիր բովանդակությամբ հեղինակային նյութերի համար։ Գնահատում եմ նաև, որ հոդվածները զերծ են ավելորդ պաթոսից, ոչ մի արժեք չունեցող ամպագոռգոռ արտահայտություններից։ Ցանկանում եմ, որ ձեր սոցցանցային էջերն ավելի ակտիվանան, հարստանան լուսանկարներով ու տեսանյութերով, որպեսզի հասարակ հայ մարդն իրեն ավելի մոտ զգա բանակին։

Անի Մարգարյան

Պատրաստեցին Գ. ՊՈՂՈՍՅԱՆԸ եւ Շ. ՍՏԵՓԱՆՅԱՆԸ

Խորագիր՝ #33 (1000) 22.08.2013 – 28.08.2013, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


22/08/2013