ԱՌԱՋԻՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՀՈՒՍԱԴՐՈՂ ԵՆ
ՄՈՏՈՀՐԱՁԻԳՆԵՐԸ ՄԵՔԵՆԱՅԱԿԱՆ ՊԱՐԿՈՒՄ
Փոխգնդապետ Գոռ Ուլիխանյանի մոտոհրաձգային գումարտակը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արագ արձագանքման ուժերի հայկական բրիգադի հիմնական ստորաբաժանումն է: Այն համալրվում է առավել բանիմաց, որևէ առողջական խնդիր չունեցող, պարապմունքների ծանրաբեռնվածությանը դիմացող զինվորներով: Գումարտակն ուղիղ մեկ տարի առաջ մասնակցեց մեր երկրում անցկացված ՀԱՊԿ ԱԱՈՒ-ի համատեղ զորավարժությանը և հաջողությամբ կատարեց մարտական խնդիրները: Ճիշտ է, դրանից հետո անձնակազմը զգալիորեն փոխվել է, զինվորներից շատերը զորացրվել են, բայց փորձառուների մի մասը դեռևս շարունակում է ծառայությունը և, կատարելագործելով անձնական որակներն ու մասնագիտական հմտությունները, միաժամանակ օգնում է երիտասարդ զինվորներին:
Պարապմունքները զորամասում տեղի են ունենում շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին, եւ եթե դասացուցակով հրաձգության կամ մեքենավարման գործնական պարապմունքներ նախատեսված չեն, ապա մարտական տեխնիկայի տեղաշարժման հրաման չի լինում, իսկ պապապմունքներն էլ անցկացվում են մեքենայական պարկում:
Դասակի հրամանատար, կապիտան Վահրամ Մելքոնյանը մասնակցել է ինչպես 2010թ. Չելյաբինսկում, այնպես էլ անցյալ տարի մեզ մոտ անցկացված ԱԱՈՒ-ի զորավարժություններին, ունի համապատասխան փորձ, տիրապետում է ուսման արդյունավետ մեթոդներին, գիտի ինչ է պետք տալ զինվորներին և ինչ պահանջել նրանցից:
-Ուսումնական փուլի սկիզբն է, առաջին պարապմունքներն են ընթանում: Դասակը համալրվել է ուսումնական զորամասից եկած երիտասարդ զինվորներով, որոնք արդեն բավական վարժ են տիրապետում իրենց մասնագիտական պատրաստականությանը, դասերը մարտական տեխնիկայի բնութագրման, ուսումնասիրման նպատակ են հետապնդում: Ծրագրի համաձայն, բոլորս միասին կրկին պարզում ենք ՀՄՄ-2-ի հրանոթի կառուցվածքը, մարտավարատեխնիկական տվյալները, օգտագործվող զինամթերքի տեսակները … Այժմ այստեղ նշանառու օպերատորներն ու մեխանիկ-վարորդներն են: Մենք էլ հաշվի առնելով, որ տղաներն արդեն մարտական զորամասի զինվորներ են, պարզաբանում ենք, թե ինչու է անհրաժեշտ անցած թեմաների անընդհատ կրկնությունը, որպեսզի ավելի կատարելագործեն իրենց մասնագիտական հմտությունները, որպեսզի ոչ թե պարզապես օրեր մեռցնեն, այլ ծառայեն սրտանց, նվիրումով: Այսինքն՝ շարունակում ենք այն աշխատանքը, որն սկսվել է դեռևս ուսումնական զորամասում:
Կապիտանը փորձառու զինվորներից ներկայացրեց շարքայիններ Հայկազ Կարապետյանին, Արմեն Բադալյանին: Առաջինը` Հայկազը, ավագ նշանառու-օպերատոր է` լավագույնը զորամասում, իսկ Արմենը` նշանառու- օպերատոր:
-Զորավարժության վերջում Բելառուսի պաշտպանության փոխնախարարն ինձ պարգևատրեց «Բելառուսի հանրապետության կազմավորման 90- ամյակի» մեդալով,-ասաց Հայկազը:
