Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ



Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի օպերատիվ կարողությունների հայեցակարգի (ՕԿՀ) շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում անցկացվում է ՕԿՀ 1-ին մակարդակի միջազգային դասընթաց և ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հրաձգային գումարտակի ՆԱՏՕ-ի կողմից 1-ին մակարդակի գնահատում:

Միջազգային դասընթացին և գնահատմանը մասնակցում են 21 երկրի թվով 64 զինծառայողներ, որոնցից 13-ը ՆԱՏՕ-ի անդամ, իսկ 35-ը` տարբեր գործընկեր երկրներից: Միջոցառումներին որպես հրահանգիչներ և փորձագետներ մասնակցում են Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ԶՈւ գերագույն հրամանատարության մասնագետները, որպես խորհրդատուներ` ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի պատվիրակները:

ՕԿՀ գնահատողների դասընթացին որպես ունկնդիրներ մասնակցում են ՀՀ ԶՈւ 6 և արտերկրի 50 զինծառայողներ, որոնք դասընթացի ավարտին կստանան ՕԿՀ 1-ին մակարդակի գնահատողի միջազգային հավաստագրեր:

ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հրաձգային գումարտակի` ՕԿՀ 1-ին մակարդակի գնահատման զորավարժությունը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության գործընկեր երկրների ԶՈւ ստորաբաժանումների հետ բրիգադի կազմով փոխգործակցության և օպերատիվ համատեղելիության փորձարկմանը:

Զորավարժության հրամանատարաշտաբային փուլի ընթացքում մասնակիցները գիտելիքներ են ձեռք բերում շտաբային ընթացակարգերի և գործողությունների ղեկավարման ու կառավարման հարցերում` սկսած մարտական հրամանի ստացումից, շտաբում դրա մշակումից, ենթակա ստարաբաժանումների միջև խնդիրների բաշխումից մինչև գործողության դադարեցումը:

Զորավարժության դաշտային փուլի ընթացքում մասնակիցները հմտանում են խաղաղապահ առաքելության այնպիսի խնդիրների իրականացման մեջ, ինչպիսիք են պարեկությունը, շարասյուների ուղեկցումը, հսկիչ անցակետերի վարումը, ուղեփակման և խուզարկման գործողությունները:

Խորագիր՝ #36 (1003) 12.09.2013 – 18.09.2013, Ռազմաքաղաքական


12/09/2013