Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԻԱՑՐԻՆ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ



Մրցույթների նախնական փուլի արդյունքները հայտնի են

Բանակի մարտունակության բարձրացումը պայմանավորված է ոչ միայն մարտական պատրաստության, պատրաստականության և զինվորական կարգապահության բնագավառներում զորքերի արձանագրած բարձր ցուցանիշներով, այլև իրենց ծառայական պարտականություններին քաջատեղյակ, գերազանց եւ կարգապահ զինծառայողներով: Հրամանատարությունը մշտապես կարևորում է զորամասերում շնորհալի զինվորների համար բարենպաստ պայմանների ստեղծումը, նրանց ստեղծագործական կարողությունների խթանումն ու թաքնված հնարավորությունների բացահայտումը: Վերոնշյալ խնդիրներին անմիջականորեն առնչվում են ինչպես ուրախների և հնարամիտների, գեղարվեստական ստեղծագործության, այնպես էլ զինվոր նկարիչների և քանդակագործների մասնակցությամբ մրցույթ-փառատոները, որոնց կազմակերպմանն ու անցկացմանը նախորդում են զորամիավորումների ընտրական փուլերը:

Օրերս գնդապետ Տ. Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա զորամասերի թիմերի միջև տեղի ունեցավ ուրախների և հնարամիտների, գեղարվեստական ստեղծագործության, նկարիչների և քանդակագործների մրցույթի նախավերջին փուլը, որի հաղթողները կմասնակցեն Համաբանակային մրցույթի եզրափակիչ փուլին:

Խստապահանջ ժյուրիի կազմում ընդգրկված էին ինչպես զորամիավորման վարչակազմը, այնպես էլ Վ.Վաղարշյանի անվան պետական թատրոնի դերասանները, Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի ներկայացուցիչները:

Փոխգնդապետ Ա.Մինասյանի հրամանատարությամբ գործող զորամասի թիմը ՈՒրախների և հնարամիտների մրցույթում հանդես բերեց մեծ ջանասիրություն: Ցուցադրած ելույթներում բացակայում էր միապաղաղությունը: Գերակշռող էին բանակային կյանքին առնչվող սեփական մտահղացմամբ, ինքնատիպ բեմականացումները, որոնց «Շարժիչ ուժն» անշուշտ գնդացրորդ, շարքային Ազատ Անիբալյանն էր, որին էլ հաջողվել էր բոլոր բեմականացումներում մասնակիցների միջև դերերի ճշգրիտ, նպատակային տեղաբաշխում կատարել: Որոշ թեմաներ այնպես նրբորեն էին արծարծված, որ, բացի լիաթոք ծիծաղ պարգևելուց, ուշագրավ էին նաև բանակում նկատվող թերությունները չկրկնելու առումով, իրենց դաստիարակչական նշանակությամբ: Միակ թերությունը թերևս ժամանակի ոչ ճիշտ օգտագործումն էր, որի վերաբերյալ ժյուրիի անդամները մրցույթի ավարտից հետո արեցին իրենց առաջարկությունները:

Գեղարվեստական ստեղծագործության մրցույթում անզիջում էր պայքարը նվագախմբային երաժիշտների՝ շարքային Արթուր Բախշյանի և Ռազմիկ Խաչատրյանի միջև: Այդուհանդերձ, ժողովրդական, հայրենասիրական և գուսանական երգերի կատարման բարձր վարպետությամբ աչքի ընկավ փոխգնդապետ Կ. Սեդրակյանի հրամանատարությամբ գործող մոտոհրաձգային զորամասը ներկայացնող, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի 2 բաժինների գերազանցիկ շրջանավարտ, շարքային Ռ. Խաչատրյանը, որի կատարողական և ձայնային տվյալները, ի զարմանս բոլորի, ոչնչով չէին զիջում արդեն կայացած պրոֆեսիոնալ երգիչների ու երաժիշտների մակարդակին:

ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Խորագիր՝ #34 (1001) 29.08.2013 – 4.09.2013, Ազգային բանակ


29/08/2013