ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Պահակային ծառայության մեկ օրինակով եզրափակենք զինվորական ծառայության անվտանգության պահանջները, որոնք բնութագրում են զինվորական ծառայության անվտանգությունը:
Պահակային ծառայությանը նախապատրաստվելիս զինծառայողին անհրաժեշտ է.
-ուսումնասիրել զինվորական ծառայության անվտանգության ընդհանուր պահանջները (ԶՈՒ ՆԾԿ հոդ. 17, հրշեջ- և էլեկտրաանվտանգության պահանջներ),
-ուսումնասիրել զինվորական ծառայության անվտանգության առանձնահատուկ պահանջները (ԶՈՒ կայազորային և պահակային ծառայությունների կանոնագրքի դրույթը՝ ժամապահի անձեռնմխելիության և զենքի կիրառման կարգի մասին, զգոնությունը կորցնելու, ժամապահի և պահակայինի /պահակի/ պարտականությունների կատարման նկատմամբ քմահաճ /արհամարհական/ վերաբերմունքից բխող խախտումների համար քրեական պատասխանատվության, ինչպես նաև ժամապահների վրա հարձակվելու դեպքերի մասին, հավանական գործողությունները ծայրահեղ պայմաններում, մշակել զենքի ճիշտ կիրառումը գործնական պարապմունքներում, ինչպես նաև մարտական պատրաստության պարապմունքներում):
Օրինակ 1. Շարքային Տ.Մաթևոսյանը պահակային ծառայությանը նախապատրաստվելու փուլում չի ուսումնասիրել հավանական վտանգավոր (կյանքի և առողջության համար) իրավիճակները, ինչպես նաև հնարավոր գործողությունների անհրաժեշտությունը: Արդյունքում՝ ջերմաստիճանի կտրուկ նվազման պատճառով, գտնվելով պահակակետում, մրսել է և հիվանդացել: Հետագայում հանվել է պահակային ծառայությունից և ուղարկվել բուժկետ:
2. Պահակային ծառայություն կատարելիս.
ա) պահակայինը պարտավոր է`
– պահպանել զինվորական ծառայության անվտանգության ընդհանուր պահանջները (վնասվածքա-, հրշեջ- և էլեկտրաանվտանգության պահանջները),
– պահպանել զինվորական ծառայության անվտանգության առանձնահատուկ պահանջները (առանց պահակապետի թույլտվության չլքել պահակատունը, պահակատանը պահպանել լռություն և կարգ ու կանոն, հստակ գիտենալ իր գործողությունները` համաձայն մարտական հաշվարկի, պրակտիկ գործողություն մշակելիս կամ կատարելիս պահպանել անվտանգության պահանջները):
բ) ժամապահը պարտավոր է`
– խստորեն պահպանել զինվորական ծառայության անվտանգության ընդհանուր պահանջները (վնասվածքա- և էլեկտրաանվտանգությունը, ծառայությունը կատարել զգոն (առույգ), ոչնչով չհրապուրվել, կարողանալ կիրառել պահակակետում գտնվող հրշեջ (հրդեհաշիջման) միջոցները, հիվանդանալու (վիրավորվելու) դեպքում կանչել պահակադրին կամ պահակապետին),
– խստորեն պահպանել զինվորական ծառայության անվտանգության առանձնահատուկ պահանջները (ստանձնելով հերթապահությունը` ժամապահը պետք է անձամբ զննի և ստուգի այն ամենի առկայությունն ու սարքինությունը, ինչը պետք է պահպանության վերցնել՝ համաձայն պահակակետերի ցուցակի, զգոն լինել ու պաշտպանել իրեն վստահված պահակակետը, ձեռքից բաց չթողնել զենքը և այն ոչ մեկի չտալ: Պահակակետում զենքը կրել լիցքավորված վիճակում և միշտ պատրաստ գործողության, ոչ մեկին թույլ չտալ գտնվելու պահակակետին ավելի մոտ հեռավորության վրա, բացառությամբ պահակապետի, պահակապետի օգնականի, պահակադիրի և այն անձանց, որոնց ուղեկցում են):
Օրինակ 2. Շարքային Ս.Մամունցը վատ է ուսումնասիրել իր գործողությունները՝ համաձայն մարտական հաշվարկի: Արդյունքում՝ պրակտիկ գործողությունների մշակման ընթացքում ուսումնական իրավիճակներից մեկի ժամանակ վազել է այլ ուղղությամբ և բախվել ոչինչ չկասկածող շարքային Ա.Պետրոսյանին: Բախման արդյունքը` շարքային Ա.Պետրոսյանի դեմքի /ծնոտի ու քթի/ վնասվածք:
3.Պահակակետում հերթափոխվելուց հետո զինծառայողը /արդեն պահակային/ պարտավոր է`
– շարունակել կատարել զինվորական ծառայության անվտանգության ընդհանուր պահանջները,
– վերլուծել անվտանգության ընդհանուր և առանձնահատուկ պահանջների կատարումը պահակակետում անցած հերթափոխի ընթացքում, ընդ որում՝ կատարել որոշակի եզրահանգումներ զինվորական ծառայության անձնական անվտանգության մակարդակի հետագա բարձրացման վերաբերյալ:
Զինվորական ծառայության անվտանգության պահանջները մարտական ուսուցման, ամենօրյա գործունեության, ներքին ծառայության և մարտական հերթապահության կազմակերպման ժամանակ նման են պահակային ծառայության անվտանգության վերը ներկայացված պահանջներին:
Պետք է հիշել, որ զորքերի ծառայությունում չկան մանրուքներ: Նկատի ունենալով, որ զորքերի ծառայության կազմակերպման գործընթացը բազմաթիվ կազմակերպական միջոցառումների ամբողջություն է, ուստի դրանցից յուրաքանչյուրի /օրինակ՝ պահակային ծառայությանը/ ձախողումը վտանգում է առաջադրանքի կատարումը և լուրջ սպառնալիքներ ստեղծում զինծառայության անվտանգության ապահովման համար:
Հ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
գնդապետ