ՀԱԿԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՒ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
ՀՐԹԻՌՆԵՐԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԿԱՆԽԵԼ
1961թ. մարտի 4-ին խորհրդային փորձնական «A» համալիրի «B-1000» հրթիռը Սարի-Շահան հրաձգարանում փորձարկման ժամանակ 25 կմ բարձրության վրա խոցեց «Հ-12» բալիստիկ հրթիռի մարտագլխիկը: ԽՍՀՄ-ը ցնծության մեջ էր: Իհարկե, մինչ օրս քչերը գիտեն, որ այդ ժամանակ գերհզոր տերությունները մի կողմից զարգացնում էին հրթիռային հարձակողական միջոցները, մյուս կողմից փորձում էին գտնել հրթիռային «հակաթույն»: (Խորհրդային այդ հաջողությունից առաջ` 1959թ. հոկտեմբերի 13-ին, ամերիկյան «B-47» ռմբակոծիչից արձակված հրթիռը մերձավոր տիեզերքում բավականին մոտ անցավ «Explorer-6» արբանյակից: Հրթիռն առանց մարտական մասի էր, որպեսզի իրականում չխոցի):
Տիեզերքում և այլ բարձրությունների վրա հրթիռների խոցման համար բազմատեսակ` մեկը մյուսից հավակնոտ նախագծեր էին մշակվում: Օվկիանոսի տարբեր կողմերում աշխատում էին ամենաբացառիկ մասնագետները: 1972թ., երբ համընդհանուր հակահրթիռային վահանի ստեղծման փորձերը տանում էին հրթիռային նոր մրցավազքի, երկու գերտերությունները, ի վերջո, պայմանավորվեցին դադարեցնելու այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները, քանի որ իրականացվող ծախսերը հյուծիչ էին եւ բացասաբար էին անդրադառնում տնտեսության մյուս կարեւոր ճյուղերի վրա: Այստեղ կար նաև այլ գործոն, այն ժամանակ եղած համալիրները այդ խնդիրը այնքան էլ հեշտությամբ չէին լուծում: Այսինքն` իրականացվող աշխատանքները մի տեսակ նաև անիմաստ էին: Մի քանի «դրվագային» խոցումները դեռ մեծ արդյունք չէին տալիս:
Սառը պատերազմի ավարտից հետո ամերիկյան ղեկավարությունը, ելնելով ինչ-ինչ քաղաքական և ռազմական նկատառումներից և հիմնվելով իրենց տեխնիկական գերազանցության վրա, որոշեց վերադառնալ համընդհանուր հակահրթիռային պաշտպանություն (ՀՀՊ) ստեղծելու գաղափարին: Բնական է, որ այս քայլը կբախվեր մասնավորապես ՌԴ-ի և Չինաստանի հակազդեցությանը: Արդեն մի քանի տարի է, ինչ աշխարհաքաղաքական զարգացումներում որպես հակազդեցություն կարեւոր գործոն է դարձել ամերիկյան համընդհանուր ՀՀՊ-ի հարցը, որը չնայած բազում քննարկումներին, ոչ մի կերպ չի լուծվում:
Մի քանի տարիների ընթացքում ամերիկյան նորագույն և կատարելագործված «GBI», «Standard SM-3», «THAAD» և «Patriot PAC 3» ԶՀՀ-երը մի քանի տասնյակ փորձարկումների ընթացքում հասան ցնցող ցուցանիշների: Դրանք կարող են բալիստիկ հրթիռներ խոցել 20-2000 կմ բարձրության և 20-5000 կմ հեռավորության վրա: Ամենազարմանալին նաև այն է, որ թիրախները հիմնականում խոցվում են ուղիղ, կինետիկ հարվածով: Հիմնական համալիրները ծովային «Standard SM-3»-ներն են, որոնք ամենահուսալին են ու ամենավտանգավորը: Նաև այն պատճառով, որ տեղադրված են վերջրյա նավերի վրա: Գոյություն ունեցող բալիստիկ բոլոր հրթիռները կարող են խոցվել այս համալիրներով: Դրանց քանակի ավելացումը, մասնավորապես՝ եվրոպական տարածքներում վերջիններիս տեղադրումը և նավերի քանակը մինչև 100 միավորի հասցնելը կարող է արդեն իսկ ողջ ռուսական հրթիռային զինանոցը խոցելու լուրջ նախադրյալներ ստեղծել: Նույնը վերաբերում է նաև չինական զինանոցին: Նավերի վրա և ցամաքում արդեն կարող են տեղակայված լինել միջին հեռահարության ավելի քան 5000 հակահրթիռներ, ինչը շատ վտանգավոր կդառնա: Եվ եթե հաշվի առնենք, որ պատերազմական իրավիճակում ամերիկյան ուժերը կարող են կանխարգելիչ հարված հասցնել և կանխավ ոչնչացնել հակառակորդի բալիստիկ հրթիռների զգալի մասը, ապա պարզ է դառնում, որ նման քանակությունն ավելի քան բավարար է` հրթիռների արձակված հիմնական քանակը խոցելու համար:
Ամերիկյան հակահրթիռային վահանի քննադատները դեռ առաջին օրվանից հիմնական շեշտադրումը կատարում էին այն հանգամանքի վրա, որ նման համակարգը չի կարող խոցել միաժամանակ արձակված բազմաթիվ հրթիռները: Դա իհարկե վիճելի հարց է, սակայն նման մտավախություն ամեն դեպքում կար: Փորձենք առանց բարդ բանաձևերի հասկանալ, թե որքանով է այդ ենթադրությունը մոտ իրականությանը: Նախ և առաջ ներկայացնենք հակահրթիռային առաջին մարտական մենամարտը:
1991թ. կայացավ «Patriot» ԶՀՀ-ի և «Scud-B» բալիստիկ օպերատիվ-մարտավարական հրթիռների մենամարտը, որը պատմության մեջ առաջին նման մենամարտն էր, որի ժամանակ տարբեր տվյալներով արձակվել է 91-98 «Scud-B» հրթիռ կամ դրանց իրաքյան` «Al-Hussein», «Al-Abbas» տարբերակները: Որոշ տվյալներով, արձակվածներից խոցվել է ընդամենը 35-50%-ը: Մինչ օրս փորձ է արվում ներկայացնելու, որ փաստորեն այդքան էլ կազմում էր խոցող համալիրների արդյունավետությունը: Եվ, քանի որ հրթիռներն անհուսալի էին և հաճախ առանց որևէ միջամտության տեղ չէին հասնում, դժվար է ասել, թե իրականում «Patriot»-ը քանիսին է խոցել կամ փորձել խոցել: Տարբեր աղբյուրներում նշվում է, որ յուրաքանչյուր «Scud-B»-ի վրա արձակվել է մինչև մի քանի տասնյակ «MIM-104» հրթիռ, ինչը թերեւս անհնարին բան չէ, սակայն կարող է նաև չափազանցություն լինել: Նախ` ԶՀՀ-ը շատ կարճ ժամանակ ունի դրանք խոցելու համար, իսկ նույն հրթիռի վրա արձակելու առավելագույն հնարավորությունը մեկ համալիրի դեպքում կազմում է 3 հրթիռ:
ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ռազմական փորձագետ