Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ «ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ» Է



Ադրբեջանական բանակը, կարելի է ասել, զինված ուժերի առանձնահատուկ մոդել է: Ինչո՞ւ հենց առանձնահատուկ, ու այդ ինչն է, որ նրան տարբերակում է մյուս զինված ուժերից, պատասխանը դժվար չէ գտնել: Ի տարբերություն այլ ռազմական համակարգերի, այս մեկը առանձնանում է միայն իրեն հատկանշական, ինքնաքայքայման պրոցեսով: Թերևս, դժվար է գտնել ևս մեկ բանակ, որը նման քայլերով դեպի անկում գնա: Ընդ որում` բանակը գտնվում է ադրբեջանական վարչակազմի ուշադրության կիզակետում, եւ պատահական չէ, որ Ալիևյան ռեժիմը նավթադոլարներով մշտապես սպառազինում է այս կառույցը: Այդուհանդերձ, սա այն դեպքն է, երբ նավթով դժվար զինվոր պահես, այդ մասին վկայում է ոչ միայն բանակում մահացության վիճակագրությունը, այլ նաև քաղաքացիական ընդվզումները: Եվ այսպես…

«ԲԱՆԱԿ-ԴԻԱՀԵՐՁԱՐԱՆ»

Այս բնորոշումը ադրբեջանական սոցիալական ցանց մտավ ընդամենը ամիսներ առաջ, երբ մարտի 10-ին Բաքվի Շատրվանների հրապարակում բողոքի ցույցի հավաքվեցին, ինչքան էլ զարմանալի է, տոտալիտար հասարակարգերին ոչ հատկանշական թվով մարդիկ` ավելի քան 3000 քաղաքացիներ, ովքեր բողոքում էին բանակում տիրող սպանդի դեմ: Սա ինքնին խոսուն, բայցև նվազեցված թիվ է: Ադրբեջանական սոցիալական ցանցերում հնչող տարբեր գնահատականներով` բողոքի ցույցին մասնակցում էին ավելի քան 5000 քաղաքացիներ: Հարկ ենք համարում շեշտել՝ բողոքի ցույցը ինքնաբուխ բնույթ էր կրում: Պատահական չէ, որ անգամ կազմակերպիչներին ադրբեջանական ռեժիմը դժվարությամբ հայտնաբերեց, այն էլ նրանցից մեկի ֆեյսբուքյան գրառման արդյունքում: Ալիևյան վարչակարգը նման պարագայում ցուցարարների հետ առավելագույնս դաժան է, ոստիկաններն անգամ քաշքշում են ու ծեծում մահացած զինվորների մայրերին, ինչի մասին վկայում են բազմաթիվ տեսանյութերը: Այդ օրերին «Turan» գործակալությունը փոխանցեց, որ մոտ 80 մարդ ձերբակալվել է: Ներկայումս այս բողոքի հոսքերից պատառներ են պոկում ադրբեջանական ընդդիմադիրները` ամեն մեկն իր շահերի համար:

Թե ինչու ենք ամիսներ առաջ տեղի ունեցած ու հայկական հանրության շրջանում լայն քննարկված այս թեման նորից ջրի երես հանում, պատճառը պարզ է` ամեն ինչ շղթայական սկզբունքով է գործում: Ասածն առավել պատկերավոր դարձնելու համար անցնենք վիճակագրությանն ու փորձագետների գնահատականներին:

