ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՆ ՈՒ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Հարցազրույց ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ ԼԵՎՈՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ
-Ինչպե՞ս կգնահատեք ՀՀ միջազգային ռազմական համագործակցության ներկա մակարդակը:
-Միջազգային ռազմական համագործակցությունը պաշտպանական քաղաքականության կարևորագույն գործիքներից մեկն է: Այդ ոլորտի բազմակողմ և երկկողմ հարթություններում պաշտպանության նախարարությունը հետապնդում է երկու հիմնական նպատակ: Առաջինը ՀՀ պաշտպանական համակարգի զարգացումն է` միջազգային առաջավոր փորձի ներդրմամբ՝ համակողմանի բարեփոխումների միջոցով այդ համակարգի արդիականացումն ու արդյունավետության բարձրացումը, իսկ երկրորդը միջազգային ներգրավումն է` ՀՀ անվտանգության ապահովման միջազգային երաշխիքների ստեղծումը և ներդրումը միջազգային անվտանգության ապահովման գործում:
Հայաստանի միջազգային ռազմական համագործակցության ներկա մակարդակը գնահատում եմ բավականին բարձր և ոչ միայն այն պատճառով, որ նախորդ տարիների ընթացքում այդ համագործակցությունը քանակական և որակական մեծ զարգացում է ապրել: Առավել կարևոր է այն հանգամանքը, որ միջազգային ռազմական համագործակցությունը պահպանել է իր հավասարակշռված բնույթը և բոլոր ուղղություններով զարգանալու լայն հնարավորությունները, ձեռք է բերել փոխշահավետ և պրագմատիկ բնույթ` հեռուն նայող նպատակներով և հստակ թիրախային խնդիրներով:
ՀՀ ռազմաքաղաքական դիրքերի ամրապնդման տեսանկյունից՝ միջազգային ռազմական համագործակցության դերն ու նշանակությունը դժվար է գերագնահատել: Նախևառաջ, դաշնակցային ու գործընկերային հարաբերությունների առկա շրջանակները թույլ են տալիս որոշակիորեն «լիցքաթափելու» Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգության անկայուն միջավայրը: Երկրորդը` ինչպես բազմիցս շեշտել են արտերկրի մեր գործընկերները, Հայաստանի պաշտպանության ոլորտը «բարեփոխումներում առաջադիմելու և արտերկրի կառույցների հետ փոխգործունակության տեսանկյունից ամենահաջողակ ոլորտներից մեկն է», դրանով հանդերձ նպաստելով Հայաստանի` որպես հուսալի գործընկերոջ միջազգային վարկի ու հեղինակության բարձրացմանը:
-Արդյոք միջազգային ռազմական համագործակցությունը նպաստո՞ւմ է Հայաստանի ռազմական անվտանգության ամրապնդմանը:
-Այսօր Հայաստանի Հանրապետությունը պաշտպանության ոլորտում համագործակցում է 7 միջազգային կազմակերպությունների և մի քանի տասնյակ պետությունների հետ: Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հիմնադիր անդամ է, անդամակցում է ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, ԱՊՀ-ին և այլն, անհատական սկզբունքով համագործակցություն է զարգացնում ՆԱՏՕ-ի հետ, բազմաբնույթ հարաբերություններ ունի ինչպես ԱՊՀ/ՀԱՊԿ անդամ, այնպես էլ Եվրատլանտյան տարածաշրջանի, Ասիայի և տարածաշրջանային պետությունների հետ, ինչպիսիք են Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Հունաստանը, Բելառուսը, Վրաստանը, Իտալիան, Ֆրանսիան, Լեհաստանը, Լիտվան, Իրանը, Ղազախստանը, Ուկրաինան, Կիպրոսը և այլն: Ընդ որում, Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները ռազմավարական դաշնակցային են, իսկ ԱՄՆ-ի հետ` խորը գործընկերային: Ինչպես տեսնում եք, միջազգային ռազմական համագործակցության աշխարհագրությունը բավականին լայն է, որը կարգավորվում է բազմաթիվ միջազգային պայմանագրերով և տարբեր ծրագրերով:
Անշուշտ, միջազգային ռազմական համագործակցությունը ոչ միայն Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգության միջազգային երաշխիքներ է ստեղծում` շաղկապելով ազգային ռազմական անվտանգությունը միջազգային ռազմական անվտանգության հետ, այլև Հայաստանի շուրջ ձևավորվող անվտանգության միջավայրի վրա ազգելու տարբեր լծակներ է ձևավորում` շնորհիվ իր լայն աշխարհագրության և բազմազանության:
-Արդյոք ռազմական դիվանագիտությունը օգտագործե՞լ է իր ամբողջ ռեսուրսները, և ի՞նչ այլ հնարավորություններ կան:
