ԻՄ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԵԶ, ԶԻՆՎՈ՛Ր
Արտաշես Աբրահամյան-ՀՀ վաստակավոր նկարիչ, գեղանկարիչ, ՀՆՄ անդամ (1921-2003): Իր առաջին մասնագիտական կրթությունն ստացել է Ս.Դ.Մերկուրովի անվան նկարչական ստուդիայում, այնուհետ ուսանել է Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: 1941-1945թթ. մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, մարտնչել է Թամանյան 89-րդ դիվիզիայի կազմում: Պարգևատրվել է «Կարմիր աստղի»-ի, «Փառքի 3-րդ աստիճան»-ի, «Խիզախության համար», «Մարտական գործողությունների համար», «Բեռլինի գրավման համար», «Վարշավայի ազատագրման համար» և այլ շքանշաններով ու մեդալներով: Պատերազմից հետո ավարտել է ԵԳԹԻ-ի գեղանկարի բաժինը: Մասնակցել է հանրապետական, համամիութենական և արտասահմանյան ցուցահանդեսների: Ա.Աբրահամյանի աշխատանքները ցուցադրվում են Հայաստանում, աշխարհի տարբեր երկրներում` ՌԴ, ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Շվեդիա, Հոլանդիա, Շվեյցարիա, Իտալիա, Գերմանիա …
Վերջում հավելենք միայն, որ մեծ նկարչի այս գրառումները մեզ էր տրամադրել նրա անվանակից թոռը` Արտաշես Աբրահամյանը, որը նույնպես նկարիչ է, Նկարիչների միության անդամ: Ի դեպ, Արտաշես կրտսերը վերջերս է զորացրվել բանակից: Տուն է վերադարձել բազմաթիվ պատվոգրերով ու շնորհակալագրերով:
Մեծ նկարիչը չէր սխալվում` նոր սերունդը դեռ հրաշքներ է գործելու…
… Վերջերս թերթերում կարդում եմ հոդվածներ, որտեղ նշվում է, թե թուրքերը (ադրբեջանցիները) որոշել են Ղարաբաղի հարցը լուծել պատերազմով, և այդ պատերազամը պիտի վարեն Հայրենական պատերազմի օրինակով: Ես չգիտեմ` այդ «ստրատեգը» քանի տարեկան է, նա Հայրենական պատերազմը տեսել է, թե՝ լսել: Այս միտքը անտեղյակ տգետի, սուտ հայրենասերի դատարկաբանություն է: Հասկանալի է, թուրքերը չեն հաշտվում Ղարաբաղի կորստի հետ, նրանք սովոր են զավթելու, գողանալու, թալանելու, կեղծելու, դարերով այդպես են սովորել, հային դիտել են իբրև մատաղացու գառ, երբ ուզել` մորթել կերել են: Հաղթանակը Ղարաբաղում գլխի վրա շրջեց ամեն ինչ: Այսօր հայերիս ագրեսոր են ասում, մենք պետք է ուրախ լինենք թուրքի այս գնահատումների համար: Հարկավոր է ազատվել խփվածի, մոլորվածի, սգավորի հոգեբանությունից: Թուրքը պարտվեց, խաղաղություն մուրաց ու անցավ մեր թիկունքը, թիկունքից խփելը թուրքի վարքագիծն է:
Հայրենական պատերազմում ադրբեջանցիները չեն էլ կռվել, նրանց հայացքը միշտ թուրքերի կողմն է եղել: Պատերազմի ժամանակ գերադասում էին օճառ ուտելով սատկել, քան կռվել Խորհրդային Միության համար:Նրանք մասնակցել են այդ պատերազմին իրենց երկրի հայերի հաշվին, որոնք մեր դիվիզիաներում բավական մեծ թիվ էին կազմում:Չկա թուրք հերոս, չկա թուրք Փառքի շքանշանակիր:
Տարիքս առաջացել է, և ուզում եմ զրուցել հայ զինվորի հետ, թող սա լինի պապի և թոռան զրույց: Տարիներ առաջ Նկարիչների միությունը կազմակերպել էր արշավ «Թամանյան դիվիզիայի հետքերով»: Խումբը գնացել էր մինչև Կերչ ու վերադարձել: Հրավիրեցին հեռուստատեսություն: Երբ վերջացրի իմ խոսքը, հաղորդավարը դիմեց ինձ. «Ընկեր Աբրահամյան, ի՞նչ կուզենայիք ասել ձեր երեխաների սերունդներին»: «Ամեն ինչ արեք, որ խաղաղ ապրեք, որովհետև պատերազմը զարհուրելի է,-պատասխանեցի ես,- բայց երբ ստիպված լինեք կռվել, կռվե՛ք, մի՛ վախեցեք: Ես պատերազմում տեսա, եւս մեկ անգամ համոզվեցի` հայերը հերոսաբար կռվել գիտեն: Հիմա նույն խորհուրդը ձեզ եմ տալիս, սահմանին կանգնած զինվորնե՛ր, երբ ձեզ պատերազմ կպարտադրեն, կռվե՛ք, մի՛ վախեցեք, հայերը քաջաբար, անձնվիրաբար կռվել ու հաղթել գիտեն: Նախ` թշնամին պարտված է ու ընկճված, երկրորդ` արդարությունը ձեր կողմն է, հետևապես Աստծո օրհնությունը Ձեզ վրա է: Դուք կռվում եք ձեր նախնիների գերեզմանների համար, դուք պաշտպանում եք ձեր մայրերի, քույրերի պատիվը, դուք պաշտպանում եք ձեր հողն ու ջուրը:
Հիշեք, որ թուրքը քաջ է ու անվախ միայն անզեն կին ու երեխա կոտորելիս, իսկ զինված տղամարդու դեմ դառնում է ողորմելի սողուն: Հիմա կասեք՝ նկարիչ պապիկը հեքիաթ է պատմում: Նախ ասեմ, որ նկարիչ պապիկի անունը Շվեյկ էր (այդպես էր ինձ կոչում պատերազմի ժամանակ իմ վաշտի ավագը` աշնակցի Քամալյան Վարդգեսը): Նկարիչ պապիկը 89-րդ Թամանյան դիվիզիայի 400 -րդ գնդի զինվոր է, որ քայլել է 7000 կիլոմետր տառապանքի ուղիներով մինչեւ Բեռլին, պատերազմը վերջացնելով Բեռլինի կայազորի Հումբլտ- Հայն ամրոցի գրավումով 1945թ.-ի մայիսի 2-ին: Նկարիչ պապիկը բազմաթիվ շքանշանների ասպետ է, որոնց թվում «Փառքի շքանշան» և «Խիզախության համար» մեդալ: «Փառքի շքանշանը» ամենաբարձր շքանշանն էր, որը տրվում էր զինվորին ակնառու խիզախության համար:
…Այսօր ես` Մեծ հայրենականի թոհուբոհով անցած հին զինվորս, անկեղծորեն խոստովանում եմ` նախանձում եմ ձեզ. պատմությունը ձեզ տվել է հնարավորություն վրեժխնդիր լինելու մեր դարավոր ոսոխից: Ձեզանով սկսվում է հայ ժողովրդի համար նոր դարաշրջան: Իմ օրհնությունը ձեզ, ձեր պապերի արժանի իմ խիզախ թոռներ: Ես հավատում եմ հայոց բանակի հաղթական երթին, ես հավատում եմ հայ զինվորին: Նոր սերունդը դեռ հրաշքներ է գործելու…
2001թ. մարտ
Խորագիր՝ #36 (1003) 12.09.2013 – 18.09.2013, Հոգևոր-մշակութային