Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆՉՈ՞Ւ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՎԵԼ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ԱԼԻԵՎԻ ՎԵՐԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ



Օրերս երիտասարդական ճամբար այցելության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանին ճամբարականները մի շարք հարցեր ուղղեցին ներքին և արտաքին խնդիրների վերաբերյալ: Հարցերից հատկապես մեկն արժանացավ մեծ ուշադրության Նախագահի անսպասելի պատասխանի պատճառով:

Այն հարցին, թե առաջիկայում Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններում Հայաստանի համար ո՞ր թեկնածուն է առավել նախընտրելի, նախագահ Սարգսյանը զարմացրեց բոլորին` նախապատվությունը տալով գործող նախագահ Իլհամ Ալիևի վերընտրությանը:

Սովորաբար, երբ քաղաքական գործիչներին հարցնում են, թե ո՞րն է նրանց նախընտրած թեկնածուն օտարերկրյա ընտրություններում, նրանք ձեռնպահ են մնում որևէ կարծիք հայտնելուց կամ պարզապես հայտարարում են, որ դա տվյալ երկրի ընտրողների որոշումն է: Այս դեպքում նախագահ Սարգսյանը չխուսափեց իր հստակ նախապատվությունն արտահայտելուց և բացատրեց, թե ինչու է Հայաստանի համար նախընտրելի հոկտեմբերին նախագահ Ալիևի երրորդ անգամ ընտրվելը.

«Հայաստանի համար և ոչ միայն Հայաստանի համար ժողովրդավարության ճանապարհով ընթացող հարևաններն են ձեռնտու: Այստեղից էլ եզրակացություն, որ, որպես հարևան, հատկապես որպես բանակցային գործընկեր` մեզ միանշանակ ձեռնտու է ժողովրդավարական Ադրբեջանը: Բայց, եթե այս հանգամանքը մի կողմ դնենք, հարցի պատասխանը հետևյալն է` մեզ համար թերևս ամենաձեռնտուն կլիներ, որ գործող նախագահ Իլհամ Ալիևը հաղթեր: Անկախ նրանից, որ մենք դժվարին, բայց երկար բանակցային ճանապարհ ենք անցել, և գրեթե ուրվագծվել է խնդրի լուծման ճանապարհը` գոնե Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքները հրապարակավ ընդունելը, որոնց շուրջ արդեն չորս տարի ակտիվ բանակցություններ ենք վարում: Ճիշտ է, հիմա ես չէի ասի, որ բանակցային գործընթացը շատ ակտիվ է ընթանում, բայց, այնուհանդերձ, բավական ճանապարհ ենք անցել, և եթե ընտրություններից հետո Իլհամ Ալիևը կարողանա կամք դրսևորել և վեր կանգնել հայատյացության իր այդ մոլուցքից, ես կարծում եմ` մեզ համար ամենաընդունելի և նախընտրելի տարբերակը դա է»:

Նախագահ Սարգսյանի հայտարարությունն անմիջապես քննադատության արժանացավ ինչպես մեր երկրի ներսում, այնպես էլ, որ զարմանալի չէ, Ադրբեջանում: Երևանում ընդդիմության առաջնորդներն ապշած էին, որ Հայաստանի նախագահը կարող է արտահայտվել ի նպաստ նախագահ Ալիևի վերընտրության, որը բազմիցս սպառնացել է հարձակվել Արցախի վրա: Նրանք զարմացած էին, թե ինչով կարող է Ադրբեջանի բռնակալ և ռազմատենչ նախագահը նախընտրելի լինել Հայաստանի համար: Ադրբեջանի ղեկավարները ևս դժգոհ էին Սերժ Սարգսյանի հայտարարությունից: Նախագահ Ալիևի արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Նովրուզ Մամեդովը խստորեն քննադատեց Հայաստանի նախագահին՝ վերջինիս պնդման համար, թե Հայաստանի համար առավել ձեռնտու է Ալիևի վերընտրությունը: Բացի այդ, Մամեդովը քննադատեց Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցություններին` Սարգսյանի հայտարարությունն իրենց «կեղտոտ ընտրապայքարում» ընդդեմ Ալիևի շահարկելու համար: Մամեդովը պարծենալով եզրափակեց, որ Ադրբեջանի նախագահը Սարգսյանի օժանդակության կարիքը չունի, քանի որ Ալիևը վայելում է այնպիսի հեղինակավոր համաշխարհային առաջնորդների աջակցությունը, ինչպիսիք են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Մինչ Սերժ Սարգսյանը ի նպաստ Ալիևի արած իր հայտարարությունը, ըստ էության, պայմանավորում է Արցախի բանակցություններում շարունակական առաջընթացով, կարելի է մտածել նաև հավելյալ պատճառների մասին, թե ինչու է Հայաստանի համար առավել ձեռնտու Ալիևի վերընտրությունը.

– Նախագահ Ալիևը խոցելի ղեկավար է եւ ամբողջ աշխարհում դատապարտվում է որպես բռնակալ, կաշառակեր և մարդու իրավունքների կոպիտ խախտող:

– Ալիևը անձնական նպատակներով վատնել է իր երկրի նավթային հսկայական եկամուտները` ծառայեցնելով իրեն, իր ընտանիքի և մտերիմների հարստացմանը:

– Նա միլիարդավոր դոլարներ է ծախսել զինամթերք գնելու համար, որը նրան չի օգնել նույնիսկ մի թիզ հող վերագրավել Արցախի տարածքից:

– Անճարակ Ալիևի վերընտրությունը վնասակար է Ադրբեջանին և օգտակար Հայաստանին: Եթե Ալիևը կորցնի նախագահի պաշտոնը, հնարավոր է՝ հաջորդը ավելի գործունյա ղեկավար լինի, որը կարող է իսկական վտանգ ներկայացնել Հայաստանի և Արցախի համար:

– Հօգուտ Ալիևի թեկնածության Սերժ Սարգսյանի արտահայտած կարծիքը կասկածի տակ է դնում վերջինիս վարկը ադրբեջանական ժողովրդի աչքում, որը զարմանում է, թե ինչու է թշնամի երկրի ղեկավարը սատարում իրենց նախագահին, որքան Ալիևի վերընտրվելը կանխորոշված է` հաշվի առնելով երկրի ավանդաբար կեղծիքներով լի ընտրահամակարգը:

Վերջապես, միջազգային հարաբերություններում կարևոր է ունենալ կանխատեսելի գործընկեր` լինի դա դաշնակից, թե թշնամի: Նախագահ Ալիևի վերաբերմունքը Հայաստանի և Արցախի նկատմամբ մինչ օրս եղել է միանգամայն կանխատեսելի: Վրացի լրագրող Գեորգի Լոմսաձեն EurasiaNet.org կայքում շատ դիպուկ է ներկայացրել Սարգսյանի՝ ի նպաստ Ալիևի արված հայտարարությունը. «Նախընտրելի է այն սատանան, որին գիտես, քան թե այն, որին չգիտես»:

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆոռնիա Կուրիեր»
թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը`
ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԱԳՅԱՆԻ

Խորագիր՝ #35 (1002) 5.09.2013 – 11.09.2013, Ռազմաքաղաքական


05/09/2013