-Միջազգային ռազմական համագործակցությունը ստատիկ բնույթ չի կրում, այն անընդհատ զարգացող գործընթաց է: Մեր խնդիրն է ոչ միայն ապահովել այդ զարգացման շարունակականությունը, այլև ուղղորդել և նպատակադրել այն մեր ազգային շահերին համահունչ: Ուստի խոսել այն մասին, թե ռազմական դիվանագիտությունը կամ համագործակցությունն օգտագործել է իր բոլոր ռեսուրսները, կարծում եմ`տեղին չէ, քանի որ այդ ռեսուրսներն ստեղծում են հենց այդ համագործակցությունն իրականացնողները: Ընդհակառակը` որքան զարգանում է համագործակցությունը, այնքան ընդլայնվում են հնարավորությունները: Կարելի է, մասնավորապես, բերել Եվրամիության հետ հարաբերությունների օրինակը, որտեղ մի կողմից պետական կառավարման մարմինների մեծամասնության ներգրավմամբ Հայաստանն իրականացնում է Արևելյան գործընկերության ծրագրի գործընթացը, սակայն մյուս կողմից դեռևս չունենք գործնական համագործակցություն պաշտպանության ոլորտում: Այդ բացը լրացնելու համար ներկայումս աշխատանքներ են տարվում «Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության» շրջանակներում ԵՄ հետ համագործակցություն նախաձեռնելու ուղղությամբ:
-Ի՞նչ կասեք միջազգային անվտանգության համակարգերի հետ համագործակցության մասին:
-Ես արդեն նշեցի, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հիմնադիր անդամ և իր պաշտպանական քաղաքականության մեջ կարևոր տեղ է հատկացնում այդ կազմակերպությանը` որպես արտաքին ռազմաքաղաքական հարթությունում ՀՀ անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրատարրերից մեկի: ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացման համար կարևորագույն նշանակություն ունեցավ 2009թ. փետրվարի 4-ին ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի ստեղծումը, որոնց մասնակցությամբ 2012թ. սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվեցին «Փոխգործակցություն-2012» ամենամյա համատեղ զորավարժությունները: Անվտանգության ապահովման տեսանկյունից օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի ստեղծումն ունի ինչպես ռազմաքաղաքական, այնպես էլ ռազմական կարևոր նշանակություն, քանի որ այդ ուժերը հանդիսանում են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգության ապահովման համակողմանի խնդիրների կատարման արդյունավետ գործիք` սկսած կազմակերպության անդամ պետությունների դեմ ագրեսիայի դիմագրավումից մինչև ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարը և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացումը:
Հայաստանի անվտանգության ապահովման համակարգում կարևոր դերակատարություն ունեն նաև ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները: ՀՀ պաշտպանության նախարարությունը ձգտում է հնարավորինս ակտիվ երկխոսություն զարգացնել Հյուսիսատլանտյան դաշինքի հետ` արդյունավետ համագործակցություն ծավալելով Եվրատլանտյան գործընկերության խորհրդի (ԵԱԳԽ) և Գործընկերություն հանուն խաղաղության (ԳՀԽ) ծրագրի շրջանակներում: ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը դիտվում է նաև որպես կարևոր գործիք պաշտպանության ոլորտում բարեփոխումների, ՀՀ ԶՈւ արդիականացման, ինչպես նաև անվտանգության աջակցության միջազգային առաքելություններին ՀՀ մասնակցությունն ապահովելու համար: ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցությունն առավել գործնական տեսք ստացավ 2002թ., երբ Հայաստանը միանալով ՆԱՏՕ/ԳՀԽ «Պլանավորման և վերստուգման գործընթացին», հանձնառություն ստանձնեց փոխգործունակ և արդիական ռազմական ստորաբաժանումների ձևավորման ուղղությամբ` միջազգային առաքելություններում համատեղ գործելու նպատակով: 2005թ. դեկտեմբերին ՀՀ-ՆԱՏՕ Գործընկերության գործողությունների անհատական պլանի (ԱՅՓԱՓ) հաստատումով ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները բարձրացան որակական նոր մակարդակի` ընդգրկելով պաշտպանական բարեփոխումների մի շարք ոլորտներ: ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շնորհիվ այսօր Հայաստանի Հանրապետությունը եվրոպական պետությունների համար հուսալի և կանխատեսելի գործընկեր է:
Պետք է նշել նաև, որ այս երկու անվտանգության համակարգերի շրջանակներում համագործակության շնորհիվ ամբողջանում է ՀՀ ռազմական անվտանգության միջազգային ապահովումը և զինված ուժերի` անվտանգության միջավայրին համահունչ զարգացումը:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #34 (1001) 29.08.2013 – 4.09.2013, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական