Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



Սիրիայի շուրջ ընթացող գործընթացների վերաբերյալ «Հայ զինվորի» հարցերին պատասխանում է թուրքագետ ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԸ

-Պարոն Չաքրյան, անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ խնդրել է Կոնգրեսին արտոնել ռազմական ուժի կիրառումը Սիրիայում: Կոնգրեսի խմբակցությունների ղեկավարները աջակցություն են հայտնել, ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Վերջին շրջանում միջազգային հանրության օրակարգում Սիրիայի դեմ ռազմական գործողությունների հարցն է: Երբ բոլորն սպասում էին, թե ուր որ է, Արեւմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, ռազմական գործողություններ կձեռնարկի: Նախագահ Բարաք Օբաման հանդես եկավ հայտարարությամբ՝ հարցը պետք է ներկայացվի Կոնգրեսի քննարկմանը: Այնուհետեւ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական կարծիք հայտնեց, իսկ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի նախագահներն էլ հույս հայտնեցին, թե նախագահի առաջարկը կանցնի: Հետո ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին իսկույն հանդես եկավ ելույթով, որի բնույթը հետեւյալն էր. եթե անգամ Կոնգրեսը հավանություն տա, ռազմական գործողությունների դիմելու հարցը կձգձգվի իննսուն օր: Եթե այս ամենը համադրենք` Օբամայի հայտարարությունները եւ մինչ այդ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին անհապաղ պատժելու Ջոն Քերիի ագրեսիվ ելույթները, քանի որ վերջինիս վարչակարգի իբրեւ թե օգտագործած քիմիական զենքը սեփական ժողովրդի սպանության պատճառ է դարձել, կստացվի՝ նախագահ Օբաման գնդակը գցել է Կոնգրեսի դաշտ այն հույսով, որ Կոնգրեսը կմերժի ռազմական միջամտություն արտոնելու հարցը, քանի որ ԱՄՆ ժողովրդի 75%-ը դեմ է ռազմական գործողություններ սկսելուն: Զգալով, որ իր հույսերը ի չիք են դառնում, այսինքն՝ Կոնգրեսը հավանություն է տալու, Ջոն Քերիին, մեղմ ասած, հուշել է ելույթ ունենալ եւ փրկել դրությունը: Բարաք Օբաման ասել էր, թե քիմիական զենքի օգտագործումն իրենց համար կլինի այն սահմանագիծը, որից հետո ստիպված կլինեն պատժիչ գործողություններ ձեռնարկել: Պատժելու համար պետք է դիմել ռազմական գործողությունների, եւ եթե ցամաքային գործողություններ չես ծավալում, ռեժիմը փոխել չես կարող, կարող ես թուլացնել` ռմբակոծելով ռազմական կարեւոր օբյեկտները: Այդուհանդերձ, ցամաքային գործողությունները բյուջեի վրա շատ ծանր կնստեն. Աֆղանստանի եւ Իրաքի փորձը ցույց տվեց, որ նման գործողությունները ԱՄՆ-ին որեւէ օգուտ չեն տվել, միմիայն ծանրաբեռնել են բյուջեն: Արդյունքն էլ նախապես կանխատեսել չի կարելի, մանավանդ այս դեպքում, երբ Ռուսաստանն ու Չինաստանը դեմ են ռազմական գործողություններին:

Նախ՝ նման գործողությունները համարվում են ապօրինի, քանի որ որեւէ ռազմական գործողություն պետք է իրականացվի կա՛մ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումով, կա՛մ էլ, ըստ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի՝ ինքնապաշտպանության նպատակով: Ասադի վարչակարգը, եթե անգամ սեփական քաղաքացիների նկատմամբ քիմիական զենք է օգտագործել, ապա դա ԱՄՆ ինքնապաշտպանության խնդիրը չէ: Հետեւաբար, ռազմական պատժիչ գործողություններ իրականացնելու հարկը չկա: Տարածաշրջանում ԱՄՆ-ի նկատմամբ հակակրանքը մեծ է, եւ նոր ռազմական գործողություններից հետո, եթե անգամ Վաշինգտոնի հարաբերությունները էլ ավելի չսրվեն տարածաշրջանի երկրների ղեկավարների հետ, ապա գոնե ժողովրդի հակակրանքը ԱՄՆ նկատմամբ կվերածվի կատարյալ ատելության: Մինչդեռ Օբաման գալով իշխանության խոստացել էր, որ ԱՄՆ-ն այլեւս չպետք է պատերազմների մեջ ներքաշվի, որ ինքը աշխատելու է թուլացնել տարածաշրջանի լարվածությունը, բայց իր խոստումը առայժմ չի կատարել:

-Պարոն Չաքրյան, արդյոք Սիրիայում Ասադի վարչակարգին վերագրվող քիմիական զենքի օգտագործման մեղադրանքներն ընդամենը պատրվակ չե՞ն՝ հարված հասցնելու:

-Մինչ օրս ՄԱԿ-ի տեսուչները չեն հայտարարել, թե քիմիական զենքը Ասադի վարչակարգն է օգտագործել: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը նշել է, որ տեսուչների խնդիրը ոչ թե օգտագործողին, այլ օգտագործման փաստը հայտնաբերելն է: Իրաքի դեպքերը հիշենք. նախքան ռազմական գործողությունների դիմելը Սադամ Հուսեյնի պալատներում քիմիական զենք էին փնտրում, ինչը միանգամայն անտրամաբանական էր: Դուք պատկերացնո՞ւմ եք` քիմիական զենքը պահեն պալատի նկուղներում: Սադամի վարչակարգի տապալումից տարիներ անց հերքվեց քիմիական զենք հայտնաբերելու փաստը, եւ մեղադրողները խոստովանեցին, որ «քիմիական զենքը» հակաիրաքյան երկրորդ պատերազմ սկսելու միմիայն պատրվակ է եղել: Ես խիստ կասկածում եմ, որ Ասադի վարչակարգն իր քաղաքացիների նկատմամբ քիմիական զենք օգտագործեր, դա կարող էին անել ընդդիմության վարձու մարդասպանները` «Ազատ Սիրիայի բանակի» եւ հատկապես՝ «Ալ-Քաիդայի» ենթակայությամբ գործող «Ան-Նուսրայի» մարդասպանները, որպեսզի ԱՄՆ եւ արեւմտյան երկրների համար ռազմական գործողություններ ձեռնարկելու նախադրյալներ ստեղծեն:

– Սիրիայում ռազմական միջամտության ԱՄՆ նախաձեռնությանը կողմ են Ավստրալիան, Կանադան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Սաուդյան Արաբիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան և Թուրքիան: Ո՞րն է այստեղ Թուրքիայի շահը:

-Թուրքիան ուզում է, որ ԱՄՆ-ն այնուամենայնիվ դիմի ցամաքային գործողությունների, որպեսզի թուրքական զորքերն էլ մասնակցություն ունենան, ինչի շնորհիվ, ինչ խոսք, Թուրքիան մի քանի հարց կլուծի. նախ՝ հայկական համայնքը եթե չոչնչացնի, ապա այնպես կանի, որ ցրվի: Թուրքիան ի սկզբանե ձգտել է, որ տարածաշրջանի հայկական համայնքները փոշիանան, քանի որ համայնքների ներկայացուցիչները Հայոց ցեղասպանության ժառանգներն են եւ պահանջատիրության գլխավոր հասցեատերերը: Երբ տարածաշրջանում որեւէ քաղաքացիական պատերազմ կամ հեղափոխություն է եղել, համայնքը միշտ փոշիացել է, նույն ճակատագիրն էլ պատերազմի դեպքում սիրիահայ համայնքին է սպառնում: Երկրորդ` պատերազմի միջոցով Թուրքիան մասամբ կլուծի քրդերի հարցը եւ թույլ չի տա, որ Հյուսիսային Իրաքի Քուրդիստանի շրջանի պես մի շրջան էլ Հյուսիսային Սիրիայում ձեւավորվի, եւ հիմնականը` եթե թուրքական զորքերը մասնակցեն, եւ ռազմական գործողությունների հետեւանքով Ասադի վարչակարգը տապալվի, Թուրքիան կամրապնդի դիրքերը տարածաշրջանում` իր ազդեցությունը տարածելով տարածաշրջանի մյուս երկրների վրա: Այսինքն` Սիրիան կդառնա հենակետ, որտեղից Թուրքիան իր ազդեցությունը կտարածի Մերձավոր եւ Միջին Արեւելքի վրա` բավարարելով տարածաշրջանային գերտերություն դառնալու իր հավակնությունները:

-Կարելի՞ է արդյոք ենթադրել, թե Թուրքիա-Մերձավոր Արեւելքի երկրներ հարաբերությունները դժվարին ժամանակներ կապրեն:

-Թուրքիան արդեն բավականին տուժել է Սիրիայի դեմ որդեգրած թշնամական դիրքորոշման պատճառով: Վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ու «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության նախաձեռնությամբ սկսել էր տարածաշրջանի երկրների հետ առեւտրատնտեսական հարաբերություններ զարգացնել, տարբեր ներդրումներ էր կատարում հատկապես Պարսից ծոցի երկրներում` Քուվեյթում, Քաթարում, ԱՄԷ-ում, Սաուդյան Արաբիայում, Եգիպտոսի հետ էլ ապրանքաշրջանառության ծավալները անհամեմատ մեծացել էին: Ապրանքափոխադրումները կատարվում էին Սիրիա-Լիբանան-Իսրայել-Եգիպտոս-Պարսից ծոցի երկրներ մեխանիզմով: Թուրքիայի հարաբերությունները Սիրիայի հետ թշնամացան, Սիրիան այլեւս չի թույլատրում, որ ապրանքները ցամաքային ուղով (բեռնատարներով) տեղափոխվեն, Իրաքի հետ էլ հարաբերությունները լավ չեն, Իրանի միջոցով էլ չէր կարող ապրանքափոխադրումներ կատարել, ուստի լաստանավերով բեռները տեղափոխվում էին Եգիպտոս եւ այնտեղից էլ տարբեր երկրներ: Եվ երբ տեղի ունեցավ Եգիպտոսի պաշտպանության նախարար, եգիպտական զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Աբդուլ Ֆաթթահ ալ Սիսիի հուլիսի 3-ի հեղաշրջումը, թուրքական լաստանավերը անգամ մոտիկ չթողեցին, ինչը հանգեցրեց տարածաշրջանի երկրների հետ առեւտրի ձախողմանը: Նաեւ Սիրիային սահմանակից նահանգների հետ սահմանային առեւտուրը դադարեց, Թուրքիան այստեղ էլ տնտեսական մեծ կորուստներ ունեցավ: Սիրիայի սահմանակից նահանգներում բախումներ եւս տեղի ունեցան, եւ պատահական կրակոցով 50-ից ավելի Թուրքիայի քաղաքացիներ սպանվեցին:

Եթե անգամ թուրքական զինված ուժերը մասնակցեն Սիրիայում ռազմական գործողություններին, միեւնույն է՝ ԱՄՆ որոշումների կայացման համատեքստում Թուրքիային դեր չի վերապահված, եթե ԱՄՆ-ը Եվրամիության երկրներին նման հնարավորություն չի տալիս, թուրքերին առավել եւս չի թողնի, որ վճռորոշ դեր խաղան տարածաշրջանում: Թուրքիայի հարաբերությունները լարված են նաեւ Իրանի հետ, քանի որ Իրանը դեմ էր թուրք-սիրիական սահմանին Patriot զենիթահրթիռային համալիրների տեղակայմանը եւ կտրուկ հայտարարություններ արեց այդ կապակցությամբ:

– Ձեր կարծիքով՝ սիրիական ճգնաժամը կվերածվի՞ լայնածավալ պատերազմի, եւ ո՞վ կարող է փոխարինել Բաշար Ասադին:

-Կարծում եմ` մոտակա 3-4 ամիսների ընթացքում պատերազմ չի լինի: ԱՄՆ-ը զորքերը դուրս բերեց Իրաքից, ապա՝ Աֆղանստանից: Երբ դու քո զորքերը տարածաշրջանի երկրներից դուրս ես բերում առանց որեւէ արդյունքի, երրորդ երկրի դեմ ռազմական գործողություններ սկսելը շատ ռիսկային է: Տեսեք` Եգիպտոսում հեղափոխություն եղավ, ցույց տվեցին` ժողովրդավարություն կա, այդ սկզբունքով առաջին ընտրությունները կազմակերպեցին, «Մահմեդական եղբայրներ» շարժման առաջնորդներից մեկը՝ Մուհամմեդ Մուրսին, ընտրվեց Եգիպտոսի նախագահ: Բանակը, որ տապալել էր Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին, այս անգամ էլ տապալեց Մուհամմեդ Մուրսիին: Այսինքն` կան երկրներ, որտեղ ժողովրդավարության զամբյուղն իջեցնելուց հետո, երբ վերջինս բացվում է, ժողովրդավարությունը իսկույն փոշիանում է: Պատճառն այն է, որ տասնյակ տարիներ բռնատիրական վարչակարգ է իշխել, հետեւաբար՝ ընդդիմություն չի կազմակերպվել: Իշխանության են գալիս «Մահմեդական եղբայրները»` իսլամ արմատական եւ կիսաահաբեկչական մի շարժում, որը չի կարող լրացնել ընդդիմադիր դաշտում առաջացած բացը: Նրանք եւս ձգտում են իշխանությունը կենտրոնացնել իրենց ձեռքերում, ընդ որում՝ «Եղբայրների» գործունեության շրջանակները Եգիպտոսով չեն սահմանափակվում, նրանք կոալիցիոն հիմունքներով իշխանության են եկել Եմենում, Հորդանանում, Ալժիրում, Թունիսում էլ են ազդեցիկ ուժ. չկա Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի արաբական մի երկիր, որտեղ նրանք ազդեցություն չունենան: Սիրիայում եւս նրանք կարող են առաջադրել իրենց թեկնածուին, հարց է առաջանում` այս դեպքում Սիրիայում ո՞վ պետք է հեղաշրջում կազմակերպի: Ուստի ներկա պահին որեւէ մեկին ձեռնտու չէ սկսել ռազմական գործողություններ, առավել եւս՝ տապալել Ասադի վարչակարգը: Դրությունը «կփրկեր» նպատակային մի քանի հարված. Օբաման կարդարացներ իր խոստումը` քիմիական զենք օգտագործելու համար պատժել Ասադին, Ասադի վարչակարգը կասեր, որ իրենց համառ դիմադրության շնորհիվ ԱՄՆ չհանդգնեց դիմել ռազմական գործողությունների, Իսրայելը բավարարված կլիներ, որ ռազմական գործողությունների չդիմելու շնորհիվ երկիրը հարձակման թիրախ չդարձավ Իրանի կամ Սիրիայի համար:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #36 (1003) 12.09.2013 – 18.09.2013, Ուշադրության կենտրոնում, Տարածաշրջան


12/09/2013