Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԱՌԱՅԻՆ ՎԱՐԱԿՆԵՐ



Ամռանը, որպես կանոն, ակտիվանում են աղիքային վարակները` դիզենտերիան, որովայնային տիֆը, խոլերան, ստաֆիլոկոկային վարակները եւ այլն: Աղիքային վարակների աղբյուր են վարակակիրները, տարածվում է կեղտա-բերանային (ֆեկալ-օրալ) ճանապարհով: Աղիքային վարակի պատճառ կարող են դառնալ նաեւ մի շարք այլ մանրէներ եւ վիրուսներ:

ԽՈԼԵՐԱ

Սուր վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է բարակ աղու տոքսիկ ախտահարմամբ, ջրաէլեկտրոլիտային փոխանակության խանգարմամբ, արյան խտացմամբ, հիպովոլեմիկ շոկի առաջացմամբ, լյարդի և երիկամների ֆունկցիայի խանգարմամբ:

Էպիդեմիոլոգիա – Խոլերան անտրոպոնոզ հիվանդություն է: Վարակի աղբյուրը մարդն է և վիբրիոնակիրը: Առավել հաճախ տարածված վիբրիոնը կոչվում է Էլ-Տոր, որը առաջացնում է խոլերայի ջնջված ձևերը, կայուն է արտաքին միջավայրի նկատմամբ (լինում է հողում):

Փոխանցման ուղին ստամոքսա-աղիքային համակարգն է, վարակված ջուրը և սնունդը (միրգ, բանջարեղեն, կաթ): Արտաքին միջավայրում նրանք ապրում են 3-5 օր, արևի ճառագայթների ներքո ոչնչանում են 8 ժամ անց: Երկարատև ապրում են կոյուղիներում, որտեղ կուտակվում են կոյուղաջրերը:

Էթիոլոգիա – Հարուցիչը (Vibriocholera) ջերմակայուն է, զգայուն թթուների նկատմամբ, ոչնչանում է ախտահանող նյութերի առկայությամբ:

Վարակի մուտքը – ստամոքսաաղիքային համակարգ: Երբեմն ոչնչանում են ստամոքսում աղաթթվի ազդեցությամբ: Հիվանդությունը զարգանում է այն ժամանակ, երբ նրանք հաղթահարում են ստամոքսային շեմը և հասնում են բարակ աղիներ, որտեղ սկսում են ինտենսիվ բազմանալ և արտադրել էկզոտոքսին:

Կլինիկա – վարակման շրջանը մի քանի ժամից 5 օր (հաճախ 2-3 օր): Ըստ կլինիկայի տարբերվում են ջնջված, թեթև, միջին, ծանր և շատ ծանր ձևերը: Տարբերվում են ջրազրկման առաջին աստիճան` 1-3 տոկոս, 2-րդ աստիճան` 4-6 տոկոս, 3-րդ աստիճան` 7-9 տոկոս, 4-րդ աստիճան` 9 տոկոսից բարձր: Հիվանդները նշում են լուծ, վքնածություն, ցավ որովայնում, տենդ գրեթե չի լինում: Լուծը սկզբում լինում է կղանքային մասսայի առկայությամբ, հետո ջրային բնույթի լողացող թեփուկների առկայությամբ, երբեմն կղանքը ունենում է դեղնաշագանակագույն կամ կարմիր երանգավորում: Հիվանդները ագրեսիվ են, նկատվում է անզուսպ փսխում, ծարավի անհագ զգացում: Լուծը 10 և ավելի անգամ, անուրիա, ցնցումներ (ջրազրկման հետևանքով), ձայնը խռպոտ, դեմքը` սրված դիմագծերով, շրթունքների և ականջների ցիանոզ, աֆոնիա, մարմնի ջերմաստիճանը իջած:

Բարդություններ – Սուր երիկամային անբավարարություն, թոքերի այտուց:

Կանխարգելում և միջոցառումներ օջախում.

Միջոցառումների համալիրը իրականացվում է պաշտոնական փաստաթղթերի հիման վրա.
-կարանտինի սահմանում,
– ջրամատակարարման ուղիների սանիտարահիգիենիկ միջոցառումներ և ջրի աղբյուրի հսկողություն,
– կասկածելի հիվանդների շտապ հոսպիտալիզացիա և կղանքի բակտերիոլոգիական քննություն` հարուցչի հայտնաբերման համար,
– օջախում գտնվողները ենթարկվում են մեկուսացման ռեժիմի 5-օրյա ժամանակով, կղանքի բակտերիոլոգիական քննությամբ,
– պայքար ճանճերի դեմ:

Պրոֆիլակտիկ բուժում.
-Ընթացիկ և վերջնական ախտահանում:
-Դիսպանսեր հսկողության ժամկետը որոշվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված հրամանի համաձայն:
-Պրոֆիլակտիկ և սանհիգիենիկ միջոցառումները իրականացվում են տարվա ընթացքում, խոլերայի լիկվիդացիայից հետո (մեկ տարի ժամկետով):
-կանխարգելիչ պատվաստումներ հակախոլերային վակցինայով, համաճարակաբանական ցուցումներով:
Ռեվակցինացիան կատարում են համաճարակաբանական ցուցումներից ելնելով՝ 3 ամիս անց, առաջնային իմունիզացիայից հետո:
-Ամառային եղանակին ստացիոնար ընդունված բոլոր աղիքային վարակները ստուգվում են կղանքի բակտերիոլոգիական քննությամբ` խոլերայի վիբրիոնի վերաբերյալ:

Հիշեք`առողջության հետ կապված խնդիրներ ունենալու դեպքում երբեք մի՛ զբաղվեք ինքնաբուժությամբ, անհապաղ դիմե՛ք բժշկի:

Առո՛ղջ եղեք:

ԱՂԱՎՆԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Բ /ծ մայոր
Կենտրոնական պոլիկլինիկայի պետի
բժշկական գծով տեղակալ

Խորագիր՝ #34 (1001) 29.08.2013 – 4.09.2013, Բանակ և հասարակություն


29/08/2013