Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՍ ՀԱՍԱՐԱԿ ԼՐԱԳՐՈՂ ԵՄ



ՉԷ, ես գիր ծաղկեցնող չեմ, չափազանց հեռու եմ ճարտասանությունից, ինքնագովությունից, սնապարծությունից: Չունեմ վառ երևակայություն, հորինելու, մեկը տասը դարձնելու շնորհք: Մեր ազգը (ցեղը կամ տոհմը) Գառնիի այն վեց ազգերից է, որոնց Գրիբոյեդովն է 1829-30թթ. բերել Պարսկաստանի Մակու քաղաքից: Ու թեև մերոնց մեջ էլ եղել են սրտոտ մարդիկ, որոնք հարկ եղած դեպքում գնացել են կռիվ ու լավ էլ կռվել են, ես նրանց մասին երբեք չեմ խոսում, որովհետև նրանք իրենց պարտքն են կատարել, հետո էլ, թող հողը խաբար չտա, իմ կարճ խելքով, ինչպես նրանք, այնպես էլ շատ շատերը էնքան էլ լավ չեն կռվել, եթե լավ կռված լինեին, մեր կռիվը վաղուց վերջացած կլիներ:

Գյուղում չաշխատող, ավարա մարդիկ քիչ չեն, ու էդ նրանք են, որ փորփրում-քրքրում են այդ վեց ցեղերի պատմությունը ու ինձ հանդիպելիս էլ վրաս «մուննաթ» գալիս.

-Խի՞ Մարտիրոսի մասին չես գրում, Խնկոյի մասին չես գրում… գոնե Սմբատի մասին գրի, ձերն է, գրագետ տղա է եղել, Նիկոլ Աղբալյանի ընկերն է եղել, նրան գյուղ է բերել…

– Տո, ձեր ի՞նչ գործն է, թե ես ինչ եմ գրում, մի կարդացող էլ լինեք…

Չէ, լրիվ սուտ ու կեղծ կլինի, եթե ասեմ, թե իմ հերը կամ իմ պապը երազում էին ազատ, անկախ Հայաստան, ազգային բանակ և այդ բանակի զինվոր տղա կամ թոռ ունենալու մասին: Ո՛չ, հազար անգամ ո՛չ, այդպիսի բան հաստատ չի եղել: Կռվի ժամանակ գնացել, կռվել են, իսկ խաղաղության տարիներին գիշեր-ցերեկ բանել, տուն, ընտանիք, երեխեք են պահել, ու հիմա առանց չափազանցության կարող եմ ասել, որ նրանք աշխարհ էին եկել աշխատելու, հող մշակելու համար, մանավանդ պապս, որ մենակ միջին մեծության գյուղի բնակիչների չափ գործ կաներ: Եվ քանի որ ինձ այնքան էլ չի հետաքրքրում իմ ցեղի հերոսական կամ սովորական անցյալը, երբեք ոչ մի անգամ չեմ հետաքրքրվել ուրիշների արմատների ամրությամբ ու երկարությամբ: Երբեք որևէ զինվորի չեմ հարցրել` պապդ որտեղացի՞ է, փալաբե՞ղ է, թե բեղեր չունի, էրգրի՞ց է, թե էրգրից չէ, քեզ ի՞նչ խորհուրդ տվեց բանակ գնալուց առաջ, կամ էլ՝ արձակուրդ գնացիր, քեզ առաջինն ո՞վ գրկեց, պապդ գրկեց, չէ՞, գրկեց` ի՞նչ ասաց, կամ էլ` դու որ այստեղ ես, թուրք տեսած կաս, չէ՞, որ տեսել ես, ուրեմն նաև խփած կլինես, քանի՞ թուրք խփած կլինես, երևի մի տասը չէ՞…

Ասացի, ես գրող չեմ, հասարակ լրագրող եմ ու վաթսուն-յոթանասունականների հայ գրականությանը բնորոշ կարոտի մոտիվներն ինձ չեն հետաքրքրում: Զինվորական թերթում լրագրող աշխատելն էլ իմ մանկության երազանքներից չէ, այլ միայն պատահականության արդյունք, որի շնորհիվ, ինձ համար, արդեն քսան տարի է, կարևորվում են զինվորը, ջոկը, հաշվարկը, զրահատեխնիկայի անձնակազմը… Եվ ես զորամաս եմ գնում ոչ թե որևէ հետաքրքիր կերպար հայտնաբերելու, այլ առանձին զինվորի և զինվորական ստորաբաժանումների մարտական պատրաստականության աստիճանը ճշտելու, ցույց տալու համար: Ինձ համար (մեր պետության ու ժողովրդի համար) շատ կարևոր է, որ բանակ զորակոչված երիտասարդը, որն արդեն զինվոր է և կրում է «կուրսանտ» կամ «շարքային» պատվավոր կոչումը, կարողանա մինչև զինվորական երդում ընդունելը շարային քայլքի ժամանակ ոտքը բարձրացնել տասնհինգից-քսան սանտիմետր, կատարի տասից ավելի ձգում, իսկ հետո էլ, հրաձգության վարժությունների ժամանակ, թիրախները խոցի պառկած, ծնկած, կանգնած դիրքերից և ընթացքից: Ինձ համար շատ կարևոր է, որ իրենց վստահված զենքերին լիովին տիրապետեն տանկիստները, հրետանավորները, ՀՕՊ հաշվարկներն ու դիվիզիոնները, որ մարտական հենակետերում, դիտակետերում սահմանի պահպանություն կատարողները չխախտեն ծառայական կարգապահությունը, չանտեսեն հրամանատարի ցուցումները: Այո՛, կռվի ժամանակ ոչ մի սպա զինվորից աշխարհագրության քննություն չի ընդունում, բայց ասեմ, որ մեր ժամանակներում զինվորի գիտելիքները կարևոր են, և, ո՞վ գիտե, հնարավոր է՝ մի օր էլ մեր զինվորի սպառազինության մեջ տեղ գտնեն համակարգիչը, գերժամանակակից լսողական ու տեսողական սարքերը: Հենց այդ պատճառով էլ անհրաժեշտ է, որ մարդկային հանրույթներն ուղղեն միմյանց բացթողումները` դպրոցն ուղղի տան ու մանկապարտեզի, համալսարանը` դպրոցի, բանակը` համալսարանի բացթողումը: Տեսնո՞ւմ եք, վերջում ծանրությունն ընկնում է բանակի, այսինքն՝ սպայի վրա, և ստացվում է այնպես, որ նույնացվում են «մարտունակ բանակ» և «բարձրակարգ սպա» հասկացությունները, որովհետև առանց բարեխիղճ ու հարուստ գիտելիքներով օժտված, հրամայելու ընդունակություններ ունեցող սպայի բանակ գնացող տղան չի դառնա այն զինվորը, ինչպիսին մենք նրան ուզում ենք տեսնել:

Բարեբախտաբար, վաղուց մեր բանակում, բոլոր զորամասերում բավական շատ են նման սպաները, ու իմ գործը շատ է թեթևացել: Ասեմ՝ ինչու: Եթե պատերազմի ժամանակ և հաջորդող տարիներին զորամասերում սպաներին լուսանկարելու համար ինքս էի պարզաբանում, թե ինչպես պետք է պարապմունքներ անցկացնեն, ապա վերջին տասնհինգ տարիներին, վաղ առավոտից մինչև ճաշ, որևէ անգործ զինվորի չես տեսնի, ուր էլ գնաս, կհանդիպես կազմակերպված պարապմունքների: Ինձ երբեմն ասում են, թե պարապմունքները, զորավարժությունները լուսաբանելիս շատ եմ մտնում մանրուքների մեջ: Այո՛, ճիշտ է, մանրանում եմ, որովհետև բանակում մանր ու մեծ հասկացողություններ գոյություն չունեն, այդ մանրուքներն են գումարվում ու դառնում մեծ գործեր: Ի վերջո, մանրուքների իմացության հանրագումարից է գոյանում զինծառայողի գնահատականը: Եվ ամենևին էլ պատահական չէ, որ գրեթե չփոփոխվող ծրագիրը բոլոր զինվորներն անցնում են ծառայության չորս ուսումնական փուլերի ընթացքում, կրկնում են, որպեսզի հիշեն ամբողջ կյանքում, ամբողջ կյանքում իրենց զգան հայրենիքի զինվոր, որովհետև շարքային զինվորն է այս երկրի աննահանջ պաշտպանը: Ոչ թե զորք չունեցող առասպելական հերոսներն են իրականություն դարձնելու մեր մեծ երազանքը, այլ Հայաստանի Հանրապետության ազգային բանակի շարքային զինվորներից կազմավորված այն ստորաբաժանումները, որոնց առաջնորդում են նույնքան համեստ ու մասնագիտորեն պատրաստված սպաները: Նման առիթի դեպքում Եղիշե Չարենցը կասեր` հասկացողը կհասկանա:

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Խորագիր՝ #34 (1001) 29.08.2013 – 4.09.2013, Բանակ և հասարակություն


29/08/2013