ԱՅՑԻ ԵՄ ԳՆԱՑԵԼ ՈՂՋԵՐԻՆ ԵՎ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՆ
Գովքն էր երգում կռվի ելած, արիացած իր ընկերոջ,-երգում էր նա: Կրակելով երգում էր նա:—որ ողջ աշխարհն իմանա:
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ
Ջոկի հրամանատար Վանյա էռնեստի Մեհրաբյան, մականունը՝ Շեյթան: Այցս` Ղշլաղ-Ծաղկաշատ` նահատակներին, մրմունջս` դիրքի կանգնած սև քարերին:
Ողջերի մասին: Քանի որ ողջերից ընդամենը մի քանի հոգի են կենդանություն տալիս ծաղկած ժայռերով, կանաչ ձորերով պարուրված գյուղին, իսկ մեծամասնությունը ցրված է մարդաշատ բնակավայրերում ու մեծ քաղաքներում, ուզում եմ նրանց մասին իմանան ընթերցողների ավելի լայն շրջանում: Գյուղը ազգային հերոս Նիկոլ Դումանի ծննդավայրն է, ունի հերոսի անունով տուն- թանգարան, այցելուների կողմից ճանաչված փոքրիկ, գեղեցիկ զբոսավայր: Նիկոլ Դումանի արյան կանչով ոտքի են ելել իր հետնորդները, վրեժի են ելել ներկայի և անցյալի համար: Ինչպես ուխտի գնացողը, ես ևս առանց հարց ու փորձի, ոտքով հասել եմ Ղշլաղ: Միայն մեկին, (հետո իմացել եմ Միքայելի եղբայրն է), հարցրի. «Որտե՞ղ են գնդացրորդներ Արմենենց և Գուրգենենց տները»: Պատասխանեցին՝ հաջորդ գյուղում:
Շարունակեցի բարձրանալ սարն ի վեր, մինչև գյուղի վերջը, այն հույսով, որ տղամարդկանցից մեկնումեկը կտեսնի ու կճանաչի: Վերջին տան մոտ երկու տղամարդ տեսա. «Ձեզանից մեկը անշուշտ պուլիմոտչիկ Արմենն է,…»: Հրավիրեց տուն: Միհարկանի, պապենական, համեստ տուն է: Դռանը կանգնած էր մուգ գույնի մեքենան: Նախասենյակում` ավանդական փայտի վառարանը, մայրը կողքին նստած` երեխան փեշը առած գուրգուրում էր: Հիմիկվա համեմատ բազմանդամ` 3-4 երեխա, պըտպտալով դաս են սովորում: Արմենը ներկայացրեց` մեքենան եղբայրս է նվիրել, Ռուսիայից, որպես գերդաստանի ծուխը բարձրացնողի…: Ապա հիշեցրի.-Արմե՛ն, հիշո՞ւմ ես, որ «ՈՒղտի մեջքի» վրա հակառակորդի բլինդաժի ծխնելույզի բոցավառ ծուխը գիշերը մի գնդակով կտրեցիր-հանգցրիր: Գնդակը ծխնելույզով ընկել էր ներս…: Մենք 3 մ հեռավորության վրա էինք, ես և Մուրադը, դու և Գուրգենը:
Արմենի ցուցումով այցելեցի Գուրգենենց տուն` գյուղի մյուս ծայրին, ներքևից առաջինը: Գուրգենը ևս բոլորին եւ ամեն ինչ ներկայացրեց. կինը` թոնրի շրթին նստած հաց էր թխում՝ չորս տղա երեխա բոլորած օջախի շուրջը… իհարկե նաեւ իր ծառայությանը ոչ վայել կիսասարք տուն՝ իր մասնակցությամբ ազատագրված հայրենիքի «նվիրատվությունը»…
Հիմա էլ գնացի Ագո Ալահվերդյանի տուն: Ինքը տանը չէր, աշխատանքի էր, կինն էր տանը: Առանց ներկայացնելու էլ տեսնում եմ բարվոք են և շնորհակալ կառավարությունից, քանզի ցածր տոկոսով վարկ է տվել, իսկ իրենք սարքել են՝ ինչ հնարավորինս կարողացել են: Սարի լանջով ձորն ի վար քայլեցի դեպի Ռուբեն (մականունով Բուբա) Հարությունյանենց տունը: Մթնշաղ էր, անձրև: Նախասենյակում նստած կինը բանջար-ժենգյալ էր մաքրում: Ներս հրավիրեց ինձ, բայց որտեղ կանգնեմ՝ ամենուրեք կաթկթոց է: Ստիպված անձրևանոցս գցեցի վրաս: Քիչ հետո եկավ Բուբան:
-Ըհը՛,- ասացի ես, – լավ բռնացրի քեզ, մարտական ընկե՛ր, էս ինչ ա տանդ վիճակը: Քյալբաջարից հասել ես Ղարբանդ, մարտ մղելով, դեռ Ղարբանդում էլ վիրավորվել ես, չե՞ս կարողացել մի քիչ շինանյութ ճարես, բերես տունդ վերանորոգես:
Բուբան հարձակվեց վրաս:
-Բա-բա՛, տու էլ ես իտի ասում, ես կըռեվ եմ քեցալ, թա թալան անիմ պիրիմ տոն շինիմ, հաջաթ չի, օզումչում…
Հաջորդ այցս պետք է լիներ Էռնեստ Արմենակի Մեհրաբյանին, որի գերեզմանին այսօր դեղին ծաղիկներ եմ շաղ տալիս: Գիտեք, որ հաղթանակը միայն մարտադաշտ դուրս եկածինը չէ: Եթե թիկունքդ ամուր չլինի, զենքը ձեռիդ ուժ չի տա, զորեղ չես լինի, հզոր հայրենիքով տուն չես գա:
Այցի էի եկել, եկել էի շնորհակալ լինելու Էռնեստին անցյալի համար, երախտապարտ լինելու բարեգութ վերաբերմունքի համար, սակայն,… Ու՛… մորմոք մնաց հավերժ իմ մեջ: Թեեւ Էռնեստը փոքր էր ինձնից, բայց հայրական համ ու հոտ թողեց իմ հոգում… Չիմանաք, թե ձեզ մոռացել եմ, թիկունքից ինձ աջակցողներ, չԷ որ արյունակից հարազատ «չունեի»: Չեմ մոռացել ձեզ` իմ ցրված ու մոլորված մարտական ընկերներ` վաշտի հրամանատար Ռաշիդ (Լյաշո), Ձեր վերաբերմունքը Լաչին-Ղույում իմ նկատմամբ՝ վիրավոր ժամանակ, նռնականետով Ձեր արձակած արկը, որ հակառակորդի դիակները փռեց դաշտում: Զինակից ընկեր և փրկարար Մուրադ Մարտիրոսյան, խիզախ բազե Բաբկեն…:
Լեգենդար հերոսներ եք՝ շարքայիններ (Արշո Ղարամյան), նռնականետորդ, իգլա գցող փոքրիկ Մհեր (Մարտակերտի շրջանից, բայց Ղշլաղի ջոկատից):
Հեշտ բան չէ հետադարձ հայացք ձգել անցյալի վրա…
Բայց ինչո՞ւ միայն ես երգեմ,
– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –
Եվ մի՞թե Դուք չգիտեք,
Թող երգեն, ինչքան մարդ որ կա:
Չարենց-Նամե
Ազատության զինվոր ԹԱՄԱՐԱ
Խորագիր՝ #35 (1002) 5.09.2013 – 11.09.2013, Պատմության էջերից