ԱՄՆ-Ը ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՌԱՅԺՄ ԱՄԵՆԱՀԱՄԵՍՏՆ ԵՆ
Գիտնականների հաշվարկով, առաջիկա 90 տարիների ընթացքում երկրագնդի բևեռների սառույցի հալչելու պատճառով համաշխարհային օվկիանոսի մակարդակը կարող է բարձրանալ 0.4-2 մետրով, առավել հավանական է` 0.8 մետրով: Սա նշանակում է, որ Արկտիկայի սահմանները փոխվում են, փոքրանում է սառույցի մակերեսը, մեծանում` ջրային մակերեսը: Ակնկալվում է, որ Արկտիկայում խոշոր միջազգային ծովային անցումները բաց կլինեն արդեն 2030թ., համենայն դեպս, ամռան ամիսներին: Սա, իր հերթին, կհանգեցնի տարբեր երկրների ավելի մեծ թվով նավերի հոսքին ջրային նոր տարածքներ, ինչը, բնականաբար, դառնում է վեճերի առարկա: Բացի դրանից, ենթադրվում է, որ Արկտիկայում է համաշխարհային նավթի պաշարների մեկ հինգերորդից ավելին, ինչը նույնպես այդ տարածքը վերածում է կռվախնձորի:
Ինչպես նշվում է ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի ազգային հետազոտությունների խորհրդի զեկույցում, այդ հանգամանքը հիմնովին փոխում է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի առաքելությունն ու խնդիրները: Բանն այն է, որ արկտիկական լայնություններում ցամաքային և օդային օպերացիաներն արդեն ավելի քան 25 տարի ԱՄՆ ՌԾՈՒ գերակայությունը չեն, և ռազմածովային ուժերը արկտիկական միջավայրում նման ռազմական խնդիրներ լուծելու փորձ չունեն: Բավական է ասել, որ աշխարհի միակ գերտերությունը սառույցների մեջ ռազմական գործողություններ վարելու ունակ վերջրյա նավեր չունի, այլ ունի ընդամենը մեկ գործող սառցահատ: Ավելին, սառույց հատելու գործողությունների բյուջեն վերահսկում է ոչ թե ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, այլ գիտությունների ազգային հիմնադրամը:
Համեմատության համար նշենք, որ Արկտիկային սահմանակից մյուս յոթ երկրները` Կանադան, Դանիան, Ֆինլանդիան, Իսլանդիան, Նորվեգիան, Ռուսաստանը և Շվեդիան, հատկապես վերջին երեք տարիներին Արկտիկայում ակտիվորեն մեծացնում են իրենց ռազմական ներուժը: Մասնավորապես, Ռուսաստանն ունի 18 սառցահատ, որոնցից 7-ը՝ միջուկային, Ֆինլանդիան և Շվեդիան` 7-ական, իսկ Կանադան` 6:
Արկտիկայի նկատմամբ իրենց հավականությունների մասին հայտարարել են նաև Չինաստանը և Հարավային Կորեան` պատրաստակամություն հայտնելով տարածաշրջան ուղարկել, մասնավորապես, հետազոտական սառցահատ նավեր: