Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԱՄՈՒՐ ԵՆՔ ԿԱՆԳՆԱԾ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՄԵՐ ՀՈՂԻՆ»



Դպրոցականների եւ վետերանների այցելությունն Արցախ

«Երիտասարդության կամք» երիտասարդական կազմակերպությունը և Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունն օգոստոսի 16-18-ն ընկած ժամանակահատվածում իրականացրին հերթական ռազմահայրենասիրական ծրագիրն Արցախում: Ծրագրին մասնակցում էին Ղարաբաղյան պատերազմի վետերաններ, երիտասարդներ և Արթիկի թիվ 7 ավագ դպրոցի նախազորակոչային տարիքի աշակերտներ: Ծրագրի շրջանակներում մասնակիցներն այցելեցին Դադիվանք, Տիգրանակերտ և Շուշի: Ծանոթացան Արցախ աշխարհին ու նրա անցած փառահեղ ազատագրական պատմությանը: Ազատամարտիկ-վետերանների հետ հարգանքի տուրք մատուցվեց Մարտակերտի և Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիրներում: Այցելեցին Մարտակերտի Փառքի սրահ և Ստեփանակերտի ԼՂՀ զոհված ազատամարտիկների թանգարան և ԼՂՀ անհետ կորած ազատամարտիկների հուշաթանգարան: Եռօրյա ծրագրի ընթացքում նախազորակոչային տարիքի աշակերտները զորամասերից մեկում ծանոթացան և ապրեցին զինվորի առօրյայով ու կենցաղով: Նրանց մասնակցությամբ անցկացվեցին ուսումնական պարապունքներ: Իսկ երիտասարդներն այդ ընթացքում զորամասի ստորաբաժանումների միջև անցկացրին «մտքի խաղ» ինտելեկտուալ և բազկամարտի մրցույթները: Ազատամարտիկներն էլ իրենց հերթին կազմակերպել էին հանդիպում նորակոչիկների հետ: Ծավալված հետաքրքիր ու բովանդակալից զրույցի ընթացքում պատերազմ անցած վետերանները ներկայացրին իրենց անցած ճանապարհն ու յուրաքանչյուր հայորդու հայրենիքի պաշտպանության գործին անձնվեր ծառայելու կարևորությունը: Ղարաբաղյան պատերազմի վետերանները և «Երիտասարդության կամքի» ղեկավարն այցելեցին նաև մարտական հենակետեր, իրենց ներկայությամբ և խորհուրդներով ոգեւորեցին մեր զինվորներին ու ևս մեկ անգամ փաստեցին, որ այսօր էլ իրենց կողքին են ու պատրաստ են իրենց զավակների առջևից գնալու: Տեղում խրախուսվեցին մի շարք սպաներ և զինվորներ` օրինակելի և կարգապահ ծառայության համար:

Եռօրյա ծրագիրն ամփոփվեց հանդիսավոր տողանով, որի ժամանակ կազմակերպությունների մեդալով, պատվոգրերով, շնորհակալագրերով և արժեքավոր նվերներով պարգևատրվեցին հաղթող թիմերը, խրախուսվեցին նաև ծառայության մեջ լավագույնս իրենց դրսևորած սպաներն ու զինվորները:

Ծրագրի նպատակն էր նպաստել երիտասարդության շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակությանը, անկախության սերնդին ներկայացնել Արցախյան պատերազմի փառահեղ հաղթանակն ու նվիրյալ զավակաների կատարած գործը: Ծրագրի ընթացքում զինվորն իր կողքին տեսավ երեք սերունդ` Արցախյան պատերազմի անցած վետերանների, իրենց հասակակից ընկերների ու ապագա հայրենիքի պաշտպանների, որոնք հաստատակամ նշեցին՝ պատրաստ են հայրենանվեր ծառայելու:

Ծրագիրն ամփոփվեց հետևյալ կարգախոսով. «Մենք հերթական անգամ ապացուցում ենք, որ ամուր ենք կանգնած մեր հայրերի ազատագրած և մեր պապերի հողին»:

ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Խորագիր՝ #34 (1001) 29.08.2013 – 4.09.2013, Բանակ և հասարակություն


29/08/2013