ԽՈՍՈՒՆ ԹՎԵՐՆ ՈՒ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ

Դեռևս 2011թ.-ին մի հոդված էինք հրապարակել` «Ադրբեջանական բանակը «խեղդամահ» է լինում» վերտառությամբ: Այստեղ մանրամասն նկարագրել էինք ԱՀ ԶՈՒ-ին «խեղդամահ» անող` կործանող հանգամանքները, մասնավորապես՝ բռնաբարության զանգվածային դեպքերը, կոռուպցիան, զոհերի թիվը: Տարին դեռ չփակված` այդ թիվը հասնում էր 89-ի, այս մասին նշվում էր ադրբեջանական «Դոկտրինա» կենտրոնի հրապարակած զեկույցում: Տվյալ պարագայում պետք է հաշվի առնել նաև այն, որ այս կենտրոնը միակն է, որ ակտիվորեն բարձրաձայնում է ադրբեջանական բանակում սպանությունների մասին ու ակնհայտորեն իր վրա է կրում վարչակարգի ազդեցությունը, ուստի հաճախ ներկայացնում է նվազեցված վիճակագրություն, ինչպես ընտրություններից առաջ: Այդուհանդերձ, ինչքան էլ նվազեցնեն, անհնարին է թաքցնել այն, ինչը չափազանց ակնառու է:

Խեղդամահ լինելը դանդաղ գործընթաց է. ադրբեջանական բանակի «վիզը» փաթաթված լարը կամաց-կամաց ձգվում է՝ տանելով նրան կործանման: Արդեն 2011թ. ամփոփիչ զեկույցում «Դոկտրինա»-ն խոսեց 95 զոհի և 101 վիրավորի մասին, 2012-ի իրական թվերը, հասկանալի պատճառներով, դիմացը (ընտրություններ էին), «Դոկտրինա»-ն թաքցրեց` հայտարարելով 73 զոհի և 70 վիրավորի մասին: Անգամ այս պարագայում ադրբեջանական ֆորումներում քննարկվում էր, որ թիվը նվազեցված է, հաշվարկներն էլ վերաբերում են միայն առաջին կիսամյակին: Սոցիալական ցանցերում քննարկվում էին նաև հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումները` ադրբեջանցիների սադրանքով, որոնց արդյունքում զգալի թվով ադրբեջանցիներ սպանվեցին: Արդեն 2013թ. ադրբեջանական բանակում տիրող բարքերի մասին կրկին բարձրաձայնեցին փորձագետները` «Բանակում (ադրբեջանական – Գ.Թ.) չի գործում օրենքն ու կանոնադրությունը: Հրադադարի ռեժիմից հետո աննորմալ տեմպերով շատանում են մահացության դեպքերը»,- «Ազադլիգ»-ին ասել է Ադրբեջանի Ազգային խորհուրդ կուսակցության ղեկավար Ալի Քերմլին, որի նկատմամբ ադրբեջանական ռեժիմը ճնշումներ է սկսել, անգամ խոսվում է նրան ձերբակալելու մասին: Մեկ այլ փորձագետի կարծիք` «Դիրքերում զինծառայողները տեղափոխվում են պոնի հիշեցնող ձիերով»,- ռազմական փորձագետ Շահմուրադ Մամեդով, կամ էլ` «Ադրբեջանական բանակը դառնում է վտանգավոր երիտասարդների համար, որոնք պետք է զորակոչվեն: Մահվան դեպքերը աղաղակող են»,- «Թուրանին» հայտարարել է ռազմական փորձագետ Ազադ Իսազադեն:

ՇՂԹԱՅԱԿԱՆ ՌԵԱԿՑԻԱ…

Ինչպես նկատում ենք, ադրբեջանական բանակում տիրող խայտառակ վիճակի մասին գնահատականները բազմաթիվ են ու տարաբնույթ:

Այսուհանդերձ, անժխտելի է մի բան՝ որպես Ալիևյան տոտալիտար վարչակարգի հետեւանք, զինված ուժերի շարքերում աճող մահացության դեպքերն ու ոչ կանոնադրական հոռի բարքերը արդեն իսկ հանգեցրել են ժողովրդական հզոր ընդվզման եւ դեռ շարունակում են փողոց դուրս բերել հազարավոր մարդկանց, ինչի մասին վկայում են միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներն ու կառույցները: Ակնհայտ է նաեւ, որ ժողովրդական հուզումների, զանգվածային անհանդուրժողականության շղթայական ռեակցիան խոստանում է առավել կործանարար լինել այս երկրի համար…

ԳԵՎՈՐԳ ԹՈՍՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #37 (1004) 19.09.2013 – 25.09.2013, Տարածաշրջան


19/09/2013