Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԿՐԱՊԱՀԸ ԿԱՄ ՄԵՐ ՀԻՄՔԵՐԻ ՀԻՄՔԸ` ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ…



Ապրում էին` «որսալով» սահմաններում պայթող արկերի պայթյուն ու կրակոց: Հետո մարդիկ քնած կամ արթուն լսում էին մի կարճ կրակահերթ, ու էլ ոչ ոք նրանց չէր տեսնում: Հրաժեշտի համազարկից հետո բոլորն արդեն գիտեին` խենթերը դուրս են եկել կռվի` Երասխ, Նոյեմբերյան, Արցախ… Իսկ ամեն անգամ տուն դառնալիս կարոտած համբուրում էին հանդիպածին` քուր ջան, մեր ջան, ախպեր ջան, տղա ջան… Հասկանում կամ չէինք հասկանում նրանց կարոտը: Եվ տուն էին դառնում տղաները` պայծառ, սիրունատես, վիրավոր, բարի ժպիտը դեմքերին, քանի՜-քանի՜ երանիներ պոկելով մարդկանց շուրթերից: Իրենց այնպես վայել զինվորական հագուստով, ասես աշխարհ էին եկել զինվորության համար: Եվ քայլում էին հպարտ, առնական, շտապում տուն հասնել` իրենց մշտական ուղեկիցներով` երեխաներով շրջապատված: Եվ կրնկի վրա բացվում էին հայոց շեների դռները` փողոց էին դուրս գալիս գիշերային կրակոցներից «նեղացած», «քնահարամ» մարդիկ, տնեցիները` հայր, մայր, կին, երեխա: Մայրերը հպարտության հետ գաղտնի սրբում էին աչքերը, կանայք` աչքերում ծով կարոտ, թվում էր՝ ուր որ է կվազեն նրանց ընդառաջ ու վզովն ընկած տուն կգան: Սակայն մարդկանց հայացքի տակ, տեղում կրակ կտրած, իրենց փոքրիկներին էին ոգևորում. «Վազե՛ք, էրեխե՛ք ջան, տեսեք ո՞վ է գալիս»: Եվ փոքրիկները սիսեռի հատիկների նման գլոր-գլորվում էին նրանց ընդառաջ: Իսկ սիրած աղջիկներն ու հարսնացուները գաղտնի ծիկրակում էին պատուհաններից, հավաքվածների թիկունքից:

Տուն էին գալիս խենթերը` ականջները պայթող արկերի ձայնին:

Եվ երբ նորից կրակոց էր լսվում, նրանք այնտեղ էին` վիրավոր մարմիններում «շուռումուռ եկող» արկի բեկորներով: Մեկնելուց ժպտում էին, դա բարի ու տխուր ժպիտ էր: Հետո իրենց մշտապես շրջապատած, չորսբոլորը թռչկոտող երեխաներից ձեռքն ընկածին պտտեցնում էին իրենց գլխավերևում, շշնջալով. «Ես ձեր հոգուն մատաղ»: Խենթերն աշխարհում ամենաշատը սիրում էին երեխաներ, և իրենց էլ թվում էր՝ երեխաներն են բոլորից լավ հասկանում, կարդում իրենց հոգին: Ու երեխաներն անթիվ հարցեր էին տալիս նրանց` անմիջական, անկեղծ, պարզ հարցեր: Ու այդ հարցերին նրանք տալիս էին լուրջ ու թախծոտ պատասխաններ.

-Տանդ հիմքը գցեցիր, մնաց:

-Ոչինչ, «էնտեղից» է կախված մեր տան հիմքերի ամրությունը:

-Վիրավոր ես, էլ չե՞ս գնալու:

-Կգնամ, բայց գնալիս էլ չեմ կրակի, հանգիստ քնեք:

-Ե՞րբ ես ամուսնանալու:

-Երբ մեծանաք, դառնաք հարսանքավորներ:

Հետո ծիծաղելով անցնող առվակից ջուր էին ցողում հարցասեր երեխաների վրա: Ջուրը խոխոջալով գնում էր՝ իր հետ տանելով խենթերի արծաթ ծիծաղը:

Անցնում է ժամանակը` օրեր, ամիսներ, տարիներ: Հայոց շեներում քնած, թե արթուն, էլ չեն լսվում կրակահերթեր: Խենթերն այնտեղ են, բարձրիկ լեռներում, ուր արծիվներն են թևաբախում: Գիշերային երազներից մեկ-մեկ երեխաները խրտնած վեր էին թռչում, արթնանում-նստում անկողնում: Ժպտում էին ու սպասում, որովհետև նրանց համար հայոց խենթերը դարձել են բոլոր հեքիաթների, կինոնկարների ամենասիրելի հերոսները: Մեկին խոստացել էին Ղարաբաղ տանել, մյուսին` գնդացիր նվիրել, իսկ ամենափոքրերը հավատացած էին, որ իրենց համար հսկա խաղալիք` տանկ են բերելու:

Ու բոլորն անհամբեր սպասում են: Սպասում են ճերմակող մայրերը. «Ա՜խ, գնդակը կույր է, իմ բալեն` խենթ»: Սպասում են հարսնության քողը երազող հարսնացուները: Սպասում, կարոտում են այրիացած կանայք ու ծովացած կարոտից նորից ու նորից հոտոտում, տրորում, լվանում են խենթերի հագուստներն ու փռում պարաններին:

Հիմա աղավնիները հանգիստ նստում են մեր տան կտուրներին: Խենթերի անունները լսելիս անթիվ-անհամար երեխաներ, որոնք արդեն զինվոր են դարձել, ժպտում են հայոց սահմաններին: Եվ ասես նորից լսվում է նրանց կրակոցների ձայնը, արծաթ, զրնգուն ծիծաղը: Այդ ձայներից աղավնիները թռչում, ճախրում են հայոց կապույտ երկնակամարում:

Երկրապահ-խենթերը լսում են Հայոց բանակի զինավառ, ամուր տղաների, հայոց բանակի զինվորների արծաթյա, զրնգուն խոսքն ու ծիծաղը: Եվ նրանց հոգին փառավորվում է երկնային կապույտ, անհաս տարածքներում:

Գ. ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #34 (1001) 29.08.2013 – 4.09.2013, Բանակ և հասարակություն


29/08/2013