Ծառայության և մասնագիտության մասին զրուցեցինք շարքայիններ Հայկ Լազարյանի, Կարեն Հարությունյանի, Ալեքսան Գալստյանի, Նարեկ Հայրապետյանի, Վիկտոր Առուշանյանի և Կնյազ Առաքելյանի հետ: Զգացվեց, որ բոլորի տրամադրությունն էլ բարձր է: Հավելենք նաեւ, որ ուսումնական փուլն սկզբնավորող մարտավարաշարային եռօրյա պարապմունքներից գումարտակն ստացել է «գերազանց» գնահատական:
ՀՐԱՁԳԱՐԱՆՈՒՄ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐՆ ԵՆ
Զորամասի հրաձգարանում կրակային գործնական պարապմունքները երբեք չեն դադարում: Մայոր Էդգար Թևանյանի ուսումնական գումարտակի նորակոչիկների մասնակցությամբ պարապմունքը, հրամանատարից բացի, ղեկավարում էին նաև կապիտան Գևորգ Հակոբյանը, ավագ լեյտենանտ Արկադի Սարգսյանը, այլ սպաներ:
Պարապմունքի թեման «Նախնական ստուգողական վարժությունն էր»: Նորակոչիկներն ընդամենը երեք փամփուշտ էին կրակում 100 մետր հեռավորություն ունեցող թիրախների վրա: Հետևելով Արմեն Աղալոյանի, Դավիթ Մովսիսյանի, Պետիկ Բարսեղյանի, Օնիկ Հարությունյանի և էլի մի քանիսի կրակին, արձանագրեցինք, որ նորակոչիկները բավական հաջող են կրակում:
-Չենք դժգոհում, լավ տղաներ (նկատի ունեմ ցույց տված արդյունքները, թե չէ բոլորն էլ լավ տղաներ են) շատ կան, և մեկ-երկու ամսից նրանք «բավարարից» բարձր գնահատականներ կարող են ապահովել,-ասաց կապիտան Գ. Հակոբյանը:
Ծանոթացանք նրանցից մի քանիսի հետ.
-Շարքային Մինասյան Խաչատուր, սովորում եմ Ագրարային համալսարանում:
-Զատիկյան Հարություն, սովորում եմ մանկավարժական համալսարանի «Կիրառական մաթեմատիկա, ինֆորմատիկա» ֆակուլտետում:
-Թադևոսյան Հովհաննես, «Գլաձոր» համալսարանի ուսանող եմ:
Նորակոչիկների ուսումնական գործընթացի մասին իր կարծիքը հայտնեց կրտսեր սերժանտ Հովհաննես Հովհաննիսյանը.
-Գումարտակում կան մեկ շաբաթից մինչև քսան օր առաջ զորակոչված զինվորներ: Մենք նրանց հետ պարապում ենք երիտասարդ մարտիկի ուսումնական ծրագրով: Առաջադիմությունից գոհ ենք: Շարային, ֆիզիկական և կրակային պատրաստությունից բացի, նրանք անցնում են նաեւ ՀՊՊ, ուսումնասիրում են զինվորական կանոնագրքերը, ծանոթանում իրենց իրավունքներին, սովորում են ճանաչել զինվորական տարբերանշանները, մեր երկրի օրհներգը, զորամասի երգը և այլն, ասել է թե՝ կամաց-կամաց ներգրավվում են ծառայության մեջ:
ՈՒսումնական տարբեր տեղամասերում կրակելու իրենց հերթին սպասողների հետ անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ էին անցկացնում ջոկերի հրամանատարներ՝ շարքային Յուրի Հարությունյանը և կրտսեր սերժանտ Աշոտ Հակոբյանը:
Երբ երիտասարդ ու փորձառու զինծառայողներին հրաժեշտ էինք տալիս, իրենց առաջին հրաձգությունն էին կատարում Տարոն Հայրապետյանը և Ասո Խուդոյանը:
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ,
կապիտան