Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԿՐԱՊԱՀԸ՝ ԱՐՑԱԽՑՈՒ ԿՈՂՔԻՆ



Արդեն մի քանի տարի է, ինչ ՀՀ Երկրապահ կամավորականների միությունը կազմակերպում է ուխտագնացություն դեպի Արցախի այն վայրերը, որտեղ պատերազմի տարիներին մարտական գործողությունների է մասնակցել 5-րդ բրիգադը՝ Մանվել Գրիգորյանի հրամանատարությամբ: Այս տարի ուխտագնացությունը, որի մասնակիցներն էին ՀՀ ԵԿՄ, 5-րդ բրիգադի մարտիկները, պատանի երկրապահներ, զոհված ազատամարտիկների հարազատներ, օրենսդիր և գործադիր, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, մտավորականներ, նվիրված էր Արցախի Անկախության հռչակման 22-ամյակին և իհարկե՝ նրանց, ովքեր իրենց կյանքի ու առողջության գնով ազատագրեցին հող հայրենին: Այս տարի հիվանդության պատճառով ուխտագնացությանը չէր մասնակցում ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը:

Օգոստոսի 31-ին Հադրութի «Նոր կյանք» ջրաշխարհում մայր միջոցառմանը (համերգ և խնջույք), որը վարում էր դերասան, ասմունքող, ԵԿՄ անդամ Ամիրան Գալստյանը, ներկա էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, շրջվարչակազմերի ղեկավարներ, աշխատակիցներ, Ստեփանակերտի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ԵԿՄ վարչության անդամներ, ազատամարտիկներ: Ողջունելով ներկաներին եւ կարևորելով Երկրապահի դերը հայ ժողովրդի կյանքում՝ ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն ասաց.

-Մեր երկրի տարբեր վայրերում բազում խաչքարեր, հուշակոթողներ կան, որոնք մեր մարտիրոս տղաների քարեղեն ոգիներն են՝ մեզ մշտապես ուղեկից: Փա՛ռք մեր հերոս տղաներին, որոնք մեզ պարգեւեցին այս օրը: -Այս հավաքի ցանկացած մասնակից երկրապահ էր 20 տարի առաջ, երկրապահ է այսօր, ուստի հպարտությամբ հայտարարում ենք՝ մեր ուսերին կրել եւ կրելու ենք բոլոր դժվարությունները, մինչեւ վերջնական հաղթանակ:

Ռազմահայրենասիրական երգերի կատարումներով ներկաներին ոգևորում է «Հայկազուն» համույթը՝ Գուսան Հայկազունի ղեկավարությամբ: Այնուհետեւ իրենց մարզամարտական հնարքները ցուցադրեցին Էջմիածնի պատանի երկրապահները, որոնց ուխտագնացության էր ճանապարհել քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ինչպես նաեւ ՀՀ թեյքվանդոյի ֆեդերացիայի մարտիկները, որոնք վերջերս են վերադարձել եվրոպական մրցումներից՝ երրորդ մրցանակային տեղով: Իր երգարվեստով մեծ ոգևորություն առաջացրեց երգչուհի Կարինե Մկրտչյանը. նրա կատարումներն ուղեկցվում էին ազատամարտիկների հախուռն պարերով: Ոտքի էին ելնում բոլորը… ազատամարտիկ-կանայք, որոնք պատերազմի տարիներին մեծ գործ կատարեցին՝ կանգնելով տղաների թիկունքին, կրակի տակից բազում վիրավորների փրկելով: Ռազմահայրենասիրական երգերի անզուգական կատարումներով ներկաներին գեղեցիկ պահեր է պարգևում նաեւ ՀՀ ՊՆ Սպայի տան «Զորական» համույթը:

Ուխտագնացության մասնակիցների շարքերում հանդիպում եմ մարտական ընկերներիս: Մասիսի ջոկատի ազատամարտիկ Միսաքը ժամանակին լավ հետախույզ էր: Կարևորում է ուխտագնացության դերը, որ մշտապես զգոն է պահում ժողովրդին: «Տիգրան Մեծ» ջոկատի մարտիկ Մարտին Սարգսյանը (ՈՒմուդ) Երևանից է՝ Ավանի ԵԿՄ տարածքային բաժանմունքի փոխնախագահ: Ունի 3 զավակ, 3 թոռ, կուրծքը զարդարված է մեդալներով:

-Այսօր էլ երկրապահը ապրում է Արցախի հոգսերով: Ազատագրել ենք, պետք է նաև տեր կանգնենք մեր հաղթանակին, որ արցախցին էլ զգա՝ Երկրապահը միշտ իր կողքին է, -ասաց ազատամարտիկը՝ մաղթելով, որ խաղաղություն լինի հայոց աշխարհում:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
ԵԿՄ Քաշաթաղի տարածքային բաժանմունքի
փոխնախագահ

Խորագիր՝ #36 (1003) 12.09.2013 – 18.09.2013, Բանակ և հասարակություն


12/09/2013