Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽԱՂԱՂՎԱԾ ՀՈԳԻՆԵՐ



Վարազդատ եւ Դրաստամատ եղբայրների որդիները՝ Սասունն ու Ավետիքը, իրենց ծառայությունն անց են կացրել Շահումյանի մեր գերի մնացած բնակավայրերի սահմանագծում։ Երբ Սասունն ավարտեց իր ծառայությունը, ծառայության մեկնեց Ավետիքը։ Երկուսն էլ պատվով, տղամարդավարի ծառայեցին, տուն դարձան՝ ուրախություն, հպարտություն պարգեւելով ծնողներին, հարազատներին։ Նրանց պատմությունները վերհուշ են ծառայության օրերից, եւ մեկը լրացնում է մյուսին, որտեղ ամեն մի քար ու թուփ ծանոթ հիշողություններ են արթնացնում։ Տխրությամբ պատմում էին հեռվում մնացած անծուխ ու անկրակ հայկական բնակավայրերից, անխունկ, անմոմ եկեղեցի, գերեզմանատներից։ Եվ այդ պատմություններից մեկը ուզում եմ պատմել. «Հսկա ծառերով, հեքիաթային բնությամբ Գյուլիստանը գերության մեջ էր։ Նախկին բնակիչներից շատերը բնակություն էին հաստատել սահմանին մոտիկ բնակավայրերում։ Ապրում են ու երազային կարոտով փայփայում վերադարձի օրը։ Ա.Մ.-ն փոխհրամանատար էր՝ լռակյաց, ինքնամփոփ՝ պատերազմից մխացող վերքերով։ Երեւում էր դիրքերում երեկոյի հետ, զինվորներս շատ էինք սիրում նրան։ Հետն անպայման ուտելիք էր վերցնում, հյուրասիրում դիրքերում գտնվողներիս, զրուցում։ Պատմում էր իրենց տան, ընտանիքի մասին, հարազատներից, որոնցից շատերն էին զոհվել։ Հետո ոգեւորում, գոտեպնդում էր մեզ, ու երբ խավարը պատում էր աշխարհը, գրպանն էր դնում շորով փաթաթված խունկը, փայտի չոր տաշեղների խուրձն ու ձուլվում խավարին։ Ցայգալույսից առաջ վերադառնում էր։ Գալիս էր խաղաղված հանգիստ հոգով։ Գիտեինք, որ այցի է գնացել ծնողների շիրմին, խունկ ծխել։

– Ամբողջ գյուղի գերեզմանատունը խունկի բույրով էր լցվել, ոչ միայն ծնողներիս, ողջ գյուղի հանգստարանում ննջողների հոգիները խաղաղվեցին, բոլորի համար խունկ ծխեցի,- ասում էր Ա.Մ.-ն։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #36 (1003) 12.09.2013 – 18.09.2013, Հոգևոր-մշակութային


12/09/2013