Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱՀԱ՛ԳՆ, ԵՍ ԴԵՌ ՊԵՏՔ Է ԱՊՐԵՄ



Նորիկ Սաֆարյանը ցույց էր տալիս վիրավոր մարմնի վերքերն ու պատմում ոչ այնքան իր, որքան ընկերների մասին, իսկ իր մասին պատմում-խոսում էին վերքերը՝ թիկունքից, ձեռքից, ոտքից։ Մեկ էլ խոսքն ընդհատեց, վեր կացավ ու հենակներով քայլեց տուն. «Դուք պետք է տեսնեք նրա լուսանկարը, նա իմ հարեւանն էր, իմ ընկերը»։ Վերադարձավ լուսանկարը ձեռքին ու շարունակեց. «Ոտքիս վերքը ծանր էր, ինձ տեղափոխեցին Չլդրան։ Դեկտեմբերի վերջի ծանր մարտերն էին, վիրավորներ շատ կային։ Բժիշկները հոգատար էին, իսկ խնամողները, երբ իմանում էին, որ Հայաստանից ենք՝ ստիպելով կերակրում էին. «Ա՛յ որդի, կե՛ր, քո հարազատները հիմա մենք ենք»։ Ձախ ոտքիս ուռուցքը բարձրանում էր դեպի սիրտս։ Բժիշկները որոշեցին այն հեռացնել։ Վիրահատությունից կես ժամ առաջ մոտս եկավ ընկերս՝ Վահագնը, որը վիրավորներին էր տեղափոխում Հայաստան եւ իմանալով, որ պետք է վիրահատվեմ, խնդրեց, աղաչեց բժիշկներին, որ թույլ տան ինձ էլ հետը բերի։ Բժիշկները տեղի տվեցին։ Ցավազրկող ներարկելով, պատգարակով ինձ բարձրացրին մեքենայի թափքը։ Ես էլ էի համաձայն բժիշկների կարծիքին ու կրկնում էի. «Վահագն, թող հեռացնեն, ես դեռ պետք է ապրեմ»։ Իմ խոսքերին ուշ չդարձնելով՝ նա միայն հուսադրում էր. «Լավ կլինի, դիմացիր»։ Կեսճամփին մեքենայի բենզինը վերջացավ։ Ես համարյա կորցրել էի գիտակցությունս։ Վահագնն իրեն դեսուդեն նետելով` մի կերպ բենզին ճարեց եւ շարունակեց ճանապարհը։ Ոտքս հրաշքով չհեռացրին, իսկ Վահագնը վերջին անգամ, երբ ինձ այցելեց, հուսադրեց, ժպտաց ու մեկնեց ռազմի դաշտ։ Գնաց ու էլ հետ չեկավ,□ այսպես ավարտեց իր պատմությունը Նորիկ Սաֆարյանը։

…Լուսանկարում երեքով էին՝ երեք ընկեր, որ միասին երբեք չէին նկարվել։ Առանձին… առանձին նրանց՝ Վահագնի, Մելիք Մկրտումյանի (որը նույնպես ցնցակաթված էր տարել) լուսանկարները իրար կողքի էին՝ Նորիկի ու Մելիքի արանքում Վահագն Գասպարյանը։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #36 (1003) 12.09.2013 – 18.09.2013, Հոգևոր-մշակութային


12/09